Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանական

Հոկտեմբեր 04,2001 00:00

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ Իրավաբանական խորհրդատվության համար քաղաքացիները առավել հաճախ դիմում են աշխատանքային, բնակարանային, ամուսնաընտանեկան, սոցիալական, կենսաթոշակային, ժառանգության, քաղաքացիաիրավական պայմանագրերին վերաբերող հարցերով։ Այս մասին է վկայում «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» անցկացրած ուսումնասիրությունը։ Հատկապես մարզերում իրավաբանական տեղեկատվության մեծ պակաս կա։ Քաղաքացիների իրավական գրագիտությունը շատ ցածր մակարդակի վրա է եւ, արագ փոփոխվող օրենքների պայմաններում, մարդիկ հաճախ տեղյակ չեն իրենց իրավունքներին եւ չգիտեն, թե ինչպես դրանք պաշտպանեն։ Այս բացը լրացնելու համար «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան» մի ծրագիր է իրականացրել Հայաստանի մարզերում։ «Իրավաբանական տեղեկատվության եւ օգնության տարածաշրջանային կենտրոններ» կոչվող այդ ծրագրի հիմնական նպատակներն են եղել՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել Շիրակի եւ Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակչությանը եւ այդ շրջաններում իրականացնել իրավական տեղեկատվության տարածման աշխատանքներ։ Երեկ ասոցիացիան հրավիրել էր ծրագրի ավարտական շնորհանդեսին՝ ներկայացնելու կատարված աշխատանքը։ Ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ 1995թ. ստեղծված իրենց ասոցիացիայի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի, որպես իրավական ժողովրդավարական, սոցիալական, ինքնիշխան պետության կայացմանը։ Ասոցիացիան հիմնականում զբաղվում է բնակչության լայն խավերին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմամբ եւ իրավաբանական տեղեկատվության տարածմամբ։ Ասոցիացիան նաեւ անվճար փաստաբանական ծառայություններ է մատուցում փախստականներին եւ ապաստան հայցողներին։ Մարզերում կազմակերպում են հեռուստահաղորդումներ, որոնք լուսաբանում են բնակչությանը հուզող իրավական խնդիրները։ Ասոցիացիան հրատարակել է նաեւ ՀՀ օրենսդրության 14 տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվական թերթիկներ՝ պարզ, մատչելի լեզվով գրված, որոնք, Հայաստանի տարբեր մարզերում գործող կազմակերպության 7 գրասենյակների միջոցով, անվճար տարածվում են բնակչության շրջանում։ Ասոցիացիայի փոխնախագահ, «Իրավաբանական տեղեկատվության եւ օգնության տարածաշրջանային կենտրոններ» ծրագրի ղեկավար Դավիթ Աբգարյանը տեղեկացրեց, որ անցած մեկ տարվա ընթացքում ծրագրի գրասենյակներում անվճար իրավաբանական օգնություն է ստացել Գյումրիում՝ շուրջ 2350 մարդ, Կապանում՝ 2100 մարդ, Գորիսում՝ 800 մարդ։ Տեղական հեռուստաընկերությունների հետ համատեղ եթեր է հեռարձակվել «Մենք եւ մեր իրավունքները» հաղորդաշարը։ Իսկ հաղորդումների թեմաներն ընտրել են՝ հաշվի առնելով, թե որ հարցերով են քաղաքացիներն ավելի հաճախ դիմում Գորիսում, Կապանում եւ Գյումրիում բացված կազմակերպության գրասենյակներին։ Վերջիններս քաղաքացիներին մատուցել են բանավոր իրավախորհրդատվություն, ներկայացրել իրավական ակտերի առնչությամբ պարզաբանումներ, օգնել գրավոր փաստաթղթերի կազմման հարցում, ինչպես նաեւ՝ ներկայացրել քաղաքացիների շահերը տարբեր մարմիններում։ Դավիթ Աբգարյանը նկատեց, որ բնակչությանն առավել հուզում են քաղաքացիաիրավական հարցերը, քանի որ «այդ ոլորտում անվճար իրավաբանական օգնության հարցերը դուրս են մնացել օրենսդրական կարգավորման շրջանակներից։ Քրեաիրավական ոլորտում պետությունը որոշակի գումարներ, այնուամենայնիվ, հատկացնում է անվճար իրավաբանական օգնության նպատակով, մասնավորապես՝ քրեական դատավարության ժամանակ պաշտպան է տրամադրվում պետության հաշվին։ Իսկ քաղաքացիաիրավական ոլորտը դուրս է մնացել իրավական կարգավորման ոլորտից, եւ այդ հոգսը ընկել է ոչ կառավարական կազմակերպությունների վրա, ինչպես, օրինակ, մեր ասոցիացիան է»։ Ծրագիրն իրականացվել է «Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հատկացրած միջոցներով։ Ու, թեեւ ծրագրի ժամկետն ավարտվել է, բացված կենտրոնները կշարունակեն գործել՝ ասոցիացիայի ներքին ռեսուրսների եւ դոնոր այլ կազմակերպություններ ներգրավելու հաշվին, քանի որ բնակչության համար, դատելով արձագանքից, այդ կենտրոնները շատ օգտակար են։ ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի անունից ողջունեց «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիային»՝ կատարած «շատ կարեւոր գործի համար, որի արդյունքները առկա են»։ Պրն Մկրտումյանը, վկայակոչելով հանրապետության դատական վիճակագրությունը, նշեց, որ քաղաքացիաիրավական բնույթի վեճերը շուրջ 6 անգամ ավելի շատ են, քան՝ քրեական։ Մոտ 30 հազար քաղաքացիական գործ է քննվում, իսկ քրեական՝ 5 հազար։ ՀՀ փաստաբանների միության նախագահ Միքայել Փիլիպոսյանը եւս բարձր գնահատեց ասոցիացիայի կատարած աշխատանքը, համաձայնելով, որ քաղաքացիաիրավական ոլորտը դուրս է մնացել պետական ուշադրությունից։ Ասոցիացիան հրապարակել է նաեւ մի ուսումնասիրություն՝ «Անվճար իրավաբանական ծառայությունները Հայաստանում», որտեղ ուշագրավ վիճակագրական տվյալներ կան՝ իրավական հարցերի առնչությամբ բնակչության վերաբերմունքը պարզող։ Դրանք մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք առանձին հրապարակմամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել