Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թոթովենցը իր «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վեպում պատմում է նաեւ հոգեգարների, օրապակասն

Հոկտեմբեր 05,2001 00:00

Թշվառները՝ «հին հայկական ճանապարհների վրա» Վահան Թոթովենցը իր «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վեպում պատմում է նաեւ հոգեգարների, օրապակասների, ընկնավորների մասին, որոնք դուրս լինելով որեւէ հոգատարությունից, թափառում էին՝ խենթություններով զվարճացնելով ու ահաբեկելով բնակչությանը։ Նրանցից շատերը ժամանակից շուտ մեռնում կամ անհայտ կորչում էին, նրանց տեղը լրացնում էին նոր հոգեգարներ՝ իրենց ներկայությամբ «փողհարելով» երկրի ողբալի դրությունը։ Մեր ժամանակաշրջանն էլ զուրկ չէ թվարկված հիվանդությամբ տառապողներից։ Բոլորիս համար սովորական է դարձել նրանց հանդիպելը, արհամարհելն ու խույս տալը, չմիջամտելով անգամ նրանց ծաղրողներին ու ծեծողներին, ինչի արդյունքում ավելի են բորբոքվում ու խախտվում երբեմնի վայել կենցաղով ապրող ու աշխատող, շատերիս ծանոթ ու մտերիմ, այսօր արդեն նորմալ հոգեվիճակից զուրկ հիվանդները։ Մի անգամ, երբ Երեւան-Ալավերդի ավտոբուսը հատեց Թումանյանի տարածքը, սրտաճմլիկ մի տեսարան բացվեց ուղեւորների առջեւ։ Մորեմերկ մի երիտասարդ պարելով, մեքենաներ կանգնեցնելով ու նրանց հետեւից սուլելով ծամածռություններ էր անում։ Ավտոբուսում սա առիթ հանդիսացավ զրուցելու ու հիշելու, թե որքան են շատացել տարաբախտ այդ մարդիկ։ Մի տիկին գանգատվեց. – Հատկապես գիշերը այս խելագարների պատճառով անհնարին է փողոց դուրս գալ։ Թափառող շների ոհմակների հետ նրանք էլ իրենց վայրենի գոռում-գոչյուններով հարձակվում են մարդկանց վրա, հարկավոր է մի բան ձեռնարկել։ Եվ ո՞վ է մտահոգ այդ «բանը» ձեռնարկել, ամեն ինչից զրկված ժողովո՞ւրդը, որի միակ նպատակն է դարձել հանգրվանել հայրենիքը արդեն լքած ծանոթների մոտ, թե՞ ղեկավարները, որոնք զբաղված են կուտակածը կրկնապատկելով. ի՜նչ իմանան, աթոռին հրաժեշտ տալուց հետո կարո՞ղ են մեկ այլ գործ ճարել։ Սակայն խոստովանենք, որ բոլորս էլ անփույթ ու անհարգալից ենք «դուրսը մնացածների» նկատմամբ։ Վանաձորի երկաթգծի կայարանում երիտասարդ թափառականը մի կնոջից ուտելիք էր ուզում։ Մի քանի անգամ խնդրելուց եւ ուշադրության չարժանանալուց հետո, հիվանդը անակնկալ հարձակվեց եւ կնոջ պայուսակից դուրս քաշեց ուտելիքի փաթեթը։ Ուշքի եկած կինը հարձակվեց խլելու փաթեթը։ Գզվռտոց սկսվեց, փաթեթը պատռվեց եւ ուտելիքը թափվեց անջուր լողավազանի մեջ։ Մինչ այդ իրեն «արիստոկրատ» պահող կինը թռավ լողավազանի մեջ եւ ոտքերով սկսեց մանրացնել ու ճզմել կերակուրը, անընդհատ կրկնելով. «Ավելի լավ է աղբ դառնա, քան դու լափես»։ Գործը ավարտելուց հետո, կինը, կախվելով մի քանի մարդու ձեռքերից՝ դուրս թռավ լողավազանից եւ, իր արարքով հիացած, վազեց տղայի հետեւից։ Ուղեւորասրահում բարձրացավ քրքիջ, ծաղր, վայնասուն։ Կինը վազում էր ու ճչում. – Կանգնի՜, թաղեմ հորդ ու մորդ, կանգնի՜, սոված շուն… Հասավ փախչողին, սկսվեց ծեծը, հաղթանակած կինը ոտքի տակ գցեց հոգեգարին եւ նրա հետույքին աքացիներ տեղալով՝ մի լավ սրբեց կոշիկները։ Քիչ անց, գլխին քաշած ականջակալներով գլխարկը, տղան երգում էր սրահում՝ «Ախ իմ հայրենիքիս ջուրը քաղցր է, քան կնոջ ծեծը…»։ Բայց մեր ազգը ունի նաեւ մեկ «առավելություն»։ Երբ մահանում է շրջմոլիկը, հանկարծ խղճմտանքով է լցվում։ Մի քանի տարի առաջ, երբ կոյուղաջրերի հորում մեռած (գուցե սպանված) գտան ալավերդցիների «սիրելի» Միհրանին, շատերն անիծեցին մինչեւ օրս չհայտնաբերված հանցագործին, իսկ մի քաղաքացի իր ավտոտնակում փակցրեց եւ մինչեւ օրս պահպանում է Միհրանի լուսանկարների հավաքածուն։ Գուցե այս շարադրանքը ահազանգ լինի մեր ղեկավարներին, որ հոգան դժբախտ թափառաշրջիկների մասին: ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել