Լրահոս
Օրվա լրահոսը

12

Հոկտեմբեր 05,2001 00:00

Էլեկտրոնային երաժշտությունը մեզ մոտ 12 տարի առաջ ազդարարվեց էլեկտրոնային երաժշտության մուտքը համաշխարհային շոու-բիզնես։ Հայաստանում այն հնարավորություն ունեցան ունկնդրելու 6-7 տարի առաջ, իսկ հայ DJ-ները էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվում են գրեթե 4-5 տարի։ Հայ DJ-ներից DJ Էկլեկտիկ-Բարխուդարը կարողացավ իր էթնո-էլեկտրոնային երաժշտությունը ներկայացնել աշխարհին։ Տարվա սկզբին Ֆրանսիայում տեղի ունեցավ էլ. երաժշտության փառատոն, որը կազմակերպել էր RFI ռադիոկայանը, այստեղ՝ Արտյոմ Այվազյանի («Հայ FM»-ի, «Ռադիո բուրգի» նախկին ծրագրերի բաժնի տնօրեն) ջանքերով, Կարոյի ստեղծագործությունները ուղարկվեցին Ֆրանսիա։ Առանց այնտեղ գտնվելու նրան շնորհվել էր առաջին մրցանակակրի կոչում։ Պարզվում է, որ Ֆրանսիայում, այսօր արդեն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական էթնիկ երաժշտությունը։ Կարոն ասում է, որ հայկական նախագծով զբաղվում է արդեն 4 տարի։ Էլ. երաժշտության սիրահարները Էկլեկտիկի գործերը հնարավորություն են ունեցել լսելու «Հայ FM» եւ «Նազարեթ» ռ/կ-ի եթերում։ Փաստորեն, DJ Էկլեկտիկի հաղթարշավը վաղուց արդեն սկսվել է։ Դա է ապացուցում այն փաստը, որ դառնալով էթնոտրանս երաժշտության 2001թ. մրցանակակիր, համերգներով հանդես է եկել Բոսնիա-Հերցեգովինայում, Մոսկվայում։ Ի տարբերություն հայ երաժիշտների, որոնք հովանավորների եւ պրոդյուսերների փնտրտուքի մեջ են, Էկլեկտիկն արդեն պրոդյուսեր ունի՝ Նազիմ Նադիրով, որն էլեկտրոնային երաժշտության ասպարեզում հայտնի դեմքերից է։ Այժմ Կարոն Փարիզում է, այնուհետեւ Գերմանիա կմեկնի։ Այս երկու երկրներում նա երկու ձայնասկավառակներ կթողարկի։ Այդ աշխատանքներից հետո DJ Բարխուդար-Էկլեկտիկը մեկնելու է Ռուսաստան՝ նոյեմբերին կայանալիք էլ. երաժշտության փառատոնի բացումը կատարելու համար, այնուհետեւ Նյու Յորք՝ «World-Mix» փառատոնին մասնակցելու համար։ Կարոն նպատակ ունի էլեկտրոնային երաժշտության միջոցով աշխարհին ներկայացնել Կոմիտասին։ Ըստ նրա, հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինի «Կոմիտաս» կոչվող ձայնասկավառակը, որը 55 րոպեանոց գեղարվեստական mix-ստեղծագործություն է լինելու՝ իրար փոխկապակցելով Կոմիտասի երգերը։ Այսօր Էկլեկտիկի մասին տեղեկություններ կարելի է գտնել արտասահմանյան եւ ռուսական մամուլի էջերում։ Հետաքրքիր է, որ մեզ մոտ փոքր շրջանակների է հայտնի նրա գործունեության մասին։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել