Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մնջախաղի ավանդույթները շարունակվում են

Հոկտեմբեր 03,2001 00:00
Հոկտեմբերի 4-10-ը Հայաստանում տեղի կունենա մնջախաղի «Նազենիկ» միջազգային առաջին փառատոնը։ Ինչ խոսք, մինչեւ այս փառատոնը մնջախաղի համար ճանապարհ է հարթվել, ասպարեզ բացվել հայ մշակութային ոլորտում։ Դեռ 1974-ից Արսեն Փոլադովը Հայհամերգին կից սկսեց հիմք դնել եւ, միայն 8 տարի հետո ի վերջո, Փոլադովի օրոք եւ շնորհիվ, 1982թ. բացվեց Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը։ Թատերական այս ժանրի ավանդույթները, իհարկե, պահպանվեց ու շարունակվեց հայտնի մնջախաղացներ Լեւոն Իվանյանի, Յուրի Կոստանյանի, Ստեփան Շահինյանի, Ժիրայր Դադասյանի եւ այլոց շնորհիվ։
19 տարվա ճանապարհից հետո այսօր արդեն Հայաստանում առաջին անգամ կկայանա մնջախաղի միջազգային փառատոն։ Ու յոթ երկրների հայտնի մնջախաղացներ, թատրոններ կգան ու հայ հանդիսատեսին կներկայացնեն իրենց արվեստը։ Սլովենիա-Հունգարիա միջազգային համատեղ ծրագրում «Մուզեում» թատրոնը, Մոնղոլիայի մնջախաղի թատրոնը, Հանսիս Ռուտենտալ (Ռիգա, Լատվիա), Իրկուտսկի թատրոնները, Մ. Կոստավայի անվան (Թբիլիսի) քաղաքապետարանի թատրոնը, Մոսկվայից՝ Գ. Աբրամովի «Էքսպրեսիվ պլաստիկայի դասարան» թատրոնը, Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը հանդես կգան կրկնակի ներկայացումներով։ Լեհ մնջախաղացները, որոնք նույնպես պետք է գային՝ նյույորքյան դեպքերից անհանգստացած, վերջին պահին հրաժարվել էին։
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը, Կովկասյան մշակութային ծրագրերի բյուրոն (Հայաստան), Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամը եւ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը։ Գլխավոր հովանավորն է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը (հայկական մասնաճյուղը), որն ապահովում է մասնակից թատերախմբերի ճանապարհի, կեցության եւ սննդի հարցերը։
Երեկ «Նազենիկ» փառատոնի նախագահ, Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Ժ. Դադասյանը եւ փառատոնի տնօրենն ու մյուս կազմակերպիչները ասուլիս էին հրավիրել։ Վերջիններս ներկայացրին ծրագիրը եւ հրավիրված խմբերին։ Ներկայացումները տեղի կունենան Երեւանի երեք թատրոնների բեմերում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Երեւանի Մնջախաղի եւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոններում։ Ինչ խոսք, փառատոնը կոչվում է Հայաստանում մնջախաղի միջազգային փառատոն, բայց ներկայացումները տեղի կունենան միայն Երեւանում։ Այսինքն՝ երեւանյան երեւույթ է, եւ, հասկանալի է, որ ֆինանսական խնդիրների պատճառով այն չի կարող տարածվել Հայաստանով մեկ։ Կարեւորը սկիզբն է եւ, թերեւս, մի քանի տարի կպահանջվի, որպեսզի այն ընդլայնվի եւ դառնա հայաստանյան մշակութային երեւույթ։ Փաստ է արդեն այն, որ մնջախաղն ամուր արմատներ եւ հանդիսատես հիմնավորապես ունի հայ իրականության մեջ, որի ապացույցը, ինչպես 82-ին Երեւանի Մնջախաղի թատրոնի պետական կարգավիճակի ձեռքբերումն էր, այնպես էլ «Նազենիկ» փառատոնի գաղափարն ու կայացումը։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031