ՍԱ Է ՄԵՐ «ԿՌԻՎԸ» ՎԵՐՋԻՆ Ֆուտբոլի 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական 5-րդ խմբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելու է Հին աշխարհամասի ամենաճանաչված թիմերից մեկին՝ Նորվեգիայի հավաքականին։ Մրցաշարի այս փուլի վերջին խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք սկսել են նախապատրաստվել այս կարեւոր խաղին։ Տեղի ֆուտբոլիստները հավաքը սկսել են սեպտեմբերի 30-ին, իսկ լեգեոներները նրանց են միացել մի փոքր ուշ։ Մարզիչներն իրենց սաների առջեւ դրել են մեկ խնդիր՝ հաղթել աշխարհի ուժեղագույն թիմերի շարքում դասվող մրցակցին։ Ճիշտ է, դա հեշտ չէ, բայց չմոռանանք, որ նորվեգացիներին էլ այս մրցաշարում միավորները մեծ դժվարությամբ են տրվում։ Լավատեսության հիմքեր տալիս է նաեւ այն, որ Հայաստանի հավաքականի ընտրանու կորիզը հիմնականում պահպանվել է ու տղաներն էլ ոչ միայն մարտական տրամադրություն ունեն, այլեւ լավ մարզավիճակում են։ Իսկ եթե նկատի ունենանք, որ հայ ֆուտբոլիստներն ընտրական մրցաշարում գոնե մեկ անգամ հաղթանակ տանելու ծարավի են ու սա վերջին հնարավորությունն է, այն էլ սեփական հարկի տակ, իրենց երկրպագուների աչքի առջեւ, ապա դիտարժան ֆուտբոլային ճակատամարտ է սպասվում։ Ցավոք, մեր հավաքականում ինչպես առանցքային, այնպես էլ երիտասարդ ու խոստումնալից մի քանի ֆուտբոլիստների այդ օրը դաշտում չենք տեսնի։ Խոսքն առաջինը, թերեւս, վերաբերում է հարձակման գծի առաջատար Սերգեյ Մովսիսյանին, որը վնասվածք ունի։ Հավանաբար, բացակայեն նաեւ Ռուսաստանի թիմերում խաղացող Կարեն Դոխոյանն ու Սարգիս Հովսեփյանը։ Նրանց ակումբների ղեկավարները անհասկանալի ու, կարծում ենք, չհիմնավորված պատճառաբանություններով ֆուտբոլիստներին չեն թողել գալ ու մասնակցել այս պատասխանատու հանդիպմանը։ Նույն կերպ է վարվել նաեւ Ռոստովի ԲՄԱ-ն, որը շարունակելով իր նախորդ ակումբի որդեգրած քաղաքականությունը, չի համաձայնել, որ մի քանի օրով բացակայի 25-ամյա հարձակվող Միքայել Մարկարովը։ Նորվեգացիների հետ հանդիպմանն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում նաեւ մեր երիտասարդական հավաքականը, որն Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ հանդես է գալիս Եվրոպայի առաջնության ընտրականում։ Գյումրեցի մարզիչը, հավատարիմ իր սկզբունքներին, գնահատելով անցած խաղերում ցույց տված կայուն ու վստահ խաղը, թիմի կազմում փոփոխություններ չի կատարել։ Նա համոզված է, որ բոլորն էլ արժանի են վստահության։ Մրցակիցն, իրոք, ահեղ է։ Սակայն մեր թիմն էլ իր հերթին տենչալու է «վրեժխնդիր» լինել մեկնարկում` մրցակցի դաշտում կրած 1։5 հաշվով խոշոր պարտության համար։ Իրագործելի՞ է դա։ Այո, որովհետեւ թիմում վնասվածքներով ու որակազրկված ֆուտբոլիստ չկա։ Բայց դրա փոխարեն կան ֆուտբոլիստներ, ովքեր հասցրել են թրծվել այլ երկրներում։ Մասնավորապես, նշենք «Բանանցի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի անունը։ Նրա շնորհիվ է նաեւ, որ թիմը, որտեղ մոտ մեկ տարի խաղացել է Կարենը, ըստ հավաստի տեղեկությունների, կտրուկ բարալավել է մրցաշարային աղյուսակն իր խմբում ու, որ ավելի կարեւոր է, այդ երկրի առաջնությունում։ Եվ վերջում հիշեցնենք, որ Հայաստան-Նորվեգիա խաղի սկիզբը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ կտրվի Երեւանի ժամանակով ժամը 17։30-ին։