Լրահոս
Օրվա լրահոսը

Ջութակի ավանդույթները

Հոկտեմբեր 03,2001 00:00

Ջութակի ավանդույթները Երեւանում ավարտվեց «Hildegard Pabelick-Ientsch Preis» երկրորդ միջազգային մրցույթը, որի կազմակերպիչներն էին Գերմանիայի «Արվեստի բարեկամներ» միությունը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Հանդիպեցինք ժյուրիի նախագահ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Կրավչենկոյին։ – Ձեր տպավորությունը եւ գնահատականը մրցույթի, նրա մասնակիցների եւ ընդհանրապես ջութակի հայկական դպրոցի մասին։ – Ձեր հարցին պատասխանեմ վերջից։ Դեռ խորհրդային տարիներին ջութակի հայկական դպրոցը լավագույններից էր։ Հաշվվում էր հետեւյալ հերթականությամբ՝ Մոսկվայի, Լենինգրադի, Սվերդլովսկի, Նովոսիբիրսկի, Երեւանի ջութակի դպրոց։ Ուրախ եմ, որ ժյուրիի կազմում հանդիպեցի Ձեր դպրոցի հիանալի ներկայացուցիչներին՝ Հենրիկ Սմբատյանին եւ Էդվարդ Թադեւոսյանին։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանին եւ կազմակերպական կոմիտեին։ Միանգամից ասեմ՝ ժյուրին աշխատեց հաշտ ու համերաշխ, առանց տարաձայնությունների։ Երեք կատեգորիաներում ոչ մի առաջին մրցանակ չշնորհվեց։ Զարմանալի ոչինչ չկա։ Որդեգրել էինք աշխատանքի մեկ ձեւ, գնահատման 25 բալանոց կարգ, այսինքն այն, ինչ ընդունված է ու գործում է հեղինակավոր միջազգային նմանօրինակ մրցույթներում։ Մենք՝ ժյուրիի անդամներս, տխրում ենք, որ թողնելու ենք Երեւանը, այստեղ մեզ զգում էինք, ինչպես տանը։ Հիացած եմ պատանի հայ տաղանդավոր ջութակահարների կատարումներով, տեղին եմ օգտագործում տաղանդավոր բառը։ Եվ այսպես, կատեգորիա 1-ին երկրորդ մրցանակը կիսեցին Մերի Խոջայանը եւ Անուշ Նիկողոսյանը։ Տաղանդավոր ու հմայիչ Մերին արժանացավ նաեւ Սպիվակովի բարեգործական միջազգային հիմնադրամի խրախուսական եւ իմ կողմից սահմանված անվանական մրցանակներին։ Անուշ Նիկողոսյանը ստացավ նաեւ ժյուրիի անդամ, դոկտոր Ինո Միրկովիչի անվանական եւ «Հայաստան-Գերմանիա» ընկերության խրախուսական մրցանակները։ Գարիկ Սարգսյանն ու Սյուզաննա Վարդանյանը կիսեցին երրորդ մցանակային տեղը։ Կատեգորիա 2-րդում Նարեկ Սարգսյանը արժանացավ երկրորդ մրցանակին, իսկ երրորդ մրցանակը կիսեցին երեք ջութակահարներ՝ Արսեն Զորայանը, Աննա Հարությունյանը եւ Դավիթ Ներսեսյանը։ Այո, այսպես էլ է պատահում։ Այս կատեգորիայում Սիրանուշ Ասատրյանը ստացավ հատուկ դիպլոմ՝ մրցույթին մասնակցելու համար եւ գերմանալեզու երկրների կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Կատեգորիա 3-րդ. Այս կատեգորիայում երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանեցին երկուական ջութակահարներ՝ Զոհրաբ Թադեւոսյանը եւ Էլմիրա Խեչիկյանը՝ երկրորդ, Անի Բատիկյանը եւ Գեւորգ Ղարաբեկյանը՝ երրորդ։ Զոհրաբ Թադեւոսյանը արժանացավ նաեւ «Հայաստան-Գերմանիա» ընկերության, իսկ Էլմիրա Խեչիկյանը՝ գերմանալեզու երկրների կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար մրցանակներին։ Սահմանել էինք նաեւ մրցանակներ լավագույն նվագակցության համար։ Այս մրցանակները շնորհվեցին դաշնակահարներ Աննա Միրաքյանին, Մարգարիտ Թովմասյանին, Հասմիկ Պետրոսյանին։ Կարծում եմ, գոհ եք Ձեզ տրված այս մանրակրկիտ հաշվետվությունից։ Իսկ մենք՝ արտերկրից եկած երաժիշտներս ուրախ ենք, որ ունենք լավ ու բարի հայ երաժիշտ-բարեկամներ։ Ամենակարեւորը, հանձինս այսօրվա հայ երիտասարդ ջութակահարների, շարունակվում են ջութակի հայկական դպրոցի լավ ու բարի ավանդույթները։ Մենք այսպես մեր մասնակցությունը բերեցինք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին եւ, իհարկե, նոր տաղանդների բացահայտմանն ու աշխարհի երիտասարդ արվեստագետների միջեւ կապերի ամրապնդմանը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել