Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 06,2001 00:00

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱԶԱՏԸ «ՍԵՌԻԻ» ՀԵՏ Երեկ վերաքննիչ դատարանը (նախագահությամբ՝ Սերժիկ Ավետիսյանի, Հենրիկ Տեր-Ադամյանի, Գրիշա Մելիք-Սարգսյանի), ուժի մեջ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի որոշումը՝ Ազատ Արշակյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ։ Մինչ դատարանը խորհրդակցական սենյակում էր՝ լրագրողները զրուցեցին Գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, որը՝ որպես գործով մասնակցող դատախազ, պաշտպանում է մեղադրանքը։ Իսկ դատավճռից հետո իր մեկնաբանությունները ներկայացրեց Ազատ Արշակյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը։ Անդրանիկ Միրզոյան – Նման լուրեր կան, որ վերջին շրջանում Ազատ Արշակյանի հետ քննչական գործողություններ չեն կատարվում, նա չի հարցաքննվում եւ այլն։ Այդպե՞ս է։ – Գործո՛վ են կատարվում քննչական գործողություններ։ Պարտադիր չէ, որ անպայման կալանավորի հետ կատարվեն քննչական գործողությունները։ Փորձաքննություններ են կատարվել, քրեական գործեր են բերվել, ուսումնասիրվել։ – Դուք պարտադի՞ր եք համարում այս գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ Ինչպե՞ս կհիմնավորեք դրա անհրաժեշտությունը։ – Մեր հիմնավորումները ներկայացրել ենք 1-ին ատյանի դատարանին, որը եւ ընտրել է խափանման միջոց՝ կալանքը։ Մեր միջնորդության մեջ նշել ենք, որ այդ հանցագործությունը հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։ Հաշվի է առնվել դրա բնույթը։ – Մտավախություն ունեք, որ եթե խափանման միջոցը փոխվի, ապա Ազատ Արշակյանը կխուսափի՞ քննությունից։ Ինչի՞ վրա է հիմնված Ձեր մտավախությունը, որ նա կխոչընդոտի նախաքննությանը։ – Ինքը գիտի, թե զենքերից որը որտեղ է օգտագործվել։ Իսկ մենք արդեն տվյալներ ունենք, որ այդ զենքերն օգտագործվել են ինչ-որ տեղեր (քիչ անց պարզ դարձավ, որ խոսքը 1990-ին՝ «Սեռի» մականունով «հեղինակության» գործի՝ բանդիտիզմի մասին է։ Գորվետկայում հայտնաբերված ինքնաձիգից են արձակվել 11 տարի առաջ հայտնաբերված պարկուճները.- Ա. Ի.)։ Ստուգումից հետո մենք արդեն խնդիր չենք ունենա նրա հետ։ Չհիմնավորվի՝ նրա խափանման միջոցի հարցն էլ կլուծվի արդեն մեր իսկ կողմից։ – Բազմաթիվ պատգամավորներ եւ մտավորականներ են միջնորդել Ազատ Արշակյանի խափանման միջոցը փոխելու համար, առաջարկել հաշվի առնել նրա անձը բնութագրող հատկանիշները, որ նա չի խոչընդոտի։ Նախաքննական մարմնի համար այս փաստարկները հիմնավո՞ր չեն։ – Այն, ինչ որ ներկայացվեց դատարանում՝ մեզ չի ներկայացվել։ Դա դատարանի խնդիրն է՝ ինչպես կորոշի։ Դատարանը կարող է հաշվի առնել ներկայացված բոլոր փաստաթղթերը պատժի, ինչու չէ, նաեւ խափանման միջոց կիրառման հարցում։ – Մտավախություն կա, որ զուգահեռ ինչ-որ սցենար կարող է գծվել, որի մեջ կտեղավորվի Ազատ Արշակյանի գործը։ – Սադրիչ հարցեր մի տվեք։ Այդպիսի «գիծ», ինչպես ասում եք, չկա եւ չի կարող լինել։ – Նախագահի մամուլի խոսնակի ենթադրությամբ, ակնհայտորեն հնարավոր էր այդ զինամթերքով իրականացնել ահաբեկչական գործողություններ։ Նախաքննական մարմինն իր տրամադրության տակ ունի՞ այնպիսի տվյալներ, որոնք հիմք կտային կասկածել, թե այդ զենքերը նախատեսված էին ահաբեկչության համար։ – Ոչ։ Այսօր այդպիսի տվյալներ չունենք։ Չգիտեմ, հետագա քննությունն ինչ կտա մեզ։ – Որեւէ կապ կա՞ հայտնաբերված այս զինամթերքի եւ Գագիկ Պողոսյանի սպանության միջեւ։ – Մենք այդպիսի տվյալներ չունենք։ Ի սեր Աստծո, նման բան չենք ասել եւ չենք ասում։ Ռոբերտ Գրիգորյան – Խափանման միջոցն անփոփոխ թողնելու ի՞նչ հիմնավորումներ ներկայացվեցին։ – Մնում եմ նույն կարծիքին, որ հիմնավորումները բացառապես բխում են զենքի քանակից, ենթադրվող վարկածներով քննության իբր անաչառությունն ապահովելու անհրաժեշտությունից եւ ոչ թե անձի կամ նրա կատարածի վտանգավորության շարժառիթներից։ Բայց գործի շահերը, ինձ թվում է, երբեք չի կարելի գերադասել անձի, քաղաքացու շահերից եւ իրավունքներից։ – Դատարանն անդրադարձա՞վ Ազատ Արշակյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով բազմաթիվ միջնորդություններին։ – Դատարանը դրանց բոլորին անդրադարձավ եւ գտավ, որ այդ միջնորդություններն այս պարագայում, այս պահին բավարարման ենթակա չեն։ Նկատի առնվեց կատարվելիք քննչական գործողությունների ծավալն ու նաեւ այն մտավախությունը, թե Ազատ Արշակյանին կալանքից ազատելու դեպքում նա կարող է խոչընդոտել կատարվելիք գործողությունների անաչառությանը եւ լրիվությանը, կատարել կեղծիքներ (թե ինչպիսի՝ չգիտեմ), թաքցնել նյութեր եւ այլն։ – Իսկ 1-ին ատյանի դատարանից մինչեւ վերաքննիչ՝ նախաքննական մարմնի հիմնավորումների մեջ նոր հանգամանքներ ավելացե՞լ են։ – Նշվեց, որ եզրակացությամբ տրվել է այնպիսի հետեւություն, թե հնարավոր է մի քանի չբացահայտված գործերի բացահայտումը, որոնք դարձյալ քննություն են պահանջում։ Ես դա հասկանում եմ, բայց դա անմիջապես չի կարող կապվել Ազատ Արշակյանի անձի հետ։ – Բացի «Սեռիի» գործից այլ գործե՞ր էլ կան։ – Ոչ, այդ մեկն է։ Բայց նրանք հայտարարեցին, թե հնարավոր է լինեն նաեւ այլ գործեր։ Քանի որ այնտեղ կան դատարկ, այսինքն՝ օգտագործված պարկուճներ, ուզում են իմանալ, թե հետախուզվող զենքերից որեւէ մեկի հատկանիշներին դրանք համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։ Ինչ-որ կասեցված գործեր կարող են բացահայտվել կամ չբացահայտվել՝ դա չի նշանակում, որ այդ բոլորը կապված են Ազատ Արշակյանի հետ։ Այդպիսի ապացույցներ այժմ էլ չներկայացվեց դատարանին։ – Ճի՞շտ է, որ Ազատ Արշակյանը չի հարցաքննվում։ – Այո, մեղադրանք առաջադրելուց հետո՝ սեպտեմբերի 20-ից հետո, նա չի հարցաքննվել։ – Այդ դեպքում ի՞նչ տվյալների վրա է հիմնված մեղադրող կողմի համոզմունքը, որ Ազատ Արշակյանը գիտի զենքերի օգտագործման մանրամասները։ – Այդպիսի բան չեն կարող պնդել, քանի որ Ազատ Արշակյանն այդ մասին չգիտի եւ նրանց չէր կարող հակառակն ասել։ Ավելի ստույգ, նա այդ զենքերի մասին իմացել է 1990-94 թվականներին, պաշտպանական մարտերի ընթացքում օգտագործված լինելու, ձեռք բերելու հանգամանքների մասին։ Բայց այդ զենքերը մասամբ հանձնվել են, մասամբ մնացել են, որպեսզի հանձնվեն։ Թե հանձնվել են կամ ոչ՝ Ազատ Արշակյանը տեղեկություն չունի, իր ասելով։ Եվ ես քրեական գործում չեմ տեսել կամ չի ներկայացվել որեւէ տվյալ կամ ապացույց այն մասին, թե Ազատ Արշակյանը ճիշտ չի ասում, որ տեղեկություն չունի։ Չկա մեկը, որ հակառակի մասին ցուցմունք տված լինի, որպեսզի Ազատ Արշակյանն էլ ասեր՝ «Դուրս գամ, այս մարդուն պիտի ստիպեմ, որ փոխի ցուցմունքը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել