Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կալանավայրերի

Հոկտեմբեր 04,2001 00:00

ԳՈՐԾ Է «ԹԽՎՈՒՄ» ԼՌԵՑՆԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը պատմեց, որ մի քանի ամիս առաջ իրեն զանգահարել էին «Հանրապետություն» կուսակցությունից ու խնդրել այցելել գրասենյակ: Այստեղ կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը տեղեկացրել էր, թե մի մարդ է հայտնվել, որը կալանավայրում «27»-ի գործով մեղադրյալների հետ եղել է նույն խցում եւ տեղեկություններ ունի, որոնք ուզում է հայտնել: «Ես տեղյակ էի, որ այդպիսի անունով գործակալ կա, հին կալանավոր: Նա արդեն գրում էր, թե ինչ օպերատիվ աշխատանք է կատարել քննչական մեկուսարանում եղած ժամանակ «27»-ի գործով կալանավորվածների հետ: Ես կարդացի նրա գրածը, պատռեցի ու կուսակցության գրասենյակից դուրս հրավիրեցի»,- ասաց պարոն Սաղաթելյանը, որն, այնուամենայնիվ, թերեւս, չէր ցանկացել այդ մարդու հետ կապերը խզել եւ ասել էր, որ եթե որեւէ բան ունի ասելու՝ կապվի իր հետ ու գրասենյակ այլեւս չգնա: Հետո, ըստ Մ.Սաղաթելյանի, ինքը Հ.Գրիգորյանի հետ արդեն հանդիպել էր առանձին: Այդ ընթացքում ՆԳՆ գործակալը մանրամասնորեն նկարագրել էր իր օպերատիվ գործունեությունը, ձեռք բերած տեղեկությունները, «27»-ի գործով մեղադրյալների՝ իր հետ նույն խցում եղած ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի եւ նախկին մեղադրյալ Մուշեղ Մովսիսյանի հետ խոսակցությունները եւ այլն: «Ես 10 տարի աշխատել եմ այդ համակարգում, ի պաշտոնե գործ եմ ունեցել նաեւ գործակալների հետ ու նրա աշխատանքների մասին օպերատիվ բոլոր հայտարարություններին արդեն տեղյակ էի դեռ 2000 թ. հունվար-մարտ ամիսներին: Հանդիպումների ժամանակ խոսք էր եղել նաեւ մի իրեղեն ապացույցի՝ ձայնագրության մասին: Երրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն կար, որ նա պետք է ձայնագրությունը բերեր, որտեղ նկարագրված էր, թե «27»-ի հանցախումբը ինչ պայմանավորվածություն է ունեցել ԱԺ մտնելու մասին: Բայց ես զգացի, որ մեզ հետեւում են, ու հասկացա, որ դա պարզապես խաղ էր»,- ասաց Մ.Սաղաթելյանը: Իհարկե, մինչ այդ գործակալը Մ.Սաղաթելյանին էր փոխանցել «27»-ի գործով նախկին մեղադրյալ Մ.Մովսիսյանի՝ մինչեւ ոճրագործությունը գրառած օրագիրը: Ըստ Մ.Սաղաթելյանի, այդ հանդիպումից երկու օր անց Հ.Գրիգորյանը տարվել է ՆԳ նախարարություն, որտեղ ծնվել է նախկին գործակալի վերը հիշատակված հայտարարությունը: Մ.Սաղաթելյանը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, թե՝ «այդ ամենն անում է հանրապետության նախագահը»: Նա հայտարարեց, թե ինքն այն կարծիքին է, որ «27»-ի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են. «Ես հիմքեր ունեմ այդպես ասելու: Ես դա ասել եմ հենց նախագահի ճակատին՝ 2000թ. մարտին՝ 17 հոգու, այդ թվում՝ նախկին եւ ներկայիս պաշտոնատարների ներկայությամբ եւ դրանից չեմ հրաժարվում»: Իհարկե, այդ հանդուգն հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2000-ի ապրիլին, Մ.Սաղաթելյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: «Ես չեմ վախենում, բայց, միեւնույն ժամանակ, թույլ էլ չեմ տա ինձ ոչնչացնել»: Նա փորձեց փաստարկել իր համոզմունքները: «Ես Քրեական պատիժների իրականացման վարչության պետ եմ եղել, իմ գլխավորած մեկուսարանում են գտնվել «27»-ի գործով մեղադրվող հանցագործները՝ բացի Կարեն Հունանյանից, ես ի պաշտոնե ստացել եմ նրանց ու գործին վերաբերող ամբողջ տեղեկությունը, եղել եմ նաեւ քննչական մարմնին մոտ կանգնած մարդ, տեսել ու լսել եմ ամեն ինչ»,- գործի մանրամասներին իր քաջատեղյակ լինելն ակնարկեց Մ.Սաղաթելյանը: «Այդ ամենից հետո, եթե նախաքննական մարմնի գործունեությունը վերահսկող զինդատախազ Ջհանգիրյան Գագոն ասում է՝ «երեխաներիս թաղեմ, թե Սերժն ու Ռոբերտը չեն», իրավունք ունե՞մ չհավատալու»,- հռետորական հարցադրում արեց պարոն Սաղաթելյանը: Նա նաեւ հավաստիացրեց, թե 99թ. հոկտեմբերի 27-ից հետո գործի նախաքննությունն ամբողջովին ուղղորդվել է եւ օպերատիվ ծառայությունների ստացած մանրամասն հայտարարությունները՝ խմբի անդամների գործողությունների մասին, խեղաթյուրվել են: Թե ինչպես, նա փորձեց պարզաբանել. «Օպերատիվ տեղեկությունն ինքնին դեռ փաստ չէ եւ ենթակա է իրավաբանական հետազոտման: Այդ փաստերի պատճենները հիմա էլ կան քննչական մեկուսարանների օպերատիվ ծառայություններում, իսկ բնագրերը, ըստ կարգի, հանձնվել են քննչական մարմնին: Ինչո՞ւ էր Ջհանգիրյանն այդ գործակալի (նկատի ունի Հ.Գրիգորյանին- Ն.Մ.) հետ երկու անգամ առանձին հանդիպել. օպերատիվ տեղեկությունների մեջ «ճշտումներ» անելու, որպեսզի դրանք համապատասխանեն բնագրին, որ այնտեղ տրված որոշ անուններ հանվեն, որ հրահանգեր՝ ինչպես գրել»: Մ.Սաղաթելյանը հավաստիացրեց, թե ժամանակին ձեռքբերված ու պահպանվող օպերատիվ տեղեկություններն այսօր էլ տարբերվում են գործի նյութերում առկա տեղեկություններից: «Այսինքն՝ քննության ընթացքը կազմակերպված ձեւով խափանվել է դեռ «Հոկտեմբերի 27-ից»,- հայտարարեց Մ.Սաղաթելյանը: Անդրադառնալով Գ.Ջհանգիրյանին ներկայացրած իր մեղադրանքին, նա նշեց, թե վերջինս նախաքննական խմբի ձեռքի տակ եղած նյութերը «թեւի տակ դրած» պարբերաբար այցելել է նախագահ Քոչարյանին, որ վերջինս դրանք կարդա: «Բա ո՞նց չկասկածեմ: Ինչո՞ւ Քոչարյանը հայտարարեց, թե դա թաղայինի գործ է: Ես վաղուց եմ ասել, որ Ջհանգիրյանը գործը տապալում է, նախագահին էլ եմ ասել»,- վստահեցրեց Մ.Սաղաթելյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել