Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 05,2001 00:00

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՆ Հայաստանի լեռնագնացների ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանը դարձավ առաջին հայ ալպինիստը, ով երկու անգամ բարձրացավ Արարատ (5165 մ)։ Առաջին անգամ նա բիբլիական լեռան գագաթին ոտք դրեց 10 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 24-ին՝ երեք այլ լեռնագնացների՝ Գրիգորի Ծատուրյանի, Ալեքսանդր Աղաբաբյանի եւ Ալեքսանդր Մայիլյանի հետ։ Իսկ այս տարվա օգոստոսի 30-ին Հայկը միջազգային արշավախմբի կազմում եւս մեկ անգամ կանգնեց Մասիսի կատարին։ Վերելքի մասին պատմում է Հայկ Տոնոյանը։ – Արդեն երկրորդ տարին անընդմեջ Թուրքիայի լեռնագնացների ֆեդերացիան կազմակերպում է միջազգային արշավ դեպի Արարատ։ Այս տարի առաջին անգամ պաշտոնական հրավեր ստացավ նաեւ մեր ֆեդերացիան։ Դա հնարավոր դարձավ Հայաստանի ԱԳՆ-ի շնորհիվ, որը մեծ աշխատանք կատարեց թուրքական ԱԳՆ-ի հետ՝ համաձայնեցնելով բոլոր հարցերը։ Ալպինիստների ընդհանուր քանակը 85 էր, որից 40-ը եվրոպական 12 երկրների մարզիկներ էին։ Վերելքը կազմակերպած էր բարձր մակարդակով։ Չնայած երթուղին տեխնիկապես այնքան էլ բարդ չէր, արվել էր ամեն բան մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար։ Հավաքը կայացավ Աղրի քաղաքում։ Ի դեպ, թուրքերը Արարատը Աղրիդաղ են անվանում (Սպիտակ լեռ)։ Հաջորդ օրը արշավախումբը տեղավորեցին Դոգուբայազետ, որտեղից եւ սկսվեց վերելքը։ Մեքենաներով մեզ տարան 2500 մ բարձրության վրա գտնվող քրդական մի գյուղ։ Այնտեղից ձիերով բեռը տեղափոխվեց 3200մ, ուր կազմակերպվեց առաջին ճամբարը։ Հաջորդ օրը բարձրացանք եւս մեկ կիլոմետր՝ 4200մ։ Գագաթը նախատեսված էր նվաճել օգոստոսի 29-ին, բայց վատ եղանակի պատճառով որոշվեց մեկ օրով հետաձգել վերելքը։ Այնուհետեւ տեսնելով, որ 30-ին էլ եղանակը չի կարգավորվում, մեզ թույլ տվեցին սկսել նվաճումը։ Առավոտյան ժամը 5-ին սկսեցինք բարձրանալ դեպի վեր եւ 6 ժամ հետո կանգնած էինք Արարատի գագաթին։ Ուժեղ մառախուղի պատճառով ոչինչ չէր երեւում։ Արագ նկարվելուց հետո սկսեցինք վայրէջքը։ Ամբողջ վերելքի ընթացքում մենք հատուկ ջերմությամբ շփվում էինք մեր վաղեմի բարեկամներ ռուս լեռնագնացների հետ։ Ի դեպ, նրանց կազմում էր մեր հայրենակից Վարդան Վարդանյանը՝ Կրասնոդարից։ ԱՇՈՏ ԼԵՎՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել