Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Հոկտեմբեր 03,2001 00:00

ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի երեկվա նիստի քննարկման նյութը հաջորդ եռօրյայում ներկայացվելիք իրենց հաղորդումն էր։ Բայց նախ հանձնաժողովն ընդունեց անկախ լրագրող Վահագն Ղուկասյանի դիմումը։ Ֆիլարետ Բերիկյանն անմիջապես «բացահայտեց», որ այդ դիմումը գրվել է հանձնաժողովի որոշ անդամների առնվազն գիտությամբ։ «Քիչ է մնում՝ հրեշտակի թեւեր աճեն ուսերիդ»,- ասաց նա Գրիգոր Հարությունյանին, երբ վերջինս հետաքրքրվում էր, թե ինչ բովանդակություն ունի Վահագն Ղուկասյանի դիմումը։ Մինչդեռ այն քննարկման ընթացքում, որին մասնակցում էր Նաիրի Բադալյանը, առավել ակնհայտ էր, որ հանձնաժողովի որոշ անդամների հետ նա նախապես էր զրուցել։ Ասենք, Գագիկ Կոստանդյանը նրան հորդորում էր. «Նաիրի, տաք եւ սառը դուշերի մասին պատմիր»։ Եվ Ֆիլարետ Բերիկյանն այն ժամանակ (իրերը կոչենք իրենց անուններով) ավելորդ մանրախնդրություն չցուցաբերեց։ Իսկ Վահագն Ղուկասյանի դիմումի առիթը հենց հանձնաժողովի առջեւ Նաիրի Բադալյանի արած հայտարարություններն են։ Լրագրողը քրեական գործի նյութերի հիման վրա փաստարկված ապացուցել է, որ Նաիրի Բադալյանի նկատմամբ նախաքննության կասկածների հիմքը, ինչպես ինքն է ներկայացնում, բնավ «Ա1+»-ի թղթակից Վիկտորյա Աբրահամյանի ցուցմունքները չէին, այլ Նաիրի Բադալյանի իսկ հակասական ցուցմունքները։ Վահագն Ղուկասյանը մասնավորապես մեջբերել է, թե քանի տարբեր ցուցմունք է տվել Նաիրի Բադալյանը Նաիրի Հունանյանի հետ իր ծանոթության վերաբերյալ։ Այսպես, հոկտեմբերի 28-ին իր իսկ ձեռքով գրված ցուցմունքում Բադալյանը նշել էր, որ Նաիրի Հունանյանի Հայաստան վերադառնալուց հետո նրա հետ հանդիպել է «հիմնականում պատահաբար՝ փողոցում կամ որեւէ քաղաքական իրադարձության ժամանակ՝ առանց նախապես պայմանավորվելու։ Մեր նախավերջին հանդիպումը եւս կայացել էր Ազգային ժողովի նստաշրջանի օրերին ԱԺ-ում՝ մեկուկես ամիս առաջ»։ Ավելի ուշ իր ցուցմունքում խոստովանել էր, թե Նաիրի Հունանյանին տեսել է «սեպտեմբերի 20-25-ի միջակայքում՝ իրենց տանը» (հատոր 33, գ. թ. 76)։ Իսկ Հունանյանի հետ առերեսման ժամանակ Բադալյանն արդեն պնդել էր, որ վերջին անգամ նրա հետ հանդիպել է «սեպտեմբերի 29-ին կամ 30-ին՝ Ն. Հունանյանենց տանը»։ Թե ինչ մնաց ամիսուկեսվա վաղեմության «պատահական հանդիպումներից», որոնք բացառապես տեղի են ունեցել հասարակական վայրերում՝ դատեք ինքներդ։ Վահագն Ղուկասյանը ի ցույց է դրել նաեւ այլ հանգամանքների (այդ օրն ԱԺ-ում գտնվելու իր բացատրության, թղթապանակի, զենքերը տեսնելու եւ այլն) վերաբերյալ Նաիրի Բադալյանի ցուցմունքների հակասականությունը։ Մեջբերել է նաեւ «Հայոց աշխարհի» թղթակից Վահան Վարդանյանի 2000 թ. հունվարի 13-ի ցուցմունքը, որը գրել էր, որ դեպքից մի քանի օր անց Նաիրի Բադալյանն այցելել է իրենց խմբագրություն. «Իմ գործընկերների ներկայությամբ նա ինձ խնդրեց դուրս գալ մի րոպեով առանձին խոսելու։ Խոսակցությունը տեւեց միայն 2-3 րոպե։ Նա ասաց, որ քննության համար միգուցե անհրաժեշտ լինի լրագրողների վկայությունը, որ ինքը խորհրդարանից դուրս է եկել մեզ հետ միասին։ Հայտնեց, որ գնացել է մի քանի այլ լրատվամիջոցներ եւս եւ խնդրել, որ հարցաքննության դեպքում վկայեն, որ ինքը մեր՝ լրագրողներիս հետ է դուրս եկել խորհրդարանից։ Ինձ էլ խնդրեց, որ եթե հարցաքննության կանչեն, նշեմ այդ մասին։ Պատասխանեցի, որ եթե կանչեն, ես կասեմ, որ այդպես է եղել»։ Վահագն Ղուկասյանն իր դիմումում նշել է, որ ցանկության դեպքում կարող է կրկնապատկել եւ քառապատկել Նաիրի Բադալյանին առնչվող ցուցմունքների հակասականությունն ապացուցող փաստերը։ Հակասություններ են արձանագրվել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի հաղորդման մեջ։ Դրանք վերաբերում են Նորայր Եղիազարյանին. «Բազմաթիվ հակասություններ կան թիվ 1 քննչական մեկուսարանի թիվ 4 խցի մյուս կալանավորների բացատրություններում եւ ցուցմունքներում՝ կապված Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքների հետ, որոնք այդպես էլ նախաքննությամբ չեն ճշտվել»։ Հաղորդման մեջ մեջբերված են այդ պնդումը հիմնավորող օրինակներ. «Նորայր Եղիազարյանի հետ նույն խցում գտնվող կալանավորի ցուցմունքից հետեւում է, որ այդ կալանավորը մի դեպքում չի տեսել Նորայր Եղիազարյանին վայր ընկնելիս, իսկ մյուս դեպքում նա այդ ամենի ականատեսն է եղել։ Կան հակասություններ նաեւ վայր ընկնելուց հետո Նորայր Եղիազարյանի վիճակի նկարագրման մեջ»։ Հաղորդման մեջ նաեւ նշված է, որ այդ խուցը տեսնելուց հետո իրենց համար կասկածելի է դարձել, թե այդ պայմաններում հնարավոր էր Եղիազարյանի էլեկտրահարումը եւ դատաբժշկական եզրակացությունում նշված վնասվածքների առաջացումը։ Ի դեպ, հանձնաժողովի անդամներն այսօր պատրաստվում են այցելել Նուբարաշենի մեկուսարան, ինչպես ասվեց, որ կարողանան «մտովի պատկերացնել» տեղի ունեցածը։ Առաջարկին ընդդիմացավ միայն Խորեն Սարգսյանը. «Ես գնացել-տեսել եմ եւ համոզված էլ ասում եմ, որ այդ խցում այդպես չէր մահանա»։ Հայտնի է արդեն, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովը հանգել է հետեւյալ եզրակացության. «Նորայր Եղիազարյանի մահվան վերաբերյալ կարճված թիվ 12206300 քրեական գործում կան լուրջ թերություններ եւ այն լրացուցիչ քննության կարիք ունի»։ Երեկ նաեւ քննարկվեց, թե արդյոք իրենց այս եզրակացությունն առանձին որոշմամբ ուղարկվելո՞ւ է դատախազությանը, թե՞ մամուլի հրապարակումներն էլ են բավական այդ գործը վերաքննելու համար։ Նշենք նաեւ, որ եթե Նորայր Եղիազարյանի մասով մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվել, նույնը չի կարելի ասել ԱԺ որոշմամբ հանձնաժողովին առաջադրված մեկ այլ խնդրի առնչությամբ. «Պարզել մեկուսարաններում, իսկ դատավարության ժամանակ՝ նաեւ դատարանի շենքում ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունների համապատասխանությունն օրենքների, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին»։ Որպես արդարացում նշվեց, որ այս հարցի առնչությամբ հանձնաժողովը դեռ չի ստացել պահանջված բոլոր փաստաթղթերը, թեեւ, ինչպես Կիմ Բալայանը նշեց, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները «սկզբում «մաշալլա»-ով էին խոստանում փաստաթղթերը տրամադրել, բայց մինչեւ հիմա չեն կատարել խոստումը»։ Հիշեցնենք, որ կապի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովն էլ էր իր հաղորդման մեջ նշել, որ երկու բացառությամբ՝ իրենք ոչ մի պաշտոնական պատասխան կամ պահանջված որեւէ փաստաթուղթ դեռ չեն ստացել։ Արձանագրենք, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների գործունեության նկատմամբ այլ պետական կառույցների դրսեւորած անտարբերությունը կարծես դառնում է օրինաչափություն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել