Լրահոս
Օրվա լրահոսը

Խորեն

Հոկտեմբեր 04,2001 00:00

«ՉԳԻՏԵՄ՝ ՎԵՐՋՈՒՄ ԻՆՁ ԱՆԻԾԵԼՈ՞Ւ ԵՆ, ԹԵ՞ ՕՐՀՆԵԼՈՒ» Խորեն Աբրահամյանը հիշեց Տրդատ Մեծի այս խոսքերը, երբ զրուցում էինք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատասենյակներից մեկում։ Հիշեց, ասես արձագանքելով այն հեռավոր օրերի իրադարձություններին, որոնք հիմք են հանդիսացել Պերճ Զեյթունցյանի «Խոր Վիրապ» դրամայի համար։ «Գլխավորն այստեղ պաթոսն է։ Պատմական դեպքերը բեմում վերարտադրելիս՝ գեղարվեստորեն համոզիչ լինելը, դրանց խորհուրդը՝ տեղ հասցնելը»։ Իսկ խորհուրդն այսօր էլ շատ արդիական է… Հայտնություն արած չենք լինի, եթե ասենք, որ այսօր էլ, ինչպես չորրորդ դարասկզբին, հայությունը պատրաստվում է թեւակոխելու միանգամայն նոր աշխարհայացքային ոլորտ։ Տիեզերքն է, կարծես, վերաձեւվում մեր առջեւ։ – Նույնիսկ սեպտեմբերի 11-ի դեպքերն իմ մեջ շատ բան փոխեցին,- շարունակեց վարպետը։- Թվում է, մարդկությունն իր համար նոր ճշմարտություններ է հայտնաբերում։ Երեւի թե արդեն պետք է նոր օրենքներով ապրել։ Հիմա այլեւս չկան «ուրիշի դժբախտություն», «հեռավոր ինչ-որ երկրում կատարված արհավիրք» հասկացությունները։ Դրանք բոլորն արդեն շատ որոշակիորեն մերն են՝ բոլորինս։ Եվ այդ թելադրում է մեզ նոր պայմաններ. ինչպե՞ս ապրել, ինչպե՞ս վարվել… – Որքան գիտեմ, այս գործի գաղափարը վաղուց էր խմորվում Ձեր մեջ։ – Այո, մոտ 3 տարի Պերճ Զեյթունցյանի հետ մենք գրեթե չենք ընդմիջել մեր համատեղ աշխատանքը։ Այն շարունակվում է մինչեւ օրս եւ կշարունակվի մինչեւ անդրանիկ ներկայացումները՝ հոկտեմբերի 19, 20, 21-ը… Աշխատանքային այս կերպը նմանօրինակ գործերի համար՝ գտնում եմ, շատ նորմալ է։ – Նմանօրինակ ասելով նկատի ունեք հոբելյանակա՞ն։ – Իհարկե՝ ոչ։ Նկատի ունեմ գործի բնույթը։ Անկեղծ ասած, տոնական ներկայացումներ պատրաստելը ինձնից շատ հեռու բան է։ Ես անում եմ այն, ինչ սրտումս կա։ Բայց, անշուշտ, սա մեծ տոնի է նվիրված, շատ մեծ՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։ Էլ ի՞նչ կա ավելի նշանակալի մեր ժողովրդի կյանքում։ Գուցե դրանից է, որ դեռեւս փոքր-ինչ անհամարձակ եմ։ Ես, ընդհանրապես, գործ անելիս համարձակության պակաս չեմ ունեցել։ Բայց թե ինչո՞ւ եմ կաշկանդված՝ որովհետեւ նյութի հետ դեռ ազատ վարվել չեմ կարողանում։ Հիմա էլ տեսնում եմ այն դեմքերը, որ ասելու են. «Այս բանն այստեղ չի եղել», «Այս խոսքն այդ օրը չի ասվել, այլ երկու տարի հետո» եւ այլն, եւ այլն։ Այդպես էր նաեւ «Սարոյան եղբայրների» ժամանակ։ Սակայն իմ խորին համոզմամբ, դրանք լուրջ խոսակցություններ չեն։ Ես թատերականորեն եմ վերարտադրում պատմությունը, այսինքն՝ գեղարվեստորեն, այլ ոչ թե պատմական փաստեր եմ արձանագրում։ – Ասում են, ներքին երկյուղը ստեղծագործողի համար հաջողության գրավական է։ Բայց, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն չի պայմանավորված նաեւ սունդուկյանական բեմում հանդես գալու երկարատեւ ընդմիջումով։ – Իմ կյանքում չի եղել մի դեպք, որ ես գործն անեմ, ապա առոք-փառոք վայելեմ պտուղները։ Եվ այս դեպքն էլ բացառության նման չէ։ Ես հերթական անգամ ահուդողով ներկայանալու եմ հանդիսատեսին, այն էլ՝ ինձ հարազատ թատրոնում, ուր իրոք ոտք եմ դնում 6-7 տարի ընդմիջումից հետո։ Սկզբում երկար մտորել եմ, թե որտե՞ղ է ավելի հարմար իրականացնել ներկայացումը, որն, ի դեպ, պետք է նաեւ նկարահանվի որպես ֆիլմ։ Ի վերջո ընտրությունն ընկավ այս թատրոնի վրա, քանի որ նրա բեմը հզոր է, մեծ է եւ դրանով իսկ միանգամայն բավարարում է համապատասխան մասշտաբի ներկայացում խաղալու համար։ Իսկ դժվարությունները, որ հառան այդ ճանապարհին՝ միայն Աստծուն են հայտնի. եւ արտաքին՝ տեխնիկական, եւ ներքին՝ հոգեբանական, որոնք դժվարանում եմ հիմա բացատրել։ Գուցե օրերից մի օր կասվի։ Բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ ինչ էլ կատարվել է այս օջախում, ինչ աստիճանի ավերվել է այն, փոխվել, դարձել է օտար, այնուամենայնիվ, այստեղ հոգիներ կան, որոնք ինձ հարազատ են եւ, անկեղծ ասած, իմ հույսը նաեւ նրանց վրա է… Տեսնենք։ – Ձեր ճակատագիրը հաճախ նմանվում է Ձեր գեղարվեստական հերոսների ճակատագրին։ Ուստի այս երկարատեւ բացակայությունն ու ցանկալի վերադարձը «հայրական օջախ», նույնպես կարող է դիտվել որպես խորհրդանշական շրջադարձ Մայր թատրոնի կյանքում։ – Իմ հերոսներին ես չեմ հորինում, նրանք ես եմ եւ, բնականաբար, միշտ էլ ինձ հետ են։ Իսկ ներկայիս աշխատանքը, մշակութային հարցերը տնօրինող նախարարության հետ եղած պայմանավորվածության համաձայն, մտնելու է թատրոնի խաղացանկը, այլապես իմաստ չէր ունենա լծվել այսպիսի մեծ ծավալի աշխատանքների։ Հետագա անելիքների ծրագրեր էլ ունեմ, բայց մտքովս անգամ չի անցել ստանձնել ղեկավար պաշտոն եւ կանխորոշել թատրոնի ճակատագիրը։ Եթե թատրոնն այսօր պատվով է կատարում իր առաքելությունը, ապա մտահոգության խնդիր չեմ տեսնում։ Իսկ եթե դա այդպես չէ՝ թող մտածեն։ Ընդ որում, ոչ թե վերադաս մարմինները, այլ ժողովուրդը։ Այս թատրոնը միշտ էլ եղել է նրանը։ Սա հայ ժողովրդի առաջին թատրոնն է։ Եվ դրան արժանի վերաբերմունք պետք է ունենա։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել