Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սադանայական» գործարքներ

Հոկտեմբեր 06,2001 00:00

«Սադանայական» գործարքներ Հետեւելով վերջերս ձեւավորված ավանդույթին, որոշ «քաղաքական գործիչներ» կամ դրանց թեկնածուներ, «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությանը զուգընթաց, ինչ-ինչ ուժերի եւ անձանց ծառայություններ մատուցելու մոլուցքով տարված հրահրում են զինվորասպան դատապարտյալների ծնողներին ու հարազատներին, ստորագրահավաքներ ու բողոքների հոսք կազմակերպում ՀՀ զինվորական դատախազի դեմ, անհիմն պահանջում նրա հրաժարականը, թաքուն հույս փայփայելով, որ զինվորական դատախազին կհանեն հավասարակշռությունից, կդրդեն անխոհեմ քայլերի եւ այնուհետեւ դրանք կօգտագործեն ներքաղաքական իրադրությունը լարելու նպատակով։ Վերջին փորձը Մուշեղ Սաղաթելյանի հոկտեմբերի 3-ի պարագան էր։ «Հոկտեմբերի 27»-ի գործով իր կողմից կատարած բանսարկությունների պատասխանատվությունը ջանում է դնել մեր վրա։ Ինչ վերաբերում է Սաղաթելյանի վկայակոչած խոստովանական երդմանը, ապա դրանում օգտագործված բառերն իսպառ բացակայում են իմ բառապաշարից։ Ճիշտ է, ՀՀ քրդատօրի 86 հոդվածը նախատեսում է ձեռնադրված հոգեւորական-խոստովանահոր ինստիտուտը, բայց ո՛չ զինվորական դատախազն էր վկա, ո՛չ էլ առավել եւս Մ. Սաղաթելյանը՝ այն վանահայրը, ում պետք է խոստովանեի։ Սաղաթելյանը պնդում է, որ քրեական գործում եւ մեկուսարանում գտնվող օպերատիվ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը տարբեր բովանդակության են։ Նախաքննական մարմինը դրանք ստացել է օպերատիվ-հետախուզական մարմիններից, քննչական մեկուսարաններից, եւ, եթե այդ փաստաթղթերի մեջ ինչ-ինչ տարբերություններ կան, ապա դրանց համար պատասխանատվություն է կրում Մ. Սաղաթելյանը եւ նրա կողմից ղեկավարած քննչական մեկուսարանի պատասխանատուները, բայց ոչ երբեք ՀՀ զինվորական դատախազը։ Ոչ վաղ անցյալում ՀՀ զինվորական դատախազին «մեղադրում էին», որ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում հաշվետու է եղել որոշ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների, հիմա էլ «պարզվում է», որ նույն ժամանակահատվածում գործի քննության ընթացքը մանրամասն զեկուցվել է ՀՀ նախագահին։ Ես շարունակելու եմ իմ աշխատանքի ընթացքում հետապնդել միայն օրենքի շահը եւ հաշվետու լինել միայն օրենքի առջեւ։ Գ. Վ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական Զինդատախազ Գ.Ջհանգիրյանը, թերեւս, մոռացել է, որ ժամանակին ինքն էր գնում իր վկայակոչած «քաղաքական գործիչների կամ դրանց թեկնածուների» դուռը՝ այնպես, ինչպես կգնար, ասենք, «վանահոր» մոտ խոստովանության՝ թեթեւացնելու «27»-ի մասին իր ունեցած տեղեկությունների բեռը: Այլ է, եթե պարոն Ջհանգիրյանն այսօր իբրեւ «խոստովանահայր» ճանաչում է միայն Ռ.Քոչարյանին: Միեւնույն ժամանակ, հարկ է հիշեցնել զինդատախազին, որ Մ.Սաղաթելյանը հնեց նրան էր մեղադրում ՆԳՆ գործակալների հետ առանձնազրույցներ ունենալու եւ վերջիններիս տված օպերատիվ տեղեկությունները «սրբագրելու» մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել