Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ

Հոկտեմբեր 05,2001 00:00

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԿԱ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ Հակոբ Հակոբյան փողոցի կռիվը նոր չէ։ Այստեղի տնտեսվարող մի քանի սուբյեկտներ եւ բնակիչները ոչ մի կերպ «յոլա չեն գնում» հարեւանությամբ։ 1998 թվականից իրարից բողոքում են ու «կռվշտում»։ «Առավոտն» էլի է անդրադարձել այս խնդրին։ Հ. Հակոբյան 1 հասցեում պետական համապատասխան մարմիններից թույլտվություն են ստացել եւ փորձում են իրենց օրինական բիզնեսը ծավալել մի քանի ընկերություններ։ Նրանցից մեկը «Իգդիր-93» արտադրական կոոպերատիվն է, որ վճարովի ավտոկանգառ է կազմակերպել այս տարածքում, մյուսը՝ «Տ. Վարդանյան» ՍՊԸ-ն է, որը 5 մսի (1-ը չի գործում) խանութ է շահագործում։ Եվ քանի որ ավտոկանգառի մի հատվածն ուղիղ խանութների դիմաց է, ուստի դրանց միս մատակարարող մեքենաները, ըստ ՍՊԸ-ի տնօրեն Շահվալադ Վարդանյանի, կանգնելու, խանութներին մոտենալու տեղ եւ հնարավորություն չունեն. «Ինչո՞ւ պիտի իմ խանութի առաջ մի քանի րոպեով կանգնած մեր մեքենաների համար, «ավտոկանգառից» օգտվելու համար», փող վճարեմ»,- բողոքում է պրն Վարդանյանը եւ ավելացնում, որ մեծ մասամբ կանգնելու տեղ էլ չի լինում։ Իսկ «Իգդիր-93»-ի պատասխանատուները (թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակման ժամանակ) պատասխանում են, որ մսի մեքենաները գալիս են հիմնականում առավոտյան, երբ ավտոկանգառն ազատ է, եւ ոչինչ էլ չի խանգարում։ Այս ամենին հավելվում է գյուղատնտեսային օրինական, թե անօրինական շուկան ու ըստ բնակիչների, որոնք պարբերաբար բողոքներ են հղում քաղաքապետարան, թաղապետարան եւ «Առավոտին», իրենց առօրյան լցված է վեճերով ու ճանճերով (ամռանը). «Դուրս են եկել փողոց, նվաճել են մայթը, հնարավոր չէ անցնել։ Աղմուկի ու ճանճերի պատճառով չենք կարողանում բացել պատուհանները»։ «Իգդիր-93»-ը բողոքում է Շ. Վարդանյանից, նշելով. «Դիտավորյալ կանգնեցնում են իրենց ավտոմեքենաները (մսի) նախագծով չնախատեսված դիրքով, որպեսզի արհեստական վիճաբանություն եւ օրինազանցություն սադրեն»։ ՍՊԸ-ի տնօրենը վկայում է, որ թեեւ այդ փողոցի երթեւեկությունը միակողմանի է, բայց գործում է երկկողմ ավտոկանգառ։ Եվ «Իգդիր-93»-ի հերքումներին հակառակ պնդում է, որ «ավտոկանգառին չպատկանող մասում կանգնած մեքենաներից քանիցս գումար են վերցրել»։ Իհարկե, կարելի է ասել, որ նրանք վատ հարեւաններ են, որ չեն կարողանում իրար հետ լեզու գտնել։ Բայց նկատենք, որ երկուսն էլ իրենց բիզնեսը ծավալելու համար օրինական թույլտվություն ունեն, կատարում են բոլոր պահանջվող մուծումները, բայց հնարավորություն չունեն աշխատել. «Ինչքա՞ն կարելի է նման պայմաններում կազմակերպել աշխատանքը (կամ ապրել)», իրավացիորեն հարցնում է նրանցից յուրաքանչյուրը։ «Փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ»-ի «հետեւից ընկած», քաղաքապետարանը Երեւանի ամեն մի մետրից գումար ստեղծելու նպատակով մարդկանց համար իրար կողքի հանգիստ աշխատելու այսպիսի «անհնար» պայմաններ է «ապահովել»։ Ու, բնական է, որ գործը ոստիկանություն էլ է հասել։ Եվ մի հետաքրքիր հանգամանք պարզվեց փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ. տարածքում բարեկարգման աշխատանքներ կատարելու թույլտվության խնդրանքին ի պատասխան, Արաբկիրի թաղապետարանից պատասխանել են, որ «Հ. Հակոբյան փողոցը գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, ուստի նշված փողոցում բարեկարգման աշխատանքների թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Երեւանի քաղաքապետարան»։ Բայց հետաքրքիր է, որ ավտոկանգառի թույլտվությունը տրվել է Արաբկիր համայնքի ղեկավարի (19.10.00, թիվ 90) որոշմամբ։ Սրա վերաբերյալ հնարավոր չեղավ Երեւանի քաղաքապետարանից որեւէ պարզաբանում ստանալ. կամ տեւականորեն «տեղում չէ», կամ՝ «կպարզենք ով է զբաղվում այդ հարցով»։ Մի բան է հստակ՝ այս մարդիկ աշխատելու թույլտվություն են ստացել (կատարում են համապատասխան վճարումները), պետք է հնարավորություն էլ ունենան աշխատելու։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել