Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 03,2001 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԻՑ Մեր տվյալներով, Երեւանի եւ ոչ մի քաղաքապետի օրոք այսքան թվով այգիներ մաս-մաս վարձակալության չեն տրվել, որքան արդեն ներկայիս քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարության ընթացքում։ Այսօր Երեւանի քաղաքապետարանում քննարկման կդրվի Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտակա այգու մի մեծ կտորի հարցը։ Իհարկե, մրցույթ է հայտարարված, բայց պարզ է, թե մեզանում ինչ է նշանակում «մրցույթ»։ Քաշքշուկների մեջ է հայտնվել այգու 780քմ կանաչապատ, լավ խնամված տարածք։ Մրցույթին մասնակցելու համար Ռոբերտ Նազարյան քաղաքապետը երեք պայման է «բստրել» մրցույթի համար՝ 1) 780քմ տարածքի մեկնարկային գինը պետք է սկսվի 265 հազար դրամից, 2) մրցույթի մասնակիցը որքա՞ն գումար անվերադարձ, որպես բարեգործություն, կտա քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամին եւ 3) մրցույթի մասնակիցը որքա՞ն ներդրում կկատարի այդ տարածքում կառուցվելիք սրճարանի (իբր՝ մանկական խաղատեղի) կառուցապատման համար։ Այս այգու հարցով քաղաքապետը, փաստորեն, ուզում է «Երեւան» հիմնադրամը լցնել յուրովի։ Այդ հիմնադրամը լցնելու այլ բոլոր հնարավոր ձեւերից քաղաքապետն այս ձեւն է ամենախելոքը համարում։ Դե, հիմնադրամի գումարները երեւի այնքան են վերջացել, որ այս ու այն մեծ ու փոքրիկ միջոցառումների բացումներին ներկա գտնվելու համար բենզինի գումարները չեն հերիքում, թե չէ էլ ուրիշ ինչի՞, ո՞ր աշխատանքի համար կարող է գումար պետք լինել։ Կամ, ի՞նչ է նշանակում՝ մրցույթի մասնակցին ստիպել բարեգործություն կատարել։ Եվ, ի վերջո, այգու այդ շարքում բավարար չե՞ն սրճարանները։ Հավաստի աղբյուրների վկայությամբ, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն այս ամենը ջերմեռանդորեն կատարում է հանուն ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանման վարչության պետ Գագիկ Մարտիրոսյանի։ Մրցույթին, իհարկե, վերջինս կմասնակցի ոչ իր անունով։ Եվ արդեն 6-7 ամիս է այս հարցի նմանօրինակ լուծումը պրն քաղաքապետը փայփայում է հակառակ կարծիքներից։ Բնականաբար, քաղաքապետը շատ է ցանկանում Գ. Մարտիրոսյանի օգտին լուծել խնդիրը. ինչը նաեւ կնշանակի, որ 780 քմ տարածքի հատկացման որոշումից հետո տերերը կծավալվեն այգով մեկ։ Սա Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի վերջին շաբաթների ռեկորդներից մեկը կլիներ այն բանից հետո, երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում տվեց։ Այս փաստի մասին խոսակցություն կար, թե քաղաքապետը քաղաքական պատվեր էր կատարում. արդյոք Գագիկ Մարտիրոսյանին այգում տարածք տալն էլ կառավարության կողմից դրդված պատվե՞ր է, թե՞ ընկերասիրություն։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել