Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահ Քոչարյանին եւ նախարար Սարգսյանին կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի ներկ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԸ Նախագահ Քոչարյանին եւ նախարար Սարգսյանին կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի ներկայացրած մեղադրանքը, ըստ երեւույթին, հիմնավոր է: Հակառակ դեպքում իշխանություններն իրենց, բառացիորեն բոլոր, լծակներով այդքան լայնածավալ հարձակում չէին սկսի նրա դեմ: Չենք զարմանա, ի դեպ, եթե ամենամոտ ապագայում ակնհայտ ճշմարտություններ խեղաթյուրելու ճիգերից զատ, իշխանություններն, ասենք, Մ.Սաղաթելյանին անմեղսունակ որակեն կամ անցնեն բացահայտ բռնությունների: Մեր երկրում եւ այս իշխանությունների օրոք որեւէ բան բացառել չի կարելի: Այդուհանդերձ, երեկ մենք փորձեցինք ստանալ քաջատեղյակ մարդկանց մեկնաբանությունները Մ.Սաղաթելյանի միանգամից մի քանի հայտարարությունների, այդ թվում՝ ՆԳՆ տխրահռչակ գործակալ Հ.Գրիգորյանի հայտնության, զինդատախազ Գ.Ջհանգիրյանի՝ «27»-ի կազմակերպիչների մասով նեղ շրջանակներում արված հայտարարություն-երդումների վերաբերյալ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ա.Բազեյանը հաստատեց Մ.Սաղաթելյանի այն պնդումը, թե գործակալ Հ.Գրիգորյանը պարզապես ուղարկված է եղել կուսակցություն, որտեղ ցանկություն է հայտնել հանդիպել հատկապես Ա.Բազեյանի հետ: Վերջինս պնդեց, թե նախեւառաջ այդ հանգամանքն է նրան ստիպել կասկածել գործակալին, առավել եւս, որ, ինչպես կուսակցության մյուս անդամները երեկ պնդեցին, գրեթե ամեն օր շատ կասկածելի մարդիկ են գալիս կուսակցություն՝ պնդելով, թե իրենք «27»-ի մասին տեղեկություններ ունեն եւ ուզում են հայտնել: Պարոն Բազեյանի պնդմամբ, քանի որ այդ անգամ գրասենյակ ներկայացած մարդը հայտարարել էր, թե ինքը «27»-ի գործով մեղադրյալների հետ նույն խցում է եղել գործակալի կարգավիճակով, ուստի ինքը, նպատակահարմար էր համարել հրավիրել Մ.Սաղաթելյանին՝ իբրեւ կալանավայրերի հետ անմիջականորեն առնչված մարդ: «Եթե Մ.Սաղաթելյանի հանգամանքը չլիներ, որը, փաստորեն, իմ խնդրանքով էր գրասենյակ եկել, ես դատախազություն չէի էլ գնա»: Ինչ վերաբերում է Հ.Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Մ.Սաղաթելյանն իրեն 50 հազար դոլար կաշառք է խոստացել նախագահին եւ նախարարին զրպարտելու համար, ապա Ա.Բազեյանը հաստատեց Մ.Սաղաթելյանի այն հայտարարությունը, թե գործակալը հենց դատախազությունում հերքել է այդ վարկածը, ավելին՝ հայտարարել է, թե ինքն այսօր էլ կարծում է, որ «27»-ի կազմակերպիչները Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն են եղել: Նա նաեւ պնդել է, որ իր՝ մեկուսարանում տված, օպերատիվ տեղեկությունները հետագայում խեղաթյուրվել են, դրանցից հանվել են առանձին պաշտոնյաների անուններ եւ այլն: Պարոն Բազեյանը կեղծիք ու հերյուրանք որակեց «չար լեզուների» այն տեղեկությունները, թե ինքը դատախազությունում հարցաքննության ժամանակ ընդունել է, որ ցանկություն է ունեցել գործակալ Գրիգորյանին հայտարարության տեքստ թելադրել եւ անվանարկել նախագահին ու նախարարին: «Իրականությունն այն է, որ այդ մարդն ինքը փորձում էր, իբր, իմ տեսակետները ճշտել «27»-ի կազմակերպիչների վերաբերյալ, ինչին ի պատասխան ես ասացի այն, ինչ ասել եմ հրապարակայնորեն. այն է՝ անկախ ամեն ինչից, «27»-ի ոճրագործության պատասխանատուները ներկայիս իշխանություններն են, որոնց օրոք տեղի է ունեցել այդ ոճրագործությունը: Ես նաեւ կասկած եմ հայտնել, թե Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն իմացել են ոճրագործության նախապատրաստման մասին եւ լռել են»,- նշեց Ա.Բազեյանը: Վերջինս նկատեց, թե դատախազությունում տեղի ունեցած իր եւ Հ.Գրիգորյանի առերեսման մասին տեղեկությունները միտումնավոր են խեղաթյուրվում: Ըստ նրա, դա արվում է կամ հենց դատախազությունում, կամ տեղեկատվական մարմիններում: Կուսակցության նախագահը միեւնույն ժամանակ ասաց, թե իր հետ հանդիպման ժամանակ գործակալը հայտարարել է, թե «27»-ին մասնակից են Մուշեղ Մովսիսյանը, Հայկ Բաբուխանյանը, Ալեքսան Հարությունյանը, Տիգրան Նազարյանն ու Տիգրան Նաղդալյանը, նաեւ Դավիթ Լոքյանն ու Անդրանիկ Մանուկյանը: «Դա ինձ համար զարմանալի էր այնքանով, որ չէի պատկերացնում, թե կատարվածի հետ ինչ առնչություն կարող էին ունենալ կոնկրետ Դ.Լոքյանն ու, առավել եւս, Ա.Մանուկյանը, որը ոճրագործության արդյունքում մեծապես տուժել էր»,- վստահեցրեց պարոն Բազեյանը: Անդրադառնալով կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներին, թե վերջինս փորձել է գործակալ Հ.Գրիգորյանի միջոցով զրպարտել ՀՀ նախագահին եւ նախարար Սարգսյանին՝ իշխանափոխություն իրականացնելու համար, ապա, ըստ պարոն Բազեյանի, դրա նպատակը կուսակցությանը ազատ քաղաքական գործողություններ ծավալելու հնարավորությունից զրկելն է, որի համար ամենակարճ ճանապարհը՝ կուսակցության առաջնորդներին դատական քաշքշուկների մեջ ներքաշելն է: Հարկ է հիշեցնել, որ «27»-ից հետո քաղաքական դաշտում որքան թուլանում էր Վ.Սարգսյանի զինակիցների ու նախկին վարչապետ Արամ Սարգսյանի դիրքերը, Ռ.Քոչարյանի թիմն ավելի հաճախ էր շրջանառում այն պնդումը, թե հեղաշրջումը տեղի է ունեցել ոչ թե «27»-ին, այլ՝ այն նախապատրաստվում էր դրանից անմիջապես հետո՝ ՊՆ-ում: Հիմա Քոչարյան-Սարգսյան տանդեմը, ըստ երեւույթին, ձեւեր է գտել այդ պնդումները փաստարկելու եւ Վ.Սարգսյանի զինակիցներին ու «27»-ի մեջ իրեն հանդգնորեն կասկածողներին վնասազերծել՝ արդեն կուսակցություն «գործուղված» գործակալի ձեռքով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել