Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՀ-Ի ԲԱՑ ՆԱՄԱԿԸ

Հոկտեմբեր 03,2001 00:00

ՍՀ-Ի ԲԱՑ ՆԱՄԱԿԸ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը բաց նամակ է հղել «Ջավախքի եւ ողջ աշխարհասփյուռ հայությանը՝ վերջին իրադարձությունների շուրջ»: Այս ձեւակերպման տակ հիշյալ Միավորումն արձանագրում է. «Հայության համար միջազգային մի շարք կնճիռներին ավելացավ մերձակից հարեւանի տարածքում ծավալվող բոլորիս համար վտանգներով լի մի գործընթաց, որոնցից, թերեւս, ամենաանհանգստացնողը ջավախահայության վիճակն է: Առանց այն էլ իրենց երկրի մանր ու մեծ իշխանավորների, քաղաքական ու ռազմաքրեական հանցագործների սանձարձակ գործողությունների հետեւանքով անմարդկային սոցիալ-տնտեսական, իրավական պայմաններում ապրող ջավախեցիները կանգնած են նորանոր, անկանխատեսելի հետեւանքներով լի իրադարձությունների շեմին: Այս նոր փորձությունների հաղթահարման համար նրանց հիմնական կռվանները նրանց միասնությունն էր եւ համայն հայության աջակցությամբ միակամ գործելու պատրաստակամությունը»: Իր բաց նամակում «Սոցիալիստական Հայաստանը» նաեւ անդրադառնում է ջավախեցի Պողոս Պողոսյանի սպանությանը, որը տեղի է ունեցել վերջերս, «Պապլավոկ» սրճարանի տարածքում: Նշելով, թե վերջին տարիներին Ջավախքն առանց այն էլ դժգոհ էր ներկայիս իշխանություններից, Միությունը նկատում է, թե Պ.Պողոսյանի սպանությունը լրացուցիչ եւ «սարսափելի հարված էր Ջավախքի հերոսական ժողովրդին» ու եզրակացնում՝ «Ջավախքը պետք է իմանա, որ Հայաստանի ողջ ժողովուրդը, բոլոր՝ այս երկրին ծառայող քաղաքական ուժերը այսօր, ավելի քան երբեւէ, պատրաստակամ են նեցուկ լինելու վրացահայությանը: Եվ ով էլ որ լինի, Հայաստանում թե Վրաստանում, ինչ անօրեն քայլ էլ կատարի Ջավախքի նկատմամբ, կստանա արժանի հակահարված: Մենք միասնական ենք, եւ ոչ մեկին չի հաջողվի սասանել մեր միասնությունը»: «Սոցիալիստական Հայաստանը» նաեւ համարում է, որ «Ջավախքին արդյունավետ աջակցելու համար անհրաժեշտ է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ջանքերի համադրումը»: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կան առանձին ուժեր, որոնք փորձում են լարել Ջավախքում տիրող իրավիճակն ու հայ-վրացական հարաբերություններն ընդհանրապես: Այս հայտարարությունը, թերեւս, պետք է դիտել իբրեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթի, անցած կիրակի իշխանության գլխավոր քարոզչամիջոցի ցուցադրած «աբխազահայության մասին պատմող» ֆիլմի տրամաբանական շարունակություն: Նման լարվածությունը, թերեւս, բխում է Ռուսաստանի շահերից: Նույնը կարելի՞ է ասել Հայաստանի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել