Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 04,2001 00:00

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԻՃՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Երեկ Արշակ Սադոյանը հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել եւ ահազանգի պես կրկին հիշեցրեց, որ ոչ մի գնով չպետք է թույլ տալ, որպեսզի կառավարությունն ու «ԱրմենՏելը» իրականացնեն րոպեավճարը։ Պրն Սադոյանը հայտնեց, որ հանրահավաք է կազմակերպելու շաբաթ օրը, որում կրկին ծանրութեթեւ կարվեն ազգին հուզող խնդիրները։ Հանրահավաքի նախաձեռնողներն են ԱԺԴ-ն, «Ժողովրդավարական Հայրենիքը», Դեմկուսը։ Հավանաբար կմասնակցեն Կոմկուսի, ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները։ Հանրահավաքը, անշուշտ, նպատակ է հետապնդում ժողովրդին սթափ պահել եւ հիշեցնել, որ երկուշաբթի պետք է տեղի ունենա «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը եւ, որ վատ չէր լինի, եթե յուրաքանչյուր ընտրող բռներ իր ընտրյալ պատգամավորի կոկորդից եւ պահանջեր քվեարկել այնպես, ինչպես ժողովրդին է հաճո։ Բայց ուր էր թե, պատգամավորները միայն իրենց ընտրողներից կախված լինեին։ Ավելի ճիշտ՝ վերջիններս ամենքից կախված են, բացի՝ ընտրողներից։ Եթե հիշում եք, Արշակ Սադոյանի առաջարկով վերոհիշյալ քվեարկությունը հետաձգվեց 15 օրով։ Արդյո՞ք այդ ընթացքում բավարար աշխատանք տարվե՞լ է քվեարկությունը հօգուտ օրենքի ընդունման անցկացնելու համար։ Արշակ Սադոյանի ասելով՝ իրենց կողմից քիչ աշխատանք է տարվել, բայց միեւնույն է՝ ճշմարտությունը բացվել է՝ հոկտեմբերի 1-ից րոպեավճարը կիրառվելու է։ Ըստ Արշակ Սադոյանի, «ամբողջ կռիվը հետեւյալն է՝ եթե պոկվեց այն, ինչի մասին հիմա չեմ խոսի, դա արդեն լուծված է եւ տեղը պիտի րոպեավճար ընդունվի, կառավարությունը մի հատ էլ համարձակ քայլ կանի, կձգի մինչեւ հունվար եւ վերջ»։ Այժմ մի փոքր շեղվենք լրագրողական ժանրից եւ անդրադառնանք դրամատուրգիային։ Արշակ Սադոյանի եւ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միջեւ այս երկխոսությանը բոլորովին պատահաբար էինք ներկա, բայց, քանի որ ներկա էինք, եւ քանի որ րոպեավճարի խնդիրները նաեւ մեզ են հուզում, հարմար գտանք տպագրել երկխոսությունը, մեկնաբանությունը թողնելով բոլոր նրանց, ովքեր կտուժեն րոպեավճարի կիրառմամբ։ Արշակ Սադոյան (ԱԺ միջանցքում պատահաբար հանդիպելով Գալուստ Սահակյանին).- Ներողություն, ես հայտարարում եմ, եթե ընդունվեց էն օրենքի նախագիծը, որը միջազգային որեւէ ատյանով հնարավոր կլինի չեղյալ հայտարարել, ես հրաժարվում եմ պատգամավորությունից։ Եթե հունվարի մեկից մտնի րոպեավճարը, Գալուստ Սահակյանը հրաժարվո՞ւմ է պատգամավորությունից։ Գալուստ Սահակյան (անակնկալի եկած).- Ախր… Գալուստ Սահակյանի հրաժարվելով կամ Արշակ Սադոյանի հրաժարվելով… էս պետությունում ծրագրված գործողություն պետք է լինի։ Նախ՝ րոպեավճար պիտի չմտնի, հետո ամեն ինչ պիտի անել, որ մոնոպոլ կարգավիճակ լինի։ Դրանք քայլեր են, որ… նույնիսկ եթե դու էլ ասես պատասխանատու ես, ես էլ ասեմ՝ կապ չունի։ Պատասխանատու է կառավարությունը եւ ԱԺ-ն։ Ա. Ս. (խորիմաստ արտահայտությամբ).- Էդ պատասխանատվությունը կա՞։ Մենք որպես պատգամավոր էդ տեսակետին ենք, չէ՞։ Ուրեմն, տեսակետ համար առաջին՝ ես կարծում եմ, որ րոպեավճար չմտցնելու մասին օրենքի նախագիծը, որի տակ ես ստորագրել եմ, եթե ընդունվեց միջազգային որեւէ ատյանով, հնարավոր չի… Գ. Ս. (ընդհատելով).- Հա, ենթադրենք Սադոյանը հրաժարական տվեց, ի՞նչն ա փոխվում։ Ա. Ս. (նույն հանդարտությամբ).- Էղավ։ Ես երբ որ մի բանին կողմ եմ քվեարկում, դրա պատասխանատվությունն եմ վերցնում։ Եթե դուք պատասխանատվություն եք վերցնում, որ եթե քվեարկեմ սրա դեմ, որովհետեւ կառավարությունը բան ա, ուրեմն, եթե հունվարի մեկից մտավ, դուք հրաժարվում եք պատգամավորությունից, որովհետեւ սխալ որոշում եք կատարել, բա էլ պատասխանատվությունը ո՞նց է լինելու։ Գ. Ս.- Պատասխանատվությունը նա է, որ րոպեավճար պետք է չմտնի։ Ա. Ս.- Ներողություն, դա ցանկություն է, դա նպատակ է։ Գ. Ս.- Չէ, էդպես չի։ Ա. Ս.- Ուրեմն դուք էլ, ես էլ նույն նպատակն ունենք, բայց տարբեր ճանապարհներով ենք գնում։ Գ. Ս. (նույն հանդարտությամբ).- Դուք ասում եք, երբ որ բոլոր ծառայությունները կապահովվի, թող մտնի րոպեավճարը, բայց մենք դա էլ չենք ասում։ (Խորամանկ ժպտալով)։ Քվեարկությունը չի կայանալու, մի տանջվիր։ Ա. Ս. (ակնհայտորեն չի լսել վերջին կարեւոր միտքը).- Պատգամավորն իր որոշման համար պատասխանատվություն ունի՞, թե՞ ոչ։ Գ. Ս. (Սադոյանը զուգահեռ անընդհատ խոսում է).- Ախր, քվեարկությունը չի լինելու, ո՞նց ես քվեարկելու։ Ա. Ս. (վերջապես լսելով).- Ո՞նց թե չի լինելու։ Գ. Ս.- Վերցրեք կանոնակարգը նայեք. արտահերթ նստաշրջանում ոչինչ 15 օրով չի կարող հետաձգվել։ Ա. Ս.- Այդ հարցը կանոնակարգով կարգավորված չի։ Քվեարկությունը լինելու է։ Կարող է դուք կամ հանրապետականների մի մասը դեմ լինեք, որ քվեարկությունը լինի, բայց լինելու է։ Երկխոսությունը գրի առավ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ.- Պատկերացնո՞ւմ եք, թե որքան կշահեր «ԱրմենՏելը», եթե այս խոսակցությունը տեղի ունենար հեռախոսով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել