Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՈՒՏ

Հոկտեմբեր 04,2001 00:00

100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՈՒՏ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը երեկ անդրադարձավ ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի այն հայտարարությանը, թե 99-ի հոկտեմբերի 27-ին մոսկովյան «Ալֆա» ջոկատին Երեւան հրավիրելու նախաձեռնությունը եղել է ոչ թե նախագահ Քոչարյանինը, այլ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Դրյուկովինը: «Վ.Գասպարյանի հայտարարությունը «Ալֆա» ջոկատի մասին, 100 տոկոսանոց սուտ է: Իրականությունն այլ է: Կ.Դեմիրճյանի աշխատասենյակում ես եմ նստած եղել նախագահ Քոչարյանի կողքին, երբ նա զանգել է Ռուսաստանի այն պաշտոնյային, որն իրավասու էր գործուղել «Ալֆա» ջոկատին: Վովան այդ ընթացքում ԱԺ միջանցքներում «Ռեմբո» էր նկարահանում»,- ասաց պարոն Սաղաթելյանը: Նրա պնդմամբ, նախագահ Քոչարյանը ռուս պաշտոնյային ՀՀ ԱԺ-ում ստեղծված իրավիճակն այսպես էր ներկայացրել՝ 5 թմրամոլներ պատանդ են վերցրել 60 պատգամավորի, մասնագիտացված խումբ ուղարկեք օգնության համար: «Ալֆային» Երեւան բերող ինքնաթիռն արդեն օդում էր, երբ ես զանգել եմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Գնացել եմ ՊՆ, որտեղ ՆԳՆ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ միասին գտնվում էր նաեւ այն ժամանակ փոխնախարար Հայկ Հարությունյանը: Վ. Հարությունյանից հանձնարարություն ստանալով՝ վերջինս մեկնել է օդակայան՝ ռուս գրոհայիններին դիմավորելու: Ջոկատի ղեկավարությունը՝ 5 հոգի, Վ.Հարությունյանի հրամանով, տարվել է ՊՆ, մյուսները՝ ռազմական ոստիկանություն: Վ.Հարությունյանի աշխատասենյակից կապվել են ՌԴ անվտանգության ծառայության պետի հետ, հրահանգ ստացել, որ գրոհային ջոկատը ենթարկվելու է միմիայն Վ.Հարությունյանին: Վերջինս այդ հինգին ուղարկել էր ԱԺ՝ հրահանգելով մասնագիտական օգնություն ցուցաբերել»: Մ.Սաղաթելյանը հայտարարեց, թե 99-ի հոկտեմբերի 27-ին նախագահ Քոչարյանն իրականում երկրում ստեղծված իրավիճակին չի տիրապետել: Նշենք, որ այդ հայտարարությունը հաստատում է շրջանառվող լուրերը, թե Ռ. Քոչարյանը մոսկովյան հատուկ նշանակության ջոկատին Երեւան էր հրավիրել՝ Հունանյանի հանցախմբին վնասազերծելու, ինչը Վ.Հարությունյանի ջանքերով կանխվել էր: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել