ԱՐԱՏԱՎՈՐ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎԻԶՄ Մինչեւ դեկտեմբերի 15-ը ՀՀ նախագահի հաստատմանը կներկայացվի արվեստի եւ գրականության ասպարեզում Հայաստանի պետական մրցանակի արժանացածների ցուցակը։ Մրցանակակիրների ընտրությունը կատարելու է հատուկ այդ նպատակի համար ստեղծված 42 հոգիանոց հանձնաժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Գրականության, երաժշտության, թատրոնի, կինոյի, կերպարվեստի, ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառներից յուրաքանչյուրի համար նախատեսված է մեկական մրցանակ, սակայն չի բացառվում, որ որեւէ բնագավառում ընդհանրապես մրցանակ չշնորհվի։ Եթե չլինի արժանի գործ, հանձնաժողովը մտադիր չէ արժեզրկել այդ կարեւորագույն մրցանակն ու այն զիջել «չարյաց փոքրագույնին»։ Եվ հակառակը՝ եթե որեւէ բնագավառում մեկի փոխարեն երկու եւ ավելի «հանճարեղ» գործ լինի, եւ մրցակցություն կայանա շատ բարձր արժեքների միջեւ, հանձնաժողովը կարող է դիմել ՀՀ նախագահին՝ «գիտեք, այսպիսի աստվածահաճո եւ ժողովրդային շահերի դիրքերից լավ վիճակ է առաջացել. երկու գործ մրցում են հավասար պայմաններով», եւ գտնել հովանավոր… Բայց Ռազմիկ Դավոյանը՝ հանձնաժողովի նախագահը, որ երեկ հյուրընկալում էր Մամուլի ակումբին, չէր կարծում, թե այդպիսի դեպքեր շատ կլինեն։ Փոխարենը, նա վստահեցրեց, որ արվեստն ինքնիշխան բնագավառ է, որտեղ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ եւ շեշտված՝ ոչ էլ չորրորդ իշխանությունը դեր չի կարող ունենալ. «Արվեստն ինքնիշխան գոյություն է, նրա իշխանությունը բարձրագույն ծառայություններ ունեցող տաղանդավոր անհատներն են, որոնց սերուցքը հիմա հավաքված է հանձնաժողովներում։ Եվ եթե նրանց քննարկումները, նրանց վերջնական եզրակացությունը հանկարծ չբավարարի ձեզ, դուք մի վրդովվեք, որովհետեւ այնտեղ իսկապես ինքնիշխան գոյություն է եւ չի ենթարկվում ոչ մի չորրորդ իշխանության ճնշումների, թելադրանքների»։ Բայց, այնուամենայնիվ, նա գտնում էր, որ ԶԼՄ-ները պետք է արվեստի եւ գրականության տարբեր ճյուղերի թվով 34 գործերը կարեցածին չափով ներկայացնեն լայն հասարակությանը, որպեսզի վերջինս էլ իր լուման՝ հասարակական կարծիքի ձեւով, ունենա գործերի ընտրության մեջ։ Անդրադառնալով այն խնդրին՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ հանձնաժողովի անդամների գործերը եւս ներկայացվեն մրցանակաբաշխությանը, հաշվի առնելով հատկապես այդ երեւույթի շուրջ հակասական տրամադրվածությունը (հիշենք թեկուզ Զորի Բալայանի գործի հետ կապված աղմուկ)՝ պրն Դավոյանը կարծիք հայտնեց, որ բացարձակ սխալ կլինի, եթե հանձնաժողովի անդամները չկարողանան ներկայացնել իրենց գործերը։ Բայց տարակարծություններից խուսափելու համար մշակված են տարբերակներ, որ հետագայում կատարված ընտրությունը կասկածի տակ չդրվի։ Մասնավորապես, քննարկումների փուլում, հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել իր գործի քննարկմանը, բայց քվեարկությանը կմասնակցի։ Այստեղ արդեն հերթը հասնում է տվյալ անձի բարոյական չափանիշներին. «Եղել են դեպքեր նախկինում, տարբեր առիթներով, որ մարդն իր սեփական գործի վրա գիծ է քաշել, մտածելով, որ եթե ես այս մի ձայնով պիտի մրցանակ ստանամ, ավելի լավ է՝ չստանամ»։ Քիչ հավանական է, որ այդ գերազնիվ մոտեցումը պահպանվել է մինչեւ մեր օրերը, այն էլ՝ շոշափելի ֆինանսական հիմքեր ունեցող մրցույթի դեպքում, սակայն հուսանք, որ մրցանակի կարժանանան այն գործերը, որոնք չեն ընտրվի ընդամենը մեկ ձայնի առավելությամբ։ Պրն Դավոյանը ողջ ասուլիսի ընթացքում համառորեն որեւէ անուն չտվեց՝ «Սա ոչ թե արատավոր չեզոքություն է, այլ՝ առարկայական օբյեկտիվիզմ» արդարացմամբ, չցանկանալով որեւէ անգամ մեղադրվել ճնշումներ գործադրելու մեջ։ Ինչպես Գրողների միության համագումարի ժամանակ մեղադրվեց։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ