Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնական

Հոկտեմբեր 06,2001 00:00

«ՀԱՂԹՈՂԱԿԱՆ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ Հիմնական փաստարկը կամ կարգախոսը, որով իրականացվեց 1998-ի պետական հեղաշրջումը, արտաքին քաղաքականությանը՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցն էր: Ըստ այդմ՝ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարողանում կամ չէր ուզում մեր ռազմական հաղթանակներին համարժեք արդյունքներ ստանալ դիվանագիտական ճակատում, եւ «պարտվողական» դիրքորոշում էր որդեգրել: Հասկանալի է, որ «հաղթողական» խոստումներով նրան փոխարինած Քոչարյանից այս հարցում ժողովուրդն սպասում էր հաղթական արդյունքներ: Չխոսենք 8000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Ղարաբաղի քոչարյանածին ծրագրի մասին: Չխոսենք հակամարտող երկրների ղեկավարների 18 անգամ կայացած անպտուղ առանձնազրույցների մասին: Չխոսենք այն մասին, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Հայաստանը որակեց ագրեսոր երկիր: Չխոսենք այն մասին, որ Ստամբուլի խարտիան ստորագրելով, Քոչարյանը արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անվերադարձ թաղել ոչ միայն 8000 քառ.կմ, այլեւ նախկին մարզի սահմաններով Ղարաբաղի անկախության գաղափարը: Այժմ նա արդեն բոլորովին այլ բան է ասում. «Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը չի կարող վիճարկման առարկա դառնալ»: Փաստակա՛ն անկախությունը, ոչ թե իրավական: Իսկ 1997-ի վերջում ա՞յլ բան էր ասվում, թե՞ ավելի անհասկանալի էր ասվում: Ո՛չ, այլ բան չէր ասվում, նաեւ ներկայացվում էին դրա մեխանիզմները: Պարզապես այն ժամանակ դրա հետ միասին, որպես բանակցային նյութ, ո՛չ Լաչինի միջանցքին համարժեք Մեղրու միջանցքի մասին էր խոսվում, ո՛չ Լաչինի միջանցքի փոխարեն Քյալբաջարով միջանցքի մասին էր խոսվում, ո՛չ Շուշին եւ հարակից գյուղերը Բաքվի անմիջական ենթակայության տակ անցնելու, ո՛չ էլ Վարդենիսում ադրբեջանական ինքնավարություն ստեղծելու: Այսօր դրանք Մեղրիից հետո բանակցությունների սեղանին բարձրանալու հերթին սպասող կամ արդեն բարձրացած խնդիրներ են: Բայց կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունենում իրականում, կարեւորն այն է, թե ինչպես են աշխատում քոչարյանամետ քարոզչամիջոցները եւ ինչ հաջողությամբ են իրականացնում քարոզչական խրախճանքը, ինչի համար եւ մեդալներ են ստանում: Պատահական չէ, որ նրանց հետ միասին նույն մեդալն է ստանում նաեւ արտգործնախարար Վ. Օսկանյանը: Բայց նախ «կոշտ», «կոմպլեմենտար» եւ «հաղթողական» արտաքին քաղաքականության հերթական «հաջողության» մասին: Եվրոպան փաստորեն վերջնագիր է ներկայացնում ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռ. Ջոնսթոնը վերջերս Հայաստան էր այցելել: Նա մինչ այդ ԵԽ-ի անունից ստորագրել էր մի փաստաթուղթ, որով դատապարտում եւ անթույլատրելի էր համարում ԼՂ-ում տեղական ընտրությունների անցկացումը, դա համարելով բանակցային գործընթացին խոչընդոտող: Այստեղ նա սուր քննադատության արժանացավ: Նրան ավելի մատչելի՞ բացատրեցին հարցի նրբությունը, «կոշտ» դիրքորոշո՞ւմ ցուցաբերեցին, «կոմպլեմենտար» մոտեցո՞ւմ դրսեւորեցին, թե՞ այլ մի բան, բայց հասան «հաղթանակի». Ջոնսթոնը «խոստովանեց», որ ինքը սխալվել է հիշյալ փաստաթուղթը ստորագրելով, եւ հիմա բոլորովին հակառակ կարծիքին է: Քոչարյանական քարոզչամիջոցները դեռ չէին հասցրել մի կարգին տոնել հերթական «հաղթանակը» ողջ Եվրոպայի դեմ, երբ նույն լորդը հասավ Բաքու եւ կրկնեց նույնը, ինչի տակ ստորագրել էր Ստրասբուրգում: Սկսեցին մեղադրել նրան անսկզբունքայնության, երկերեսանիության մեջ: Ոչ մեկը չհիշեց, որ այստեղ նա իմիջիայլոց, մի կեսբերան էլ ասել էր. «Ես հասկացա, որ այստեղ ինձ չհասկացան» սպանիչ խոսքը: Քիչ անց ստացվեց եւս մի փաստաթուղթ (թվագրված 13.09.01), այս անգամ արդեն Եվրոպական Միության նախագահության անունից: Դրա մասին իշխանական շրջանները եւ քարոզչամիջոցները ծպտուն չհանեցին: Ահա այն ամբողջությամբ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ Եվրոպական Միության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրոպական Միությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ հիշեցնում, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվրոպական Միությունը միշտ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդունելի, կայուն քաղաքական համաձայնության հաստատման անհրաժեշտությունը: Տեղական մարմինների ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2001թ. սեպտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղում, չեն կարող համարվել օրինական Եվրոպական Միության կողմից: Այդ ընտրությունները չեն նպաստում ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերոհիշյալ համաձայնությանը հասնելու նպատակով ներդրված ներկա ջանքերին: Սա փաստորեն ԵՄ-ի մեջ մտնող բոլոր եվրոպական երկրների պաշտոնական դիրքորոշումն է: «Հաղթողականների» պատասխանը Մամուլում չհրապարակվեց նաեւ սույն փաստաթղթին ՀՀ արտգործնախարարության տված պատասխանը: Այն, խոստովանենք, նույնքան եւ ավելի «կոշտ» է՝ հաղթողին վայել: Հիմնական դրույթները հետեւյալն են. – «Հայաստանը զարմացած է ԼՂ ընտրությունների վերաբերյալ ԵՄ-ի հայտարարության առնչությամբ»: Այն համարում է «չհիմնավորված»: – Ավելին՝ «մենք կարծում ենք», որ Ղարաբաղի ընտրությունները «ընդհակառակը՝ ամրապնդում են գործընթացը, քանի որ միայն պատշաճ ընտրված պաշտոնատարները կարող են արդյունավետ ներկայացնել իրենց ժողովրդին եւ բանակցել նրա անունից»: – Եվրոպական Միությունը շփոթում է Ադրբեջանի ներկա սահմանները (Ադրբ. ԽՍՀ) նրա պատմական սահմանների հետ (որով նա մտավ ԽՍՀՄ կազմի մեջ): 1920-ականներին վերաբերող պատմական եւ իրավական մի քանի փաստարկներ բերելուց հետո՝ «ավելի պարզ» ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»: Ապա հավաստվում է Հայաստանի «հանձնառությունը» եւ Լեռնային Ղարաբաղի «վճռականությունը»: Մենք մերն ասացինք, հերթը Եվրոպայինն է: Եվրոպան էլ, ահա ազդված Քոչարյանի եւ Օսկանյանի «հանձնառությունից», Ղարաբաղի «վճռականությունից», իսկ ամենակարեւորը՝ տեղեկանալով «մեր պատասխանում» բերված պատմական եւ իրավական հիմնավորումներին, անհարմար դրության մեջ է ընկել: Եվրոպային անհարմար վիճակից հանում, իսկ Հայաստանին էլ նոր հաղթանակ տոնելու հնարավորություն է տալիս ԵԽ-ի նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակ Հաջիեւան: Փրկարար Հաջիեւան Եվ ահա մի քանի օր առաջ իշխանական լրատվամիջոցները ցնծության մեջ էին. ՀՀ ԱԳՆ-ից հաղորդագրություն է ստացվել՝ «Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը» սենսացիոն վերնագրով: Ընդարձակ հարցազրույց է տալիս Վ. Օսկանյանը. ԵԽ-ի «աննախադեպ» մի փաստաթղթի մասին՝ ընդունված սեպտեմբերի 19-ին: Հիշյալ փաստաթուղթը, սակայն, չի հրապարակվում: Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել: Հիշյալ Հաջիեւան, ելնելով ԵԽ-ի՝ մայիսին ընդունած մի որոշումից, հարցապնդում էր արել՝ պահանջելով, որ ԵԽ-ը ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրան տրված պաշտոնական պատասխանն է, որ այդպես ցնծության մեջ էր դրել Օսկանյանին՝ այն համարելով աննախադեպ հաղթանակ: Ասենք միայն, որ նույնպիսի ցնծությամբ նույն փաստաթղթի առիթով իրենց հաղթանակն են տոնում ադրբեջանցիները: Հաստատ երկուսից մեկն իրավունք ունի: Հիշյալ փաստաթուղթը մենք չենք հրապարակի: Թող այն ամբողջությամբ հրապարակեն իշխանական լրատվամիջոցները եւ ցույց տան իրենց բարձրացրած ցնծության հիմքը: Իրեն չհարգելու գնով, կամ փաստաթուղթն ամբողջության մեջ հասկանալ դժվարանալով, լրագրողը կարող է դրանից իրեն անհրաժեշտ մի միտք առանձնացնել, եւ դրա վրա սենսացիոն վերնագրով շռնդալից հոդված սարքել: Բայց որ նույն մակարդակին է իջնում եւ նույն հնարքին է դիմում հանրապետության ԱԳ նախարարը, ամոթ է նույն այդ պետության համար: Ուրեմն, եթե նոր բան կա ԼՂ-ի հարցում Եվրոպայի դիրքորոշման մեջ, ապա, ցավոք, դա նրա դիրքի շեշտակի կոշտացումն է՝ ի դեմս ԵԽ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵՄ ընդունած իրոք աննախադեպ հայտարարությունների: Հատուկ՝ Վ. Օսկանյանի զարմանքը փարատելու համար Նախ ԵՄ հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ի տված պատասխանին ավելացնենք նաեւ վերոհիշյալ հարցազրույցում Օսկանյանի հետեւյալ մտքերը: Նա զարմանում է Եվրոպայի այսօրվա դիրքորոշման վրա, քանի որ՝ – 1995-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում տեղական ընտրություններ: Ավելին, դեռեւս 1992թ. Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ փաստաթղթերում հստակորեն նշված է, որ ոչ միայն Ղարաբաղն է բանակցությունների կողմ, այլեւ նրա ընտրովի իշխանությունները պետք է լինեն նրա ներկայացուցիչները: – Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կանգ են առել, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվում է փարիզյան հանձնառություններից եւ պատերազմական ու ռազմատենչ հայտարարություններ է անում. «նրանք որեւէ մտադրություն չունեն ճանաչելու ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը»: Փորձենք ցրել նախարարի զարմանքն ու տարակուսանքը. ա) Լեռնային Ղարաբաղը հակամարտության եւ բանակցությունների կողմ ճանաչվեց ՀՀ արտաքին քաղաքական բոլորովին այլ դոկտրինայի պայմաններում եւ այդ հիմքի վրա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործադրած արտաքին քաղաքական համառ ջանքերի շնորհիվ: Նրանից հետո այդ դոկտրինան արմատապես փոխվեց՝ արտաքին քաղաքականությունը խարսխվեց Հայ դատի գաղափարախոսության եւ դրանից բխող պահանջատիրության վրա: Վերջինիս թելադրանքով եւ Քոչարյանի գործնական ջանքերով ԼՂ-ը դադարեց հակամարտության եւ բանակցությունների կողմ լինել եւ վերածվեց վիճելի տարածքի խնդրի: Դրանից էլ ելնելով Եվրոպան փոխեց իր վերաբերմունքը տարբեր հարցերի, այդ թվում նաեւ այստեղ կատարվող ընտրությունների նկատմամբ: բ) Եթե ԵԽ-ն եւ ԵՄ-ն «շփոթում» են Ադրբեջանի 1920-ական եւ հետագա տասնամյակների սահմանները եւ չգիտեն, որ «Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում», ապա դրա համար պատասխանատու է առաջին հերթին ՀՀ ԱԳՆ-ն: Մի՞թե չէր կարող ժամանակին նրանց մի պատմական տեղեկանք ուղարկել (թեկուզ այն, որ հրապարակվեց 1988-ին): Բայց նրանք կարծես թե ոչինչ էլ չեն շփոթում, այդ ՀՀ ԱԳՆ-ն է 2001թ-ին վերադառնում 1988-ի մեր փաստարկներին (ԽՍՀՄ պայմաններում դրանք կարող էին աշխատել): գ) Չգիտենք, թե Փարիզում ինչ է «հանձն առել» Ադրբեջանը: Չեք ասել: Բայց եթե այսօր դրանից եւ շատ այլ բաներից հանգիստ հրաժարվում է, պետք չէ նրան մեղադրել «դաղալության» մեջ: Այդպես անում են կենցաղում: Ուրեմն՝ այս ընթացքում նա ստեղծել է այդ անել կարողանալու համար անհրաժեշտ հիմքեր: Ձեզ պետք է մեղադրել, որ դրան ոչինչ չունեք հակադրելու եւ ստիպելու, որ նա շարունակի բանակցությունները: Այդպես են վարվում քաղաքականության մեջ: դ) Որ չկարգավորված հակամարտությունը ինչ-որ պահի պետք է հանգեցնի պատերազմական շարունակության՝ կանխատեսվում էր դեռ 1997-ի վերջում հանրապետության առաջին նախագահի կողմից (այն ժամանակ դուք նրա հետ համամիտ էիք): Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում: Ինչո՞ւ նա այդ հայտարարությունները 1997-ին չէր անում: Ուրեմն այս ընթացքում նա դրա համար ստեղծել է անհրաժեշտ տնտեսական, քաղաքական, ռազմական հիմքեր: Կամ, որ միեւնույն է, այդ հիմքերը մեզ մոտ փլուզվել են: Այսինքն՝ փոխվել է ուժերի հարաբերակցությունը՝ դարձյալ այն՝ ինչ կանխատեսվում էր 1997-ին (եւ դուք դրան չէիք առարկում): ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Իրեն եւ շախմատը հարգող անգամ սկսնակ շախմատիստը երբեք չի խաղում մինչեւ վերջին քայլը, երբ պարտությունը անխուսափելի է: Ոմանք էլ համառում են մինչեւ վերջ՝ հույս ունենալով, թե այդ ընթացքում կատուն կարող է ցատկել խաղատախտակի վրա եւ ցրել խաղաքարերը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել