Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 4-ի թիվ 491 որոշման համաձայն, «Երեւանի միջքաղաքային ուղեւորատար ավտո

Հոկտեմբեր 03,2001 00:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻ՞ՍՏ. ՍՏՈՒՄ ԵՔ ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 4-ի թիվ 491 որոշման համաձայն, «Երեւանի միջքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ-ն ուղղակի վաճառքի ձեւով սեփականաշնորհվել է իր աշխատավորական կոլեկտիվին։ 2001թ. հուլիսի 18-ին տեղի է ունեցել աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը, որին մասնակցել են աշխատավորական կոլեկտիվի 263 անդամներից 233-ը։ Ժողովին ներկա են եղել ՀՀ ՊԳԿ նախարարության վարչության պետեր Տիգրան Հովհաննիսյանը եւ Հայկ Ասատրյանը, Շահումյանի ՆԳԲ պահակային ծառայության պետ Լեւոն Սամվելյանը իր 3 աշխատակիցների հետ (վերջիններիս հրավիրել էր ներկայիս գործող տնօրենը)։ Ժողովը սկսվելու հենց առաջին րոպեներից ընկերության ներկայիս գործող տնօրեն Սաշա Մելիքյանը ժողովի մասնակիցներին պարտադրեց, որ իրեն ընտրեն ժողովի նախագահ, սակայն ժողովի մասնակիցները պահանջեցին, որ ժողովի նախագահի ընտրություններ անցկացվեն։ Ներկայիս գործող տնօրեն Սաշա Մելիքյանը պնդեց իր կարծիքը, տեսնելով, որ ժողովի մասնակիցները չեն ցանկանում իր կամքը կատարել, հայտարարեց, որ ինքը լքում է ժողովի աշխատանքները եւ 21 մարդու հետ (իր մոտ հարազատների ու բարեկամների) ժողովի դահլիճից հեռացավ։ Ժողովին մնացին ներկա կոլեկտիվի 211 անդամները եւ գործող տնօրենի կողմից հրավիրված վերոնշված անձինք։ Ժողովի կողմից ընտրված նախաձեռնող խումբը ժողովի հաջորդ օրը սկսեց իր աշխատանքները իրականացնել (ըստ կառավարության վերոնշյալ որոշման) անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը նախապատրաստելու եւ ՀՀ ՊԳԿ նախարարություն դրանք ներկայացնելու համար։ Կոլեկտիվը ս/թ հուլիսի 20-ի թիվ 2S-2777 մուտքի համարով այդ մասին դիմեց ՀՀ ՊԳԿ նախարար պրն Վարդանյանին, սակայն չստանալով նրա աջակցությունը, ս/թ հուլիսի 23-ին փաստաթղթերի փաթեթը, ըստ պահանջվող կարգի, ներկայացվեց ՀՀ ՊԳԿ նախարարության Աճուրդի կենտրոն (թիվ 08-131 գրությամբ)։ Փաթեթը Աճուրդի կենտրոնում անհրաժեշտ ուսումնասիրության ենթարկելուց հետո ներկայացվեց ՀՀ ՊԳԿ նախարարություն։ Ուսումնասիրելով եւ որոշելով, որ ներկայացված փաստաթղթերը եւ սեփականաշնորհման գործընթացը նորմալ ընթացքով եւ գործող օրենքի ու կառավարության որոշումների պահանջներին համապատասխան է կատարվել, ՀՀ ՊԳԿ նախարարությունը ս/թ հուլիսի 31-ին (3 օր ուշացումով) մեզ տվեց թիվ 251 վճարման հանձնարարագիրը, որի համաձայն, ս/թ օգոստոսի 3-ին (ՀՀ կառավարության թիվ 491 որոշման համաձայն) ՀՀ Կենտրոնական բանկ մուծվեց կոլեկտիվի 182 անդամների կողմից ներդրված 50695 հազար դրամ գումարը, իսկ վճարման անդորրագիրը ս/թ օգոստոսի 3-ին հանձնվեց ՀՀ ՊԳԿ նախարարության համապատասխան վարչությանը։ Սակայն անտեսելով կառավարության վերոնշյալ որոշման պահանջները, ՀՀ ՊԳԿ նախարար Դ. Վարդանյանը առիթ էր փնտրում գործընթացը կասեցնելու համար։ Սեփականաշնորհման փաթեթը ուղարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն, պատճառաբանելով, որ ներկայիս գործող տնօրենը բողոքել է, թե ժողովը քվորում չի ապահովել, բացի այդ, ժողովի մասնակիցների ստորագրությունները կեղծված են։ Մեր կողմից օգոստոսի 10-ին համապատասխան գրություններ ուղարկվեցին ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ՊԳԿ նախարարին։ Ուղարկված գրություններից միայն ՀՀ նախագահին հասցեագրված նամակի պատասխանը ստացանք (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից), որտեղ նշված էր, որ մեր հարցապնդումները հիմնականում համապատասխանում են իրականությանը։ Շուրջ մեկ ամիս փնտրտուքից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ՊԳԿ նախարարությանը պատասխանեց, որ ժողովի որոշումը կայացել է ՀՀ օրենքի սահմաններում եւ կառավարության որոշման համաձայն, սակայն առկա են «ընթացակարգային խախտումներ» եւ թերություններ։ 2001թ. սեպտեմբերի 4-ին կոլեկտիվի ներկայացուցիչները եղան ՀՀ ՊԳԿ նախարար Դ. Վարդանյանի մոտ։ Պրն Վարդանյանը կտրուկ պատասխանեց. «քանի որ ներկայիս տնօրենը բողոքում է, թեկուզ նրա հետ 20 մարդ լինեն, ես՝ որպես նախարար, կդիմեմ ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղյալ համարի կատարվածը եւ նոր որոշում ընդունվի ընկերությունը աճուրդով վաճառելու համար…»։ Եվ ահա, ընդամենը երեք օր հետո, սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում կարդում ենք, որ մեր ընկերությունը կառավարության 2001թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ պետք է դասական աճուրդի եղանակով մասնավորեցվի։ Շուրջ 7 օր ցույց կատարվեց ՀՀ կառավարության շենքի մոտ, կոլեկտիվը եղավ ՀՀ նախագահի նստավայրում։ Կոլեկտիվի անդամներին ընդունեցին ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանատու աշխատողները, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու աշխատողները, երեք անգամ մեզ ընդունեց ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ. Զադոյանը։ Բոլորն էլ ծանոթանալով կատարվածին, ապշում էին։ 2001թ. սեպտեմբերի 18-ին ստացանք ՀՀ ՊԳԿ նախարարի գրությունը։ Ընդամենը մեզ նվիրեցին ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 12-ի թիվ 849 որոշման օրինակը (մեր ընկերությունը դասական աճուրդով պետք է վաճառվի), որի մասին դեռեւս ս/թ սեպտեմբերի 7-ին կամ ՀՀ կառավարության որոշումը ընդունելուց 5 օր առաջ ի լուր ողջ աշխարհի ազդարարել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Պարզվում է, որ «ՀՀ» օրաթերթում էլ նոստրադամուսներ կան, որոնք 5 օր առաջ արդեն գիտեն ՀՀ կառավարությունում ինչ որոշումներ են ընդունվելու։ Երեւի պրն Վարդանյանի խնդրանքը չմերժելու համար արտահերթ նիստ է հրավիրվել։ Ամեն ինչ հնարավոր է… Կոլեկտիվի 182 անդամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել