Հացարտադրության ոլորաններում 1991 թվից Հայաստանը որդեգրել է հացի շուկայի ազատականացման քաղաքականություն, որի արդյունքում Երեւանում, Վանաձորում, Հրազդանում, Գյումրիում եւ այլուր 41 պետական հացի գործարաններ մասնավորեցվել են։ Ըստ գյուղնախարարության Պարենային ապահովության քաղաքականության վարչության պետ Վալերի Ազոյանի տրամադրած տեղեկատվության՝ բացի նախկին պետական հացի գործարաններից, ներկայումս գործում են պետության կողմից արտոնագիր ունեցող շուրջ 1000 հացարտադրող սուբյեկտներ, որոնք բոլորը միասին օրական 1000 տոննա ցորեն կամ ալյուր են օգտագործում հացաթխման համար, իսկ տարեկան սպառվում է մոտ 360-370 հազար տոննա հաց։ Վերջինս գտնում է նաեւ, որ ըստ հացի սպառման կարելի է որոշել հանրապետությունում ապրող բնակչության թիվը. «Ու եթե սովորաբար 1 շնչին բաժին է ընկնում օրական 250 գրամ հաց, իսկ Հայաստանում այն նույնիսկ 360 գրամի է հասնում, որն էլ տարեկան կազմում է 360 հազար տոննա, ուրեմն՝ հանրապետությունում բնակչության թիվը մոտ 3 մլն է»։ Ի դեպ, Հայաստանում ալյուր ավելի քիչ է ներմուծվում, քան ցորեն, որովհետեւ ալյուրի համար սահմանված մաքսատուրքը 10% է, իսկ ցորենի ներմուծման ժամանակ մաքսատուրք չի գանձվում։ Մինչ հացի շուկայի ազատականացումը Հայաստանում կային 7 ալրաղաց խոշոր ձեռնարկություններ։ Ուսումնասիրություններով պարզվել է, որ սրանցից բացի կան նաեւ փոքր հզորությամբ 100-ից ավելի այլ ալրաղացներ։ Ու եթե նախկինում, ասենք, Երեւանի ալրաղացը օրական 800 տոննա ցորեն էր վերամշակում, ապա փոքր ալրաղացները մշակում են ընդամենը 25-40 հազար տոննա, այն էլ՝ տարեկան։ Իսկ նախկին մեծ ալրաղացները աշխատում են ընդամենը իրենց հզորությունների 20-25%-ի չափով։ Ի դեպ, նույն բախտին են արժանացել նաեւ 100-120 հազար տոննա հզորությամբ նախկին պետական հաց արտադրող ձեռնարկությունները, որոնցից շատերը կամ ընդլայնել են իրենց արտադրանքի տեսականին, կամ ստիպված փոխել պրոֆիլը։ Որովհետեւ հացամթերքի շուկայում գործում է հզոր մրցակցություն, որին վերջիններս չէին կարող դիմանալ, քանի որ ավելի պակաս մրցունակ էին, քան փոքրերը, հետո ավելի մեծ հարկեր են վճարում (հողի, գույքահարկ եւ այլն)՝ ի տարբերություն նրանց։ Իմիջիայլոց, նախկին պետական հացի գործարաններից մեկի տնօրենը մի առիթով պնդել է, թե ամեն տարի հացարտադրությունից ամենաքիչը 7-8 մլրդ դրամ պետք է մտնի պետբյուջե, սակայն այդ թիվը հայտնի պատճառներով 1 մլրդ-ից այն կողմ չի անցնում, որովհետեւ փոքր ձեռնարկություններից յուրաքանչյուրի «հետեւում մի-մի դեպուտատ է կանգնած», որը նրանց պաշտպանում է պետստանդարտի, սանէպիդծառայության եւ հարկային մարմինների «ոտնձգություններից»։ Ըստ գյուղնախարարության ներկայացուցչի, չնայած Հայաստանը հացահատիկ ներմուծող պետություն է, սակայն մեր ներքին շուկայում հացի գները իրոք զգալիորեն ցածր են, քան այն պետություններում (ՌԴ, ԱՄՆ, Եվրահանձնաժողով), որոնցից հաց է ներմուծվում: Բայց միայն գների ցածր լինելը չպետք է համարել հացի շուկայի կայացման գրավական, ինչպես հաճախ պնդում են պարոնայք՝ գյուղնախարարությունից, մանավանդ, մոռանալով, որ ի տարբերություն Հայաստանի, հարուստ երկրներին երբեք հումանիտար օգնության տեսքով հացահատիկ չի տրվում։ Իսկ մեզ տրվել է՝ 60 հազ. տոննա ԱՄՆ-ից, 1000 տոննա՝ Չինաստանից, եւս 10 հազ. տոննա Հունաստանից է սպասվում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ