Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միավորված

Հոկտեմբեր 03,2001 00:00

ԿՈՆԿՐԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ «Միավորված բանկը», որը համարյա մեկ տարի է, ինչ խնամակալության գործընթացում է, պետք է որ կոնկրետ արդյունքներ արձանագրած լիներ՝ պայմանավորված էներգետիկայի համակարգի մի խոշոր ընկերության հետ վարվող բանակցություններով։ Ըստ նախնական տեղեկատվության, բանակցությունները պետք է ավարտվեին սեպտեմբերի կեսերին, որից հետո պարզ կլիներ՝ բանկի վիճակը կամ շատ լավանում է, կամ ամեն ինչ մնում է նույնը։ Իսկ բանկի ավանդատուները, որոնք նաեւ «Առավոտի» ընթերցողներն են, իրենց բողոքներով խմբագրությունը «ռմբակոծում» են դեռեւս օգոստոսից։ Այդ ընթացքում «Առավոտը» բանկի մասին որեւէ հրապարակում չտպագրեց՝ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար։ Բայց նրանք ուզում են օգտվել ազատ խոսքի իրենց իրավունքից եւ այժմ, երբ բանակցությունների ավարտի համար նախօրոք հայտարարված ժամկետը լրացել է, «Առավոտը» չի կարող զրկել նրանց այդ իրավունքից։ Բողոքող ավանդատուները չցանկացան, որ նշվեն իրենց անունները, զգուշանալով բանկի հետ հետագա հարաբերությունների բարդությունից, բայց ամեն ինչ այնքան կոնկրետ են ներկայացնում, որ նրանց հանգիստ կարելի է «ճանաչել»։ Մի երիտասարդ- անցած տարվա արդեն օգոստոսի 28-ից (չնայած խնամակալության ծրագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 3-ից) դադարեցրել են բոլոր տեսակի վճարումները։ Արդեն 1 տարի է լրանում, եւ այդ ամբողջ ժամանակահատվածում նույն խոստումներն են տալիս, նույն խաբեությունն է տիրում՝ «այսօր, վաղը»։ Կոնկրետ որեւէ արդյունք չենք տեսնում։ Վերջին օրինակը «Հայռուսգազարդի» հետ է կապված. ասում էին սեպտեմբերին պարզ կլինի, բայց ձգձգվում է։ Չէ՞ որ, նույնիսկ ՌԴ նախագահն էր եկել, «Իտերայի» նախագահ Մակարովն էլ էր այստեղ։ Էլ ո՞ւմ են սպասում։ Օդում խոսում են, ոչ գրաֆիկ, ոչ ցուցակ կա, որ տեսնենք, ում են վճարում, ինչ են անում։ Գուցե 1 մլն դոլար ունեցողն արդեն ստացե՞լ է իր գումարը։ Դրա համար էլ կասկածներ են առաջանում։ Անձամբ ես, կասկածում եմ, որ միգուցե գումարը կա, եւ իրենք են շրջանառության մեջ դրել, որովհետեւ ինչքան երկար չվճարեն, այնքան շատ եկամուտներ կստանան այդ գումարից։ Իրենց ասելով, միայն 150 հազար դոլարի տոկոս են վճարել, որը հիմա սառեցված է (ինչն, ինքնին, մեծ գումար է)։ Ենթադրաբար, ավանդները կազմում են շուրջ 15 մլն դոլար։ Մի խոսքով, կասկածում ենք։ Լավագույն բանկերից էր «Միավորվածը», բայց հանկարծ բոլոր վարկառուները միաբերան սկսեցին չվերադարձնե՞լ վարկերը։ Ձեռնափայտով մի տարեց մարդ- 2000թ. օգոստոսի կեսերից «Միավորված բանկում» հայտնեցին, որ չեն կարող վճարել, ասելով, որ պետք է սպասենք, մինչեւ դատարանում մեր հարցերը (կապված վարկառուներից անշարժ գույքի բռնագրավման հետ) լուծենք (ինչը 2-3 ամիս կտեւի)։ Մինչեւ այսօր կրկնում են նույն խոստումները։ Վճարման փուլեր են սահմանել՝ մինչեւ 300 դոլար, 300-3000, 3000-ից բարձր։ Բայց մինչեւ օրս երկրորդ փուլում վճարվելիք ավանդատուների խնդիրներն էլ չեն լուծել։ Էս անաստվածները ոչ մի գումար չեն տալիս։ Ի՞նչն է պատճառը։ Սկսում ենք կասկածել, որ մեր տված գումարը ինչ-որ տեղ շրջանառության մեջ են դրվել։ Ես խիստ կասկածում եմ նրանց ազնվությանը։ Ի դեպ, գումարի դիմաց ոսկեղեն տրամադրելու մասին ոչ մի խոսք չկա։ Ոսկեղեն առաջարկելու դեպքում կվերցնեինք, փողի կվերածեինք։ Կամ գոնե ամեն ամիս մի ինչ-որ գումար տրամադրեին (ելնելով ավանդի չափից), որ մարդիկ իրենց օրվա հացի խնդիրը հոգային։ Ի դեպ, իմ ավանդի գումարը հավաքել էինք 3-4 ընկերներով. շինարարությամբ էինք զբաղվում, երբ տեսանք, որ հաջողության չենք հասնում, որոշեցինք բանկում որպես ավանդ ներդնել։ Եվ այսօր ես կրկնակի հարվածի տակ եմ՝ մեկը ընկերներիս կողմից, մյուսը՝ գումարի բացակայության հետեւանքով առաջացած պրոբլեմների։ Այսքան ապրումների պատճառով մի շարք հիվանդություններ եմ ստացել. ինսուլտի հետեւանքով զրկվել եմ մի աչքիս տեսողությունից, ոտքս բռնվել է։ Մի երիտասարդ կին- Անընդհատ գնում ենք բանկ, խաբելով ուղարկում են անցած տարվա օգոստոսից։ Ասում են դատարաններում գործերը լցված են։ Իմ գումարը շատ քիչ է՝ մոտ հազար, բայց չէ՞ որ դրանով էինք մենք ապրում։ Հորս ինֆարկտից հետո, անգամ մահից հետո գումար չտվեցին։ Ասում են՝ մենք էլ աշխատավարձ չենք ստանում։ Բայց կառավարիչը, ասում են, գնում է արտասահման գումար բերելու, բջջային հեռախոս ունի։ Ուրեմն գումար ունի, որ հեռախոսն էլ է պահում, ավտոմեքենաներով էլ է շրջում։ Սրանց եւ արտասահման գործուղման մեկնելու միջոցներից մի քիչ կարելի էր մեզ վճարել։ Բողոքող ավանդատուները բանկի պատասխանատուների անունից շատ վատ բաներ էլ ասացին արդարադատության համակարգի, ինչպես նաեւ առաջին դեմքի մասին, որոնք «Առավոտը» չի տպագրում։ Ավանդատուների բողոքի վերաբերյալ, բնականաբար, բանկն իր պատասխանները ունի, որոնք կտրամադրի բողոքներին ծանոթանալուց հետո։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել