Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

Հոկտեմբեր 05,2001 00:00

ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԵՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏ Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները՝ մշակույթի գործիչների մասնակցությամբ, անցան բուռն գերզգացմունքային մթնոլորտում։ Եվ դա բնական էր՝ որտեղ մշակութային գործիչներ, այնտեղ՝ զգացմունքներ եւ էմոցիոնալ պոռթկումներ։ Ըստ էության, արվեստի եւ մշակույթի գործիչները, տարիներ շարունակ աշխատելով կիսատ-պռատ օրենսդրական դաշտում, որտեղ որեւէ կերպ չեն ամրագրված իրենց իրավունքների եւ պատասխանատվության հիմունքները, ինչպես նաեւ լուծումներ չեն ստանում իրենց խնդիրները, ցանկանում էին օգտագործել այս հիմնարար օրենքի նախագծի քննարկման առիթը՝ սեփական բոլոր խնդիրները կառավարական եւ օրենսդիր մարմիններում ներկայացնելու համար։ Արդյունքում՝ ստացվեց, որ նրանք դժգոհում են օրենքի նախագծից, թեեւ դժգոհություններն էլ չէին հիմնավորում կոնկրետ առաջարկներով, ցանկություններով։ Հիմնավորումներն էլ դուրս էին մշակույթի նախարարության իրավասությունից։ Ասենք՝ նրանք առաջարկում էին (եւ դա հնչեց բազմիցս ու շատերի ելույթներում), որ հարկային արտոնություններ տրվեն այն գործարարներին, ձեռնարկատերերին, ովքեր կաջակցեն մշակույթի զարգացմանը։ Սակայն այս խիստ կարեւոր առաջարկը ճիշտ հասցեով չէր ուղղված, քանզի մշակույթին առնչվող օրենքում չի կարող հարկային արտոնությունների մասին խոսք լինել, պետք է փոխվի հարկային ողջ համակարգը։ Եվ այս կարգի բազում խնդիրներ։ Ինչեւէ։ Քանի որ մշակույթի եւ արվեստի մեր մշակներին, ի վերջո, հնարավորություն էր տրված նման բարձր ատյանից խոսել իրենց խնդիրներից, փորձեցինք իմանալ նրանց կարծիքը՝ այս օրենքի ընդունումը կստեղծի՞ մշակույթի զարգացման համար անհրաժեշտ հիմքեր, թե՞ ոչ։ Ու քանի որ դահլիճում ներկաների հիմնական եւ ամենաակտիվ մասը թատերական գործիչներ էին, բնականաբար, խոսում էին թատրոնի պրոբլեմներից։ Նիկոլայ Ծատուրյան- Այս ամբողջը ջուրծեծոցի է։ Այս բոլոր ընդհանուր ֆրազները նրա համար են, որ խուսափեն շատ կոնկրետ միջոցառումներից։ Ըստ իս, պետք է միայն մի օրենք՝ խոշոր բիզնեսմեններին ու ձեռնարկատերերին ազատել տուրքերից։ Կարեւորը դա է։ Փող լինի՝ բոլոր հարցերը միանգամից կլուծվեն։ Եթե կառավարությունը մշակույթի համար փող չունի, թող բարի լինի նպաստել, որ այլ ճանապարհով փող գա մշակույթի ոլորտ։ Արդեն քանի օր է պայքարում ենք, որ այս օրենքի նախագծի մեջ մտնի «թատրոն» բառը։ Դիմադրում են։ Եթե լինի բառը, ստիպված օրենք պիտի մշակեն թատրոնի մասին, իսկ դա նշանակում է, որ արդեն թատրոնը պետք է սնվի բյուջեից, ունենա իր բյուջեն, եւ ոչ թե՝ կառավարությունից սուբսիդներ ստանա։ Իսկ քանի որ թատրոնը շատ փող ուզող արվեստ է, չեն ուզում մտցնել օրենքի մեջ։ Հիշում եմ Աղասի Այվազյանի խոսքերը. «Ես ունեմ համբերություն, բայց ժամանակ չունեմ»։ Այո, մենք ժամանակ չունենք եւս 20 տարի սպասելու, որ թատրոնի վիճակը լավանա։ Փող է պետք, որ հյուրախաղերի գնանք, որ բեմադրություններ անենք, որ դերասաններին փող տանք… Արմեն Էլբակյան- Այս ամենը կլուծվի, երբ լինի «Թատրոնի մասին» օրենքը, ինչին մի քիչ կասկածում եմ։ Քանի որ ուզում են՝ միայն կառավարության որոշմամբ կամ օրինակելի կանոնադրությամբ լինի։ Աստված տա, որ այնքան լավը լինի այդ որոշումը, որ բոլոր հարցերը լուծվեն, թատրոնին օգուտ տա։ Բայց առայժմ շատ բարդ կացության առաջ ենք կանգնած ֆինանսների առումով։ Երկրի վիճակը պիտի լավանա, որ թատրոնինը լավանա։ Դա այն դեպքում, եթե պետական ֆինանսավորման վրա հույս դնենք միայն։ Թատրոնը եկամտաբեր չէ։ Մի սովորական խամաճիկ պատրաստելը 150-200 դոլար արժե։ Ընդհանրապես թատրոնը թանկ հաճույք է։ Պետք է կողքից օգնողներ լինեն։ Սակայն առայժմ հարկային մարմինները հետապնդում են նրանց, ովքեր փորձում են օգնել թատրոններին։ Փոխանակ օգնեն։ Արմեն Մազմանյան- Պետք չէ անընդհատ հենվել Արեւմուտքի փորձի վրա։ Դա կոնտեքստից, նրանց սոցիալական ֆոնից, օրենսդրական դաշտից դուրս է։ Այնտեղ միլիոնատերը մշակույթին օգնելով ազատվում է հարկերից, ինքն է խնդրում մշակույթի օջախներին օգնել, քանի որ շահում է։ Ազատ Գասպարյան- Առաջին անգամ է, որ մշակույթի գործիչներին կանչել են քննարկման։ Պետք է գնահատել։ Մենք էլ պետք է օգնենք ավելի լավ օրենք գրելուն։ Մի քիչ խանգարում է այդ «եվրո» ոճով աշխատելը։ Պետք է մեր ազգային մտածողությամբ առաջնորդվենք։ Ես կուզեի, որ օրենքի մեջ զգացմունքային պահ լիներ, հոգիների հետ գործ ունենք, ոչ թե՝ չորուցամաք իրերի։ Առանց մշակույթի ազգս դառնում է անասուն։ Մշակույթին մեծ տեղ է պետք տալ։ Ռուբեն Բաբայան- Ամենադժվարն առաջին քայլն է։ Քանի որ խոսքը մշակույթի պահպանման եւ զարգացման մասին է, ճիշտ է, որ օրենքը դեկլարատիվ բնույթ է կրում։ Բայց ամենաբարդը հետո կլինի, երբ բխեն կոնկրետ օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր՝ տարբեր ոլորտների մասին։ Կտրուկ դեմ եմ, որ թատրոնի մասին օրենք լինի։ Թատրոնը փիլիսոփայական հասկացություն է, որը օրենքով սահմանափակելը զավեշտ կլինի։ Պետք է ունենալ թատերահանդեսային կազմակերպությունների մասին օրենք։ Բացի դա՝ պետք է, որ պետությունը պարտավորվի զերծ պահել մշակութային օջախները տարածքի եւ գույքի օտարման վտանգից։ Ժամանակակից տեխնիկայում գոյություն ունի հասկացություն՝ «իՈքՌՑՈ ՏՑ ՊցՐՈՍՈ»։ Նման բան պետք է մշակույթին, քանի որ կորցնելու դեպքում մշակութային արժեքները չեն վերականգնվում։ Պետք է մտածել նաեւ այն մասին, որ մշակութային կազմակերպություններն իրենց հարկային պարտավորություններով չեն տարբերվում այլ կազմակերպություններից։ Խոսքը կենսաթոշակային ֆոնդին տրվող 5000 դրամի մասին է։ Երբեմն դերասանին 3000 դրամ աշխատավարձ եմ տալիս, փոխարենը՝ նրա համար ֆոնդին 5000 եմ մուծում։ Վերջում խնդրեցինք «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի նախագծի հեղինակ Կարեն Արիստակեսյանին պատասխանել հետեւյալ հարցին. – Այս քննարկումները որեւէ բան տվեցի՞ն։ Հաշվի կառնվե՞ն մշակութային գործիչների առաջարկություններն ու դիտողությունները նախագծի լրամշակման մեջ։ – Տասնյակ տարիներ չենք ունեցել մշակութային օրենսդրություն, եւ հիմա դրա ներդրումը շատ դժվար է։ Ցավում եմ, որ որոշ խնդիրներ առաջացան։ Խմբագրական բնույթի դիտողություններ եղան։ Ես ինքս կարող եմ շատ զգացմունքային ելույթներ ունենալ, բայց օրենքում զգացմունք չպետք է լինի, որքան էլ պահանջեն մեր գործիչները։ Օրենքի լեզուն այլ է։ Այս օրենքը գրվել է դեռ 1997-ից սկսված։ Եվ այս 4 տարիների ընթացքում տարբեր պետական կառավարման մարմիններում քննարկվել, տարբեր չինովնիկների ձեռքից անցել է այս օրենքը, եւ հիմա մեր որոշ գործիչներ, ում համար գրվում է այս օրենքը, ասում են՝ պետք չի։ Շատ հոգսեր ու ցավեր կան մշակույթի ոլորտում, դրանք դժվար լուծվող են եւ ժամանակ են պահանջում։ Բայց թող որեւէ մեկը չկարծի, թե այդ օրենքը գրած մարդը տեղյակ չի այդ ցավերից, չի հասկանում դրանք։ Ես չեմ կարող այլ օրենսդրություններում, այլ օրենքներում՝ սկսած «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքից, հարկային օրենսդրությունից մինչեւ ֆինանսական համակարգ, փոփոխություններ կատարել։ Դա տարիների աշխատանք է։ Եվ դա իմ իրավասություններից դուրս է։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել