Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա փորձեցինք պարզել Գլխավոր դատախազության Քննչական վարչության

Հոկտեմբեր 06,2001 00:00

Դատախազությունը նախաքննության նյութե՞ր է մատակարարում «Հայոց աշխարհին» Սա փորձեցինք պարզել Գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ զրույցի ընթացքում։ – Անցած երկուշաբթի ես հրավիրվել էի Գլխավոր դատախազություն՝ հատկապես կարեւոր գործերի քննիչ Հակոբ Բաբայանի մոտ հարցաքննության, ինչպես հետո պարզվեց՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով։ Իմ ներկայացրած բացատրության (մի հավելագրումով) բովանդակությունը հոկտեմբերի 5-ին հրապարակվել է «Հայոց աշխարհ» օրաթերթում։ Ինչպե՞ս կարող էր դա լինել, ո՞վ է Գլխավոր դատախազությունից «Հայոց աշխարհին» հայտնել իմ բացատրության մասին։ – Մենք ինքներս ենք զարմանում ե՛ւ «Առավոտում», ե՛ւ «Հայկական ժամանակում», ե՛ւ «Հայոց աշխարհում», ե՛ւ ընդհանրապես… Մենք չենք տվել այդպիսի տեղեկատվություն։ – «Առավոտում» եւ «Հայկական ժամանակում» տպագրվում են այնպիսի գործերից ցուցմունքներ, որոնց նախաքննությունն արդեն ավարտվել է։ Մուշեղ Սաղաթելյանի գործով նախաքննությունը կարծես նոր է սկսվել, եւ արդեն իսկ գործի նյութերը հրապարակվո՞ւմ են։ – Եթե այսօրվա հրապարակման մասին է խոսքը՝ դա մենք ենք տվել։ Այնտեղ գրված է՝ լրատվական բաժին։ – Խոսքն այդ հրապարակման մասին չէ, այլ իմ ցուցմունքի բովանդակությունը պարունակող մեկ այլ հրապարակման։ Գլխավոր դատախազությունը «Հայոց աշխարհին» նյութե՞ր է մատակարարում։ – Մենք… Ե՛ս, խոսքն ինձ է վերաբերում։ Ես այդպիսի բան չեմ տվել։ Եթե քննիչը տված լիներ՝ էլի, ուրեմն, ես եմ։ Գլխավոր դատախազն էլ չի տվել։ – Իսկ որտեղի՞ց են տեղեկացել։ – Չեմ կարող ասել։ Միգուցե Դո՞ւք եք ինչ-որ մեկին պատմել, ասել Ձեր բացատրության մասին։ Շատ ինֆորմացիաներ կան այդպիսի, որ մեզ էլ են ջղայնացնում։ – Ես իմ ցուցմունքի բովանդակության մանրամասները որեւէ մեկին չեմ պատմել։ Արտահոսքը կարող էր լինել միայն Գլխավոր դատախազությունից։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկ դարձյալ ծանուցագիր ստացա ՀԿԳ քննիչ Հ. Բաբայանից։ Իսկ գուցե այս անգամ յոլա գնանք առանց միջնորդների՞ եւ հարցաքննության փոխարեն ուղղակի պատասխանեմ որեւէ իշխանամետ լրատվամիջոցի՞ հարցերին։ Մանավանդ որ, նրանք ավելի լավ գիտեն՝ է՞լ ում եւ ե՞րբ են կանչելու հարցաքննության, առերեսման ժամանակ ո՞ր ասածն է ճիշտ կամ սխալ։ Իսկ եթե լուրջ՝ անիմաստ է նման մեթոդներով աշխատող եւ քաղաքական խաղերում դարձյալ լծակ մնացող դատախազությանը ցուցմունք տալը։ Հետեւաբար՝ մտադիր եմ հրաժարվել հարցաքննությունից։ Ցուցմունք կտամ միայն դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել