Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ անցյալ շաբաթ տեղեկություններ կային, որ դատախազությունը նյութեր է նախապատրաստում՝ Գաղութների վարչ

Հոկտեմբեր 03,2001 00:00

ՆԳՆ-ն ակամա հաստատո՞ւմ է Նաիրիի՝ գործակալ լինելու փաստը Դեռ անցյալ շաբաթ տեղեկություններ կային, որ դատախազությունը նյութեր է նախապատրաստում՝ Գաղութների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ քրգործ հարուցելու համար: Նույն ժամանակահատվածում ՆԳՆ Հասարակայնության հետ կապերի ու քարոզչության վարչությունից տեղեկացել էինք, որ Մուշեղ Սաղաթելյանին, որն, ի դեպ, գտնվում էր ՆԳՆ-ի կադրերի տրամադրության տակ, համակարգից հեռացրել են՝ ծառայողական գաղտնիք հրապարակելու պատճառաբանությամբ: Սակայն դատախազությանը, թերեւս, մոտ կանգնած քարոզչամիջոցներից մեկի տեղեկություններով՝ Մ.Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զրպարտության մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրի, Մ.Սաղաթելյանը, իբր, «առանձնապես խոշոր չափի գումար է խոստացել ՆԳՆ ոմն գործակալի, եւ վերջինս հայտարարություն է տվել, թե իբր «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորներից մեկից իմացել է, թե ոճրագործության կազմակերպիչները ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարն են»: Երեկ Մ.Սաղաթելյանը հաստատեց, թե իր դեմ, իրոք, քրեական գործ է հարուցվել ՔՕ միանգամից շուրջ մեկ տասնյակ հոդվածների հատկանիշներով, որոնցից մեկը՝ զրպարտության, մյուսը՝ ԲՈՒՀ-ի դիպլոմ կեղծելու համար: Սակայն միանգամից հարց է առաջանում, թե՝ հանրապետությունում ստեղծված համատարած վախի, քաղաքացիների հետապնդումների ու սպանությունների մթնոլորտում, ՆԳՆ այդ ո՞ր գործակալն էր, որ «առյուծի կաթ» էր խմել ու «խոշոր չափի» կաշառքի դիմաց համաձայնել էր զրպարտել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Ի դեպ, կարծում ենք, արժե այստեղ որոշ փակագծեր բացել: Բանն այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, ՆԳՆ «ոմն» գործակալն, ըստ էության, արդեն բացահայտված գործակալ Հարություն Գրիգորյանն է, որն ավելի քան տասնյակ անգամներ արդեն դատապարտվել է եւ, իրոք, «աշխատել է» «27»-ի գործով կալանավորվածների հետ: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, նրա գործը դատախազություն է բերվել ՆԳՆ-ից, որտեղ նա ավելի քան 20 օր ազատազրկման մեջ է եղել, գուցե թե, «հատուկ մշակման» ենթարկվելու համար: Մյուս կողմից, նույն այդ Հարությունը Մ.Սաղաթելյանի հետ առերեսման ժամանակ խոստովանել է, թե վերջինս իրեն ոչինչ չի հանձնարարել, ոչ մի հայտարարություն անելու ցուցում եւ դրա համար գումար չի տվել: Դատախազությունը, կարծես, հայտնվել է ծանր կացության մեջ: Թե հետո ՆԳՆ գործակալն ի՞նչ կասի կամ կփոխի՞ արդյոք Մ.Սաղաթելյանի հետ այդ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքը, կախված է, թերեւս, դատախազության «պրոֆեսիոնալիզմից»: Ինչ վերաբերում է Մ.Սաղաթելյանին «ծառայողական գաղտնիք հրապարակելու» պատճառով ՆԳ համակարգից հեռացնելու փաստին, ապա այն թույլ է տալիս ենթադրել, որ վերջինիս ավելի վաղ արած հայտարարությունը, թե ինքը տեսել է Նաիրի Հունանյանի ԱԱՆ գործակալական գործը, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ասել է թե, Հունանյանն, իրո՞ք, ազգային անվտանգության գործակալ եղել է: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել