Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺՄ

Հոկտեմբեր 05,2001 00:00

«ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻՆ ՔԱՑՈՒ ՏԱԿ ԷԻՆ ԳՑՈՒՄ» ԱԺՄ վերջին համագումարում ներկա վարչության նկատմամբ վերաբերմունքը երեկ ասուլիսում հիշեցրեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Խոսքի նախաբանը Վազգեն Մանուկյանը դարձյալ սխալ անվանեց այն մեկնաբանությունները, թե իրենց կուսակցությունում վեճի նյութն իշխանամետ կամ ընդդիմադիր լինելն էր։ Իրականում, ի շարս այլ հարցերի՝ ԱԺՄ-ի ինքնուրույն կամ կցորդ կուսակցություն լինելու խնդրի շուրջ են տարաձայնությունները. «ԱԺՄ-ում առաջացավ մի հոսանք, որը պնդում էր, թե մենք թույլ ենք, որեւիցե նպատակի հասնել չենք կարող։ Եվ խնդիրն այս համարվեց՝ հաշվել, թե ով է հաղթելու, միանալ հաղթողին եւ հետո օգտվել հաղթանակի պտուղներից։ Պարզ ասած, գնում էր այդ պայքարն ԱԺՄ-ի ներսում։ Եվ հիմա շատ հստակ են ձեւավորված այդ խմբի նպատակները. կանխագուշակել, թե ով է հաղթելու, միանալ հաղթողին եւ օգտվել հաղթանակի արդյունքներից»։ ԱԺՄ նախագահը նշեց, թե այդ խումբը մի «3-4 հոգու հարց է ուզում լուծել՝ ուրիշ ոչինչ» եւ «ծայրահեղ անբարոյականություն, անպարկեշտություն» անվանեց այն, ինչ կատարվեց այդ խնդրի լուծման համար համագումարից հետո։ Քիչ անց հավելեց, որ այդ խումբը կոպտորեն խախտում է ԱԺՄ կանոնադրությունը։ Վազգեն Մանուկյանը նրանց նաեւ մեղադրեց կուսակցությունում իշխանությունն «ուզուրպացիայի» ենթարկելու՝ բռնազավթելու փորձերի մեջ։ Անդրադառնալով հոկտեմբերի 6-ին ԱԺՄ այդ թեւի նախաձեռնած համագումարին, նա ասաց. «Եթե նրանք կեղծ, անօրինական ձեւով հայտարարելու են, որ դա ԱԺՄ համագումարն է (այս առնչությամբ քիչ անց հիշեց Կեղծ Դմիտրիին.- Ա. Ի.)՝ մենք մեկ է, նոյեմբերի 30-ին մեր համագումարն ենք անելու։ Եվ ընկալումն այն է լինելու, որ նրանք նույնիսկ ոչ թե իրենց շահն են փնտրում, այլ ուղղակի միայն վատություն անելու համար են այս ամբողջն անում»։ Չբացառեց նաեւ այն տարբերակը, որ նրանք Արշակ Սադոյանի եւ Շավարշ Քոչարյանի պես մի նոր կառույց կձեւավորեն. «Մենք կունենանք 4 կուսակցություն։ Առայժմ»։ Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց լրագրողներին՝ «սրտամոտ» վերաբերմունք ունենալ կատարվածի նկատմամբ. «Որովհետեւ այն, ինչ որ կատարվում է հիմա ԱԺՄ-ում եւ քաղաքական դաշտում՝ խփելու է մեր բոլորին։ Սա միայն ԱԺՄ-ի հարցը չէ։ Այս գործընթացների շարունակությունն ապագա չի խոստանում Հայաստանին»։ «Առավոտի» հարցերը – Հակառակ թեւը թվական տվյալներ է ներկայացնում, որ իրենց է կողմնակից ԱԺՄ շարքերի 70 տոկոսը, ԱԺՄ խորհրդում մեծամասնություն են, խորհրդարանական խմբակցության մեջ 4-ից 3-ն իրենք են։ (Ի դեպ, չնայած ասվեց, որ ԱԺ-ում միայն Դուք եք ներկայացնում ԱԺՄ-ն, հետո պարզվեց, որ, ասենք, ճեպազրույցների ընթացքում Ձեզնից բացի մնացած բոլորը խոսում են ԱԺՄ անունից)։ Կարո՞ղ եք վերոնշյալ թվական տվյալներից տարբեր տվյալներ մատնանշել։ – ԱԺ-ի խմբակցությունում նրանք իսկապես 3-ով իրար հետ միասին են։ Հենց ամբողջ «բլոկն» այդտեղից էլ ստեղծվեց։ Այդտեղից էլ եկավ այդ թույնն ու թարախը։ … Նրանք իսկապես այդտեղ 3-ն են, բայց նրանք ԱԺՄ կուսակցությունը չեն ներկայացնում (քիչ անց խոստացավ, թե իրավական լուծումներ կգտնեն այս առնչությամբ.- Ա. Ի.)։ Նրանք ասում են, որ 70 տոկոսն իրե՞նց կողմն է՝ է, լեզվի մեջ ոսկոր չկա, ինչ ուզում ես՝ կարող ես ասել։ Բայց մենք օրինական խորհրդի նիստեր ենք անցկացնում, որոնց միշտ խորհրդի անդամների առնվազն 2/3-ը մասնակցում է։ Եվ մենք որեւիցե կանոնադրական խախտում այստեղ չենք արել։ Ես նույն կերպ կարող եմ պնդել, որ 80 տոկոսն ա՛յս կողմն է։ Դուք ներկա եղել եք համագումարին, տեսել եք, որ այդ բոլորին քացու տակ էին գցում, եթե ես նրանց մի քիչ չպաշտպանեի։ Վերջում նրանց հաջողվեց համագումարի որոշ պատվիրակների մշակել, նաեւ իմ անունն օգտագործելով դառնալ վարչության անդամ։ Բայց դուք ինքներդ համագումարում տեսաք կուսակցության վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ։ – Դուք մյուս թեւին եք մեղադրում, որ իշխանությունն ուզում է ուզուրպացնել։ Նույն մեղադրանքն այդ խումբը Ձեզ է հասցեագրում, նշելով, որ հակառակը՝ իրենք կոլեգիալ կառավարման կողմնակից են։ Դուք նշեցիք, որ նրանք ԱԺՄ կանոնադրությունը խախտում են, նույն մեղադրանքը նրանք էլ Ձեզ են ուղղում։ Այն լրագրողին, որը Ձեր խորհրդով «սրտամոտ» պիտի ընդունի կատարվածը՝ ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս գլուխ հանի այս փոխադարձ նույնական մեղադրանքներից, ինչպե՞ս հասկանա՝ ո՞վ է ճիշտ ասում։ – Հիշո՞ւմ եք, Մյուլլերը Շտիռլիցին ինչ է ասում։ Ասում էր. «Ոչ մեկին մի հավատա, նույնիսկ ինքդ քեզ, բայց ինձ կարող ես»։ Եթե խոսում ենք ուզուրպացիայի մասին. ինչպիսին է իմ բնավորությունը նման հարցերում, կարող եք դատել՝ հարցնելով, թե կառավարությունը, բանակը, 1996-ի Դաշինքը ղեկավարելիս ես ինչպես եմ ինձ պահել։ Եվ կամ՝ կուսակցությունում մինչեւ հիմա այդպիսի հարց չի առաջացել։ Նրանց կառավարումը որեւիցե տեղ չի երեւացել, որ ասես՝ ուզուրպացիա՞ է դա, թե՞ չէ (սակայն քիչ անց հիշեցրեց՝ երբ համագումարից հետո այդ խումբը տեսել է, որ իրենց ասածն ԱԺՄ կառույցներում չի անցել, դրանից հետո են որոշել «ջարդել», իրենց ձեռքը վերցնելու համար.- Ա. Ի.)։ Դրա համար՝ հայտարարությունները հայտարարություններով, բայց ամեն մեկի հայտարարությունը պետք է ստուգել, նայել իր նախորդ արածներին։ Ու նաեւ, թե ինչու այդ մարդիկ այս հարցը չէին արծարծում մինչ այժմ։ Արժե հարցնել նաեւ կուսակցության անդամներին։ – Սա մի քիչ հնացած հարց է, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է պատմության համար, մանավանդ, որ դրան չեք անդրադարձել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան, թե Միքայել Մելքումյանը կամ Սեմյոն Բաղդասարյանն ԱԺՄ վարչության անունից Ձեզ առաջարկել են հրաժարական տալ։ Նրանք միշտ հերքել են, թե նման առաջարկ է եղել։ Ի՞նչ է եղել իրականում։ – Այդ առաջարկն ինձ արել է Սեմյոն Բաղդասարյանը։ Դա գաղտնիք չի մնացել, որովհետեւ խորհրդի նիստում դրա մասին ասել եմ, այդ հարցը քննարկվել է։ Ճիշտ է, Սեմյոն Բաղդասարյանն ասել է, որ դա կոնֆիդենցիալ էր, եւ իրավունք չունեի դա ասելու նիստում, բայց այդպիսի փոխպայմանավորվածություն չի եղել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել