Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Հոկտեմբեր 04,2001 00:00

ՕՐԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀՀ կառավարությունը հունիս ամսին՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ազգային ժողովին էր ներկայացրել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը մշակութային գործիչներին եւ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին հրավիրել էր ԱԺ՝ մասնակցելու օրենքի նախագծի քննարկումներին։ Բուռն ու երկարատեւ քննարկումների արդյունքում եղան արժեքավոր դիտողություններ եւ առաջարկներ, որոնք, ինչպես հավաստիացրեց օրենքի նախագծի հեղինակ, մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը, իրենց արտացոլումը կգտնեն օրենքում։ Սակայն, ինչպես եւ սպասվում էր, եղան նաեւ բազմաթիվ գերզգացմունքային, պաթոսով լի ելույթներ, որոնք, ըստ էության, ոչինչ չէին կարող տալ օրենքի նախագծին։ Տասնյակ ելույթներում մեր մշակութային գործիչները ելքեր էին առաջարկում մշակույթը ոտքի կանգնեցնելու, մշակութային արժեքները պահպանելու, դրանց թիվն ավելացնելու եւ այլնի մասին։ Ու քանի որ դահլիճում ներկա եւ հատկապես ակտիվ էին թատերարվեստի գործիչները, նրանց ելույթներն առավելապես վերաբերում էին թատրոնի խնդիրներին։ Գրեթե բոլոր ելույթներում առաջարկվում էր արվեստի մեկենասների հարկային բեռը թեթեւացնելու օրինական ճանապարհի փնտրտուք, քանզի բոլորն են գիտակցում, որ պետությունը, որի բյուջեի ընդամենը 1%-ն է հատկացվում մշակույթին, չի կարող սեփական միջոցներով ոչ միայն զարգացնել, այլեւ պահպանել մշակույթը։ Մեր մշակութային գործիչների կարծիքներն այս եւ մշակույթին առնչվող մյուս կարեւորագույն խնդիրների մասին կարող եք կարդալ «Առավոտի» վաղվա համարում։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել