Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ 13-ՐԴԸ

Հոկտեմբեր 05,2001 00:00

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ 13-ՐԴԸ ԱԺՄ նախագահի ասուլիսից քիչ անց հապշտապ հրավիրվեց հոկտեմբերի 6-ին ԱԺՄ 13-րդ արտահերթ համագումար նախաձեռնող խմբի ասուլիսը։ Նրանք անընդհատ շեշտում էին իրենց չեզոքությունը ԱԺՄ երկու թեւերի հանդեպ, բայց քննադատության առավել մեծ բաժինն ուղղեցին Վազգեն Մանուկյանին։ Այսպես. նրանք նշեցին, թե ԱԺՄ նախագահի ստեղծած «արհեստական» խորհրդի մեջ կա անգամ 3 հոգիանոց սկզբնական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ իրենց կողքին ամենաքիչը 25-30 անդամանոց կազմակերպություններ են։ Վազգեն Մանուկյանին մեղադրեցին ԱԺՄ-ում ստեղծված երկիշխանության համար։ Նաեւ առանց մանրամասնելու նշեցին, թե եղել են բաներ, որ Վազգեն Մանուկյանը միանձնյա է իրականացրել։ Անընդհատ նշում էին, թե ԱԺՄ-ն դուրս է մնացել քաղաքական ընթացող գործընթացներից։ Բայց երբ «Առավոտը» հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ գործընթացների մասին է խոսքը՝ ինչ-որ անորոշ բաներ ասացին վերադասավորումների մասին, ԲԷՑ-երի քվեարկությունը հիշեցին։ Նախաձեռնող խումբը պնդում էր, թե այս արտահերթ համագումարի շնորհիվ կվերջանան ներկուսակցական վեճերն ու հակասությունները։ «Առավոտի» հարցին, թե ինչպես պիտի դա տեղի ունենա, երբ մյուս թեւը չի մասնակցելու այդ համագումարին, ավելին՝ սպառնում են ԱԺՄ-ից հեռացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն այդ հավաքին, Արարատի ԱԺՄ-ի մարզային պատասխանատու Հրայր Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ընդհանուր մոտավորապես 700-800 ենք։ Չգիտեմ, այդ բոլորին այն մյուս թեւը ո՞նց է միանգամից հեռացնելու»։ Երբ մի քանի անգամ շեշտեցին, թե իրենց կողմնակից են շարքերի 70-75 տոկոսը, լրագրողները հետաքրքրվեցին, թե ԱԺՄ-ն քանի՞ անդամ ունի։ «1000-1200 մարդ կա»,- ԱԺՄ-ի մեծության վերաբերյալ պատկերացումները հօդս ցնդեցրեց կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության ղեկավար Արա Ներսիսյանը։ «Առավոտի» մյուս հարցին, թե հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 6-ի համագումարով որոշեն ԱԺՄ-ից դուրս նոր կուսակցություն ստեղծել, Հրայր Հակոբյանն այսպես պատասխանեց. «Համենայն դեպս, առ այսօր նման նպատակ չի եղել։ Համագումարը կորոշի»։ Իսկ Արա Ներսիսյանը նեղսրտեց. «Եթե մենք շատ ենք՝ ինչի՞ դուրս գանք»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել