Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե պատգամավորական մանդատից իսկապես զրկեին քվեարկությունների կեսից ավելիին բացակայելու պարագայում։

Հոկտեմբեր 04,2001 00:00

ԱԺ-ն կզրկվեր 15 պատգամավորից Եթե պատգամավորական մանդատից իսկապես զրկեին քվեարկությունների կեսից ավելիին բացակայելու պարագայում։ Անշուշտ, հասկանալի է, որ պատգամավորական բացակայությունների խնդրի արծարծումն անմիջապես փոխկապակցելու են Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելու՝ հաջորդ շաբաթ նախատեսվող քննարկումների հետ։ Սակայն այդ մանդատը նրան թերեւս առանձնապես հարկավոր էլ չէ։ Ամենայն հավանականությամբ, Վանո Սիրադեղյանը չի վերադառնա պատգամավորական գործունեությանը մինչեւ այս ԱԺ-ի լիազորությունների ժամկետի ավարտը։ Դժվար է ենթադրել, որ նա դարձյալ հայտնվի ասպարեզում, քանի իշխանության ղեկին են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ուստի, պատգամավորների բացակայության խնդիրը դիտարկենք անկախ պրն Սիրադեղյանի հանգամանքից։ Ճիշտ է, 5-րդ նստաշրջանի ընթացքում նա միակն է, որ բացակայել է բոլոր 288 գրանցումներին եւ քվեարկություններին։ Բայց կան ուրիշները եւս, որոնց նկատմամբ եթե կիրառվեր քվեարկությունների կեսից ավելիին (տվյալ պարագայում՝ 144 անգամ) բացակայելու վերաբերյալ դրույթը՝ պիտի քննարկվեր նրանց պատգամավորական մանդատից զրկելու հարցը։ Սակայն այդ 15 պատգամավորը թերեւս բժշկի թուղթ են ներկայացրել եւ բացակայությունների մի որոշ քանակ դարձնելով հարգելի՝ ետ են քաշվել անհարգելի 144 բացակայությունների վտանգավոր եզրագծից։ Եվ այսպես, ամենաշատը չքվեարկած պատգամավորների հիթ շքերթն այս է։ 1-ին տեղում Մանվել Բադեյանն է իր 229 բացակայությամբ, որից 71-ը հարգելի է։ 2-րդը Ռոբերտ Ամիրխանյանն է՝ 226 բացակայություններով, որոնցից 72-ն են հարգելի։ Հաջորդը Տարոն Սահակյանն է, որն իր 219 բացակայությունից 188-ի համար «մեղմացուցիչ դեպք հանցանաց» է գտել։ 4-րդ տեղում Մարտին Սուքիասյանն է, որի 203 բացակայություններից եւ ոչ մեկը հարգելի չէր։ Հաջորդն Արա Կետիկյանն է՝ 197/26 համամասնությամբ։ 6-րդ տեղում Ալվարդ Պետրոսյանն է, որը բացակայել է 166 քվեարկությունների ընթացքում եւ միայն դրանցից 6-ն էին հարգելի պատճառով։ Նրան հաջորդում է Վլադիմիր Բադալյանը, որի 165 բացակայություններից եւ ոչ մեկը հարգելի չէր։ 8-րդ տեղում Ալեքսան Կարապետյանն է, որը բացակայել է 163 անգամ, բայց քանի որ բացակայություններից 27-ը հարգելի էին՝ խուսափել է մանդատից զրկվելու վտանգից։ Նրան հաջորդում է Արտաշես Գեղամյանը, որի 157 բացակայություններից եւ ոչ մեկը հարգելի չէր։ Նույնը վերաբերում է նաեւ 10-րդ տեղում հայտնված Հարություն Փամբուկյանին՝ իր 155 բացակայությամբ, 11-րդին՝ Մարտին Հովհաննիսյանին, որը չի քվեարկել 151 անգամ, եւ 12-րդ տեղում հայտնված Նահապետ Գեւորգյանին՝ 156 բացակայությամբ։ 3 պատգամավորներ չեն քվեարկել հավասար չափով՝ 149 անգամ։ Նրանց միավորում է նաեւ այն, որ ե՛ւ Մելիք Գասպարյանի, ե՛ւ Սասուն Միքայելյանի, ե՛ւ Վազգեն Մանուկյանի այդ բացակայություններից եւ ոչ մեկը հարգելի չէր։ Փաստորեն, այս մարդիկ չեն իրագործել այն, ինչի համար էլ իբր հասել էին խորհրդարան. նրանք օրենքների ընդունմանը չեն մասնակցել։ Այս ցուցակը կարող էին համալրել այլ պատգամավորներ, որոնց բացակայությունները, ճիշտ է, 144-ից պակաս են, բայց 100-ից ավելի են՝ Արմեն Մխիթարյան (135/13), Ռուբեն Գեւորգյան (143), Գեւորգ Հակոբյան (119), Արշակ Սադոյան (139), Մուրադ Մուրադյան (125), Ժորա Գալստյան (110), էջմիածնեցի Հակոբ Հակոբյան (120), Հրանուշ Հակոբյան (108/68), Հարություն Մուրադյան (122), Ալեքսան Պողոսյան (121), Վրեժ Շահգելդյան (116), Սամվել Սաղաթելյան (115), Սուրեն Խաչատրյան (121), Հմայակ Հովհաննիսյան (119/28), Արտակ Գրիգորյան (106/26), Էմմա Խուդաբաշյան (114), Հերմինե Նաղդալյան (118), Դավիթ Հովհաննես (129), Գուրգեն Եղիազարյան (115/23), Գագիկ Մանուկյան (108), Հրանտ Խաչատրյան (114/18)։ Եվ որքա՜ն ավելի ստվար կլիներ այս ցանկը, եթե խորհրդարանում չհարատեւեր միմյանց փոխարեն գրանցվելու եւ քվեարկելու արատավոր սովորույթը։ Վերջում, այնուամենայնիվ, կցանկանայի անդրադառնալ բացակայությունների համար Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելու նախաձեռնությանը։ Մի կողմ թողնենք իրավական այն թնջուկը, որ մատնանշեց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. այն է, որ օրենսդրւթյամբ այդպես չի սահմանված, թե այդ քննարկմանը Վանո Սիրադեղյանին հրավիրելու համար պիտի տեղեկացնեին նրա կնոջը կամ ՀՀՇ վարչությանը։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ 1997-ին նախորդ գումարման ԱԺ-ի 5-րդ նստաշրջանի ընթացքում Ռուբիկ Հակոբյանը, Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը, Պարույր Հայրիկյանը, Ներսես Զեյնալվանդյանը բացակայել էին բոլոր 196 եւ արտահերթ նստաշրջանի 19 քվեարկություններին։ Թեեւ 98 անգամ ներկա չլինելն էլ էր բավարար նրանց մանդատից զրկելու համար՝ նրանց բոլոր բացակայությունները համարվեցին հարգելի։ ԱԺ վերադառնալուց հետո նրանք իրենց բացակայած ողջ շրջանի համար ե՛ւ աշխատավարձ ստացան, ե՛ւ անգամ պարգեւատրում։ Հայտնի է, որ նրանց բացակայության դրդապատճառները քաղաքական էին։ Իսկ այժմ, երբ բացահայտվում է, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տվածները իշխանությունների հետ գործարքի շնորհիվ շատ արագ հայտնվել են ազատության մեջ՝ որեւէ մեկը կարո՞ղ է լիակատար վստահությամբ պնդել, որ այս բացակայության դրդապատճառները եւս քաղաքական չեն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել