Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 05,2001 00:00

aՀանձնաժողովը քննարկում էր Մուշեղի հարցը Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ըստ նախագահ Վահագն Գրիգորյանի, աշխատանքային նիստ էր հրավիրել, ԱԺ-ին ներկայացվելիք եզրակացության մեջ որոշ խմբագրական հարցեր հստակեցնելու համար: Առաջ անցնելով ասենք, որ նիստում ներկայացված հարցերը հստակեցվեցին, բայց հանձնաժողովի կիսատ-պռատ կազմով. քվորումն այդպես էլ չապահովվեց: Մինչ այդ, սակայն, լրագրողները սովորականի նման անարգել մտան հանձնաժողովի սենյակ, բայց երբ Ֆիլարետ Բերիկյանը նրանց մեջ տեսավ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներից մեկին՝ ներկայացրեց իր հատուկ կարծիքը՝ լրագրողների՝ նիստին մասնակցելու նպատակահարմարության մասին: Նա առարկեց , թե հանձնաժողովը դեռ նիստը չի սկսել, քվորում չկա, իրենք պարզապես խոսում-խորհրդակցում են, եւ լրագրողների ներկայությունն այդ խոսակցությանը պարտադիր չէ: Հանձնաժողովի անդամները քանի՞ գլուխ ունեին, որ Ֆիլարետին առարկեին, ուստի՝ համաձայնեցին ու լրագրողներին սենյակից դուրս արեցին: Իհարկե, հանձնաժողովականների՝ լրագրողներից «թաքուն» ու անկաշկանդ մթնոլորտում ընթացող խոսակցությունն այնքան բարձր էր, որ միջանցքում պարզ լսելի էր: Հասկանալի դարձավ, որ օրենսդիրները քննարկում են Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի՝ նախորդ օրն արած հայտարարությունները, բնականաբար՝ «27»-ին առնչվող մասով: «Եթե հիմա Մուշեղին մի բան պատահի…»,- լսվեց պատգամավորներից մեկի, ըստ երեւույթին՝ Նապոլեոն Ազիզյանի, ձայնը: Հետո, թերեւս, Ֆ.Բերիկյանն էր, որն ասաց, թե բոլոր 5-ն էլ (հավանաբար, նկատի ուներ 96-ին ԱԺ գրոհին մասնակից կալանվածներին) ասում են, թե Մ.Սաղաթելյանը ժամանակին մարդկանց կտտանքների է ենթարկել, բայց էդ իշխանությունները նրան այսօր ձեռք չեն տալու: «Բայց էն ժամանակ իշխանությունը ՀՀՇ-ն էր»,- վրա բերեց մեկ ուրիշը: «Տո էս իշխանությունները Մուշեղից հանցագործ են»,- լսվեց մեկ այլ պատգամավորի թավ ձայնը: «Չէ, հասկանալի է»,- վրա բերեց դարձյալ Ֆ.Բերիկյանը: Հետո պատգամավորներն անցան, թերեւս, Մ.Սաղաթելյանի՝ մասնավորապես «27»-ի կազմակերպիչների մասին պնդումներին: Աղմուկի միջից լսվեց մեկի ծորուն ձայնը՝ «Է՛, Սերժը չի արել, Ռոբերտը չի արել, էս չի արել, էն չի արել…»: Լրագրողները, թերեւս, շարունակեին ունկնդրել օրենսդիրների դատողությունները, եթե չհայտնվեր «Միասնություն» խմբակցության նախագահն ու միջանցքում հավաքված լրագրողներին «խելքի չգցեր», թե հանձնաժողովը ոտնահարում է «Մամուլի մասին» օրենքը՝ նրանց թույլ չտալով մասնակցել հանձնաժողովի նիստին: Լրագրողներն էլ, ըստ ամենայնի, գոտեպնդվեցին եւ ուղղակի ներխուժեցին հանձնաժողովի աշխատասենյակ: Պարզ դարձավ, որ օրենսդիրները քննարկում են ԱԺ առաջիկա նիստում հանձնաժողովի եզրակացության հրապարակման կարգը: Վերջիններս համաձայնության եկան, որ այն պետք է ընթանա ԱԺ նիստերի կանոնակարգի համաձայն, եւ, եթե լինի հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող կարծիք, ապա այդ հատուկ կարծիքը՝ իբրեւ հարակից զեկուցում, եւս քննարկման առարկա պետք է դառնա: Նիստի ավարտից հետո Վ.Գրիգորյանը տեղեկացրեց, թե հանձնաժողովի եզրակացությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ կայանալիք նիստերից մեկում, հավանաբար՝ երեքշաբթի օրը: Մեր թղթակցի՝ հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ եկած օրինախախտումների կամ չպարզաբանված հանգամանքների մասին հարցին պատասխանելիս պարոն Գրիգորյանն անդրադարձավ «ամենաթարմ»՝ նախորդ օրն իրենց ուսումնասիրության առարկա դարձած դեպքին՝ Նորայր Եղիազարյանի մահվան պատճառներին: Նա ասաց, թե իրենց ուսումնասիրությունների ընթացքում շատ որոշակի հակասություններ կան պաշտոնական եւ հանձնաժողովի եզրակացություններում: «Մենք դրանք կներկայացնենք արդեն ԱԺ նիստում»,- ասաց նա, ըստ էության, տուրք տալով հանձնաժողովի ամենադյուրագրգիռ անդամի՝ Ֆ.Բերիկյանի՝ եզրակացության տեքստը լրագրողներին ցույց չտալու պահանջին: Այդուհանդերձ, հայտնի է, որ հանձնաժողովի եզրակացության մեջ հատուկ անդրադարձ կա այն փաստին, որ մեկուսարաններ կատարած այցերի ու դրանց ղեկավարությունից պահանջած փաստաթղթերի մի ստվար հատված այդպես էլ հանձնաժողովին չեն ներկայացվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել