Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցյալ

Հոկտեմբեր 04,2001 00:00

«ՌԵՆԿՈՆ»՝ ՕՐԵՆՔՈՎ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱ՞ՆԸ Անցյալ շաբաթ «Առավոտը» գրել էր այն մասին, որ մասնավոր անձի վարձակալած տարածքը առանց նրա տեղեկության Երեւանի քաղաքապետի որոշման հիման վրա տրվել է վարձակալության «Ռենկո» ՓԲԸ-ին։ Վերջինիս հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անջելո Դաուրիան հավաստիացնում է, որ այդ հողամասը, ի թիվս հարեւան տարածքների, վարձակալելիս իրենք չեն իմացել դրա՝ արդեն իսկ վարձակալված լինելու մասին։ Այդ մասին տեղեկացել են միայն, երբ աշխատանքներն սկսված էին, թեեւ պրն տնօրենը դժվարացավ կոնկրետ ժամկետը նշել։ Քաղաքացի Սուսաննա Անախաթունյանի փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրեց «Ռենկո» ՓԲԸ-ին ուղղված իր դիմումի պատճենը, որով նա վերջիններիս տեղեկացնում է վերը շարադրվածի մասին։ Այն թվագրված է ս.թ. մայիսի 28-ի ամսաթվով։ Այս նամակով փաստաբանը տեղեկացրել է նաեւ, որ քաղաքապետի հիշյալ որոշումը մասամբ (իր վստահորդի հողատարածքին վերաբերող մասով) անվավեր ճանաչելու պահանջի մասին գործը գտնվում է առաջին ատյանի դատարանի վարույթում։ Եվ ելնելով դրանից, խնդրել է «դադարեցնել «Ռենկո» ՓԲԸ-ի բոլոր այն անօրինական գործողությունները, որոնք կապված են վերը հիշատակված հողամասի հետ»։ Մեր հարցին, թե ինքն ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը, Անջելո Դաուրիան պատասխանեց. «Լուծումը շատ պարզ է»։ Նա պատմեց, որ կրկնակի վարձակալության փաստի՝ հայտնի դառնալուց հետո քաղաքապետարանում տիկնոջը առաջարկել են այլ տարածք։ Վերջինս հրաժարվել է, քաղաքապետարանում աղմուկ բարձրացրել, իրեն վատ պահել։ Մի խոսքով, պրն Դաուրիայի կարծիքով էլ պրոբլեմի լուծումը ուրիշ տարածք տալն է։ Այն հարցին, թե պրն տնօրենն անձամբ ներկա եղե՞լ է այն ամենին, ինչ պատմեց, Անջելո Դաուրիան հերքեց իր՝ ականատես լինելը. «Ես ներկա չեմ եղել, ինձ այնտեղ պատմել են։ Եվ ես նրանց հավատում եմ»։ Իսկ ավելի շատ պրն Դաուրիան հավատում է «պետական պաշտոնյայի, քան սովորական քաղաքացու»։ Ով՝ ով, ԶԼՄ ներկայացուցիչները լավ ծանոթ են պետական պաշտոնյաների խոսքի արժանահավատությանը։ Սակայն դատողություններ անելուց առաջ, այնուամենայնիվ, որոշեցինք այս մասին հարցնել Ս. Անախաթունյանին եւս։ Նրա խոսքի արժանահավատությունն էլ թողնելով իր եւ, եթե անհրաժեշտ համարվի՝ դատարանի խղճին եւ որոշմանը, արձանագրում ենք նրա պատասխանը. «Ես երբեք քաղաքապետարան չեմ մտել։ Իմ գործերը վարել է իմ փաստաբանը»։ Մեր հարցին, թե քաղաքապետարանում չի՞ զրուցել որեւէ պաշտոնյայի հետ, նա ասաց. «Դրա մուտքն էլ չգիտեմ»։ Ս. Անախաթունյանի հետ զրուցելուց հետո էլ ձեռնպահ ենք մնում դատողություններից։ Արձանագրենք միայն, որ քաղաքապետարանում պիտի որ լավ իմանային տիկնոջ «ոտնձգություններից» պաշտպանվելու օրինական ճանապարհը, եթե այդպիսիք, իրոք, եղել են։ Թեեւ նույնիսկ այդ դեպքում հազիվ թե անհրաժեշտություն կար պրն Դաուրիային պատմել տհաճ միջադեպի մասին։ Ի վերջո, դա ի՞նչ կապ ունի խնդրո առարկա հողատարածքի հետ։ Թե ինչպես է ստացվել, որ «Ռենկոն» այդ հողատարածքում աշխատանքներն սկսել է ապրիլին, այսինքն իր կողմից այն վարձակալելուց երեք ամիս առաջ, պրն Դաուրիան իր պատասխանն ուներ։ Մի քանի անգամ տրված հարցին ի պատասխան, նա նույնքան անգամ ասաց, որ տարածքը իրենք վարձակալել են մարտ ամսին։ Մեր ձեռքի տակ է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշումը, որում գրված է. «Սովխոզային հ. 72 հասցեում գտնվող «Արմլեւ» ՊՓԲԸ-ի կողմից ազատվող շինարարական հրապարակը եւ հարող հողատարածքն ամբողջությամբ՝ ընդամենը 1.5482 հա, 99 տարի ժամկետով ս/թ հուլիսի 1-ից վարձակալության հանձնել «Ռենկո» ՓԲԸ-ին»։ Ի պատիվ «Ռենկո» ՓԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անջելո Դաուրիայի, ինչպե՞ս կվարվեք, եթե դատարանի վճիռը լինի ոչ հօգուտ «Ռենկոյի» հարցին ի պատասխան, նրանից լսեցինք. «Եթե օրենքը որոշի, «Ռենկոն» պատրաստ է ենթարկվել օրենքին եւ գործել օրենքի շրջանակներում»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել