Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանության

Հոկտեմբեր 05,2001 00:00

ՊԱՏՎԱՎՈՐ ԱՔՍՈ՞Ր, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆԻ ՍԿԻԶԲ Պաշտպանության նախարարությունում սպասվում են կադրային փոփոխություններ։ Մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ՝ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ, իսկ Գուրգեն Մելքոնյանը՝ Գեղարքունիքի մարզպետ։ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «Մանկամտություն է կարծել, որ այդ ձեւով կարելի է նախագահ հանել Հայաստանում։ Դա քաղաքական խաղ է ուղղակի,- Քոչարյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսելու նախաձեռնության առնչությամբ իր կարծիքը հայտնեց Վազգեն Մանուկյանը։- Անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանը լավ նախագահ է, վատն է, լեգիտիմ է կամ ոչ լեգիտիմ՝ նախագահական ընտրություններն այնքան մոտ են, որ այս պահից նորմալ ընտրություններին պատրաստվելն ավելի ճիշտ կլիներ, քան հիմա այդպիսի անհեթեթությամբ զբաղվելը»։ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԻ ՆԿԱՏԵԼ Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, անդրադառնալով սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածին, AFP գործակալությանը տրված իր հարցազրույցում ասել է, որ իր ներկայությամբ ոչ ոք «Առագաստ» սրճարանի այցելուներից չէր փորձել մոտենալ իրեն եւ նախագահ Քոչարյանին, մանավանդ՝ ոչ ոք չէր փորձում նախագահին վիրավորել: «Ընդհանրապես ես որեւէ արտառոց բան չեմ նկատել»,- նշել է Ազնավուրը: Կոմունիստները երեկ թոկը գցել էին նախագահ Քոչարյանի վիզը եւ պահանջում էին՝ միացի՛ր Ռուսաստան-Բելառուսին, միացի՛ր։ Կարծես թե այս դաշինքը գիրկը բացել եւ ասում է՝ համեցեք։ Ընկեր Սանատրուկ Սահակյանը (Կենտկոմի 2-րդ քարտուղար) կոչ արեց հանրապետության նախագահին. «Կանգնեք ձեր կոչմանն արժանի բարձրության վրա, գնացեք ընդառաջ ժողովրդի կամքին եւ ձեր նեղ շրջապատի կամքը մի փորձեք փաթաթել մեր ժողովրդի գլխին»։ Հետո էլ ասաց, թե նախագահի բախտը բերել է։ Ինչո՞ւ. որովհետեւ մեր ժողովուրդը համբերող է։ Բայց ընկեր Սահակյանը զգուշացրեց. «Զգույշ եղեք, այդ համբերությունն էլ սահման ունի»։ Ազատության հրապարակը երեկ կրկին կարմրել էր, դրոշների մեջ կային նաեւ խունացած, տարիներից գունաթափվածները։ Հանրահավաքին ներկա ոչ կոմունիստներիս թվում էր, թե հայտնվել ենք երեւակայական աշխարհում, որտեղ Լենինականը Լենինական էր, Հոկտեմբերյանը՝ Հոկտեմբերյան, մնացածը՝ եւս այսպես։ Հիշո՞ւմ եք, թե ինչի համար էին մեղադրում Յուրի Մանուկյանին եւ նաեւ ինչու հեռացրին կուսակցությունից՝ իբրեւ թե, վերջինս միտումնավոր խափանել էր կոմունիստական հանրահավաքը։ Այս հանրահավաքի ոչ բազմամարդ լինելու մեղքը ո՞ւմ վզին են փաթաթելու ընկերները եւ ո՞ւմ են հեռացնելու իրենց շարքերից։ Այս հանրահավաքը մի ուրիշ «խոխմա» էլ ուներ՝ հրավիրվել էր հետին թվով։ Եթե չեք մոռացել, դեռ անցած տարվա մայիսին էին ընկերները մտադիր հրավիրել Իսրայել Օրիին, նրա պատմական ռուսական այցելությանը եւ «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցությանը նվիրված հանրահավաք։ Որպեսզի հանրահավաքին ներկա ժողովուրդը չձանձրանար եւ արեւի տակ չուշաթափվեր (կամ էլ ուշաթափությունը լիակատար լիներ), ձեռքի հետ էլ խոսվում էր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներից, ծախված-ծախծխված կարեւոր օբյեկտներից։ Բանը հասավ այնտեղ, որ կոմունիստաբար խստագույնս դատապարտվեց երկրի օդային ուղին ԱՄՆ-ին հանձնելը։ Կոմունիստներն իրենց նպատակը երբեք չեն թաքցրել՝ սոցիալիզմի վերահաստատում։ Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանի տրամաբանությունը հաստատուն է. հազարամյակը սկսվել է կոմունիստական գաղափարների հաղթարշավով, Ռուսաստանի կարմիր գոտին ավելի է ծավալվում, ուրեմն, հայերը եւս պետք է գնան դեպի կարմիրը։ Հանրահավաքը նման էր նաեւ նախընտրական ինչ-որ բանի. «Մեր ձայնը տանք նրանց, ովքեր կներկայանան երկրում սոցիալական արդարության գաղափարներով։ Թող դա լինի ժողովրդի գլխավոր կողմնորոշիչը երկրի նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների հարցում»։ Անշուշտ, ընկեր Դարբինյանն ինքն իրեն նկատի ուներ։ Ուրիշ ո՞վ կարող է թիվ մեկ կոմունիստից ավելի կոմունիստ լինել եւ տոգորված լինել «սոցիալական արդարության գաղափարներով»։ Գյումրիի կազմակերպության քարտուղար, ԱԺ պատգամավոր Գագիկ Մանուկյանը եւս իր պարտքը համարեց դիմել նախագահ Քոչարյանին, մասնավորապես հիշեցնելով, որ աղետի գոտին մնում է աղետի գոտի. «Եթե այսպես շարունակվի, Լենինականի ազգաբնակչությունը կկանգնի ու հեռու կգնա»։ Ընկեր Մանուկյանը չմանրամասնեց՝ այդ հեռուն մինչեւ նախագահակա՞ն է, թե՞ մինչեւ Արազից այն կողմ։ Հոկտեմբերյանից կոմունիստ Աիդա Մկրտչյանը պատմեց, որ հանրահավաքի գալիս «մի բուրժուա մոտեցավ եւ ասում է զարմացած՝ էդքան ձեզ թալանելուց, խեղճացնելուց հետո, դուք դեռ կարողանում եք 400 հոգով գնալ ձեր հաշվին, ձեր ֆինանսներով։ Ես ասացի՝ էլի գնալու ենք, հաջորդը գնալու ենք 400 անգամ 4 հազար մարդով, որովհետեւ մեր խիղճն է խոսում»։ Սա էլ՝ պատասխանը նրանց, ովքեր պնդում են, թե Կոմկուսի հանրահավաքի փողերն ուրիշ խողովակից են հոսել։ Ընկերները խոստովանեցին, որ սեփական խողովակներից են օգտվել, եւ իրենց ոչ ոք չի օգնել։ Տիկին Աիդան այնքան անկեղծացավ, որ խոստովանեց. «Այսօր նստել ենք՝ լաց ենք լինում, էդ անխիղճները զրկել են ամեն ինչից։ Վաղը չենք կարողանալու ո՛չ կանգել, ո՛չ նստել։ Պառկած մորթելու են մեզ, քշում են մեզ այստեղից»։ Ինչպես միշտ, ամենաաղուբիբարով ելույթը ԱԺ պատգամավոր, Կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանինն էր։ Վերջինս ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ այս ամեն ինչի մեղավորը նախագահն է եւ կառավարությունը։ Բայց եւ փորձեց մեղմացուցիչ դեպք հանցանաց գտնել՝ էնքան ծանր բեռ է, որ իրենք չեն կարող տանել. «Իսկ լավ բանը, որ կարող են անել, իշխանությունից հեռանալն է»։ Խորեն Սարգսյանի ասելով, այսօր ամեն քաղաքացի առանձին է տրտնջում. «Եթե հավաքվեն եւ միասին տրտնջան, կտեսնեն, որ իրենք ավելի ահավոր վիճակի մեջ են ընկած»։ Պա՞րզ է։ Հարցերն ուղղեք Խորեն Սարգսյանին։ Բայց մինչեւ այդ ինքն է հարցեր տալիս. «Եթե կապը վաճառում եք, ջուրը վաճառում եք, ի՞նչն եք ղեկավարում, ո՞րն ա ձերը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել