Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Հոկտեմբեր 06,2001 00:00

Թափանցիկից դեպի ավելի թափանցիկ Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամենադեմոկրատ մարմինն է։ ՌԴ ԿԸՀ-ի եւ ՀՀ ԿԸՀ-ի միջեւ կնքվեց համաձայնագիր։ Արարողությանը ներկա լինելու պատիվը տրվել էր երեք հեռուստաընկերության եւ երկու օրաթերթի՝ «Առավոտին» եւ «Հայկական ժամանակին»։ ԿԸՀ-ն այս քայլով փաստեց, որ լրատվամիջոցներին չի կարելի բաժանել «մերոնց» եւ «ձերոնց», եւ ճիշտն ամենքի հետ նորմալ աշխատելն է։ Ենթադրվում է, որ երրորդը պետք է իշխանամետ լիներ կամ, ինչպես հաճո է ոմանց՝ պետական (գուցե նաեւ՝ հանրային), բայց, ճակատագրի հեգնանքով հենց այս վերջին տեսակետը երեկ բացակա էր։ Ինչեւէ. մեր ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը եւ ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Վիշնյակովը ստորագրեցին համագործակցության համաձայնագիրը։ Արարողությանը ներկա հայ եւ ռուս հանձնաժողովականները մի թեթեւ ծափահարեցին, հետո տեղի ունեցավ կարճ մամլո ասուլիս։ Պրն Սահրադյանի վկայությամբ, երկու երկրների ԿԸՀ-ների համագործակցությունից կշահենք ե՛ մենք, ե՛ւ ռուսները։ «Առավոտի» հարցին՝ կոնկրետ ի՞նչ ենք մենք ակնկալում ռուսներից, արդյոք, դա լինելո՞ւ է լուրջ տնտեսական աջակցություն, ընդհուպ մեր ԿԸՀ-ի վերազինումը, եւ հետո՝ արդյոք, ռուս բարեկամները ցանկությո՞ւն են հայտնել մասնակցել մեր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, պրն Սահրադյանը պատասխանեց, որ «հարցը աջակցության այս կամ այն ճյուղի վրա» դնելը «մի փոքր էտիկետի հարգանք չի լինի»։ Մեր հերթին զարմանանք՝ ինչո՞ւ չի կարելի հարցը դնել «այս կամ այն ճյուղի վրա», ուրիշ ինչի՞ վրա դրվի հարցը։ Ո՞ր օրվա համար են բարեկամները՝ միայն բարոյակա՞ն աջակցության։ Ավելի ուշ մութ կետերը լուսավորվեցին եւ պարզվեց, որ «Առավոտը» բոլորովին չէր սխալվել։ Պրն Սահրադյանն ինքն էլ խոստովանեց, որ «տեխնիկական աջակցության խնդիրներում, բնականաբար, Հայաստանն իր հնարավորությունների, ՌԴ ԿԸՀ-ն՝ իր հնարավորությունների սահմաններում կաջակցեն միմյանց, որպեսզի, այո, նաեւ տեխնիկական զինվածության հարցում կարողանանք հասնել այն մակարդակին, որն ընդունելի է»։ Արտակ Սահրադյանը համեստություն էր անում թերեւս եւ անընդհատ շեշտում էր, թե «այն ակնկալիքը չէ, որ համագործակցության դաշտում պետք է դա ակնկալենք», բայց եւ գաղտնիք չէ, «որ երկուստեք շահագրգիռ ենք այդ մոտեցմամբ»։ ՌԴ ԿԸՀ նախագահ Ա. Վիշնյակովը եւս որոշեց պատասխանել «Առավոտի» հարցին, ասելով, որ ուզում է կոնկրետացնել, թե հանուն ինչի են ստորագրում համաձայնագիրը։ Ըստ պրն Վիշնյակովի, Հայաստանի ԿԸՀ-ն եւ Ռուսաստանն արդեն մի շարք ծրագրեր համատեղ իրականացրել են եւ դա հույս է ներշնչում, որ համագործակցությունը կշարունակվի եւ կընդարձակվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ծանոթներիցս մեկն, իմանալով, որ երկու երկրների ԿԸՀ-ները համատեղ փաստաթուղթ են ստորագրել, փորձեց կատակել՝ ի՛նչ է, ուզում են համատե՞ղ կեղծել ընտրությունների արդյունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել