Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին

Հոկտեմբեր 03,2001 00:00

ԱՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՐ 18 ՄԼՆ ԴՈԼԱ՞Ր Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարած պաշտոնական այցի շրջանակներում քննարկված կարեւորագույն հարցերն առնչվում էին Հայաստանի էներգետիկ համակարգին: Ռուսական կողմը հարմար առիթ ուներ ռեւանշ վերցնել ոչ միայն անցյալ տարի ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթից վռնդվելու, այլեւ վերջին 3 տարիների ընթացքում ռուսական շահերը Հայաստանում ոտնահարելու համար: Առիթն էլ, իհարկե, ՌԴ-ի նկատմամբ Հայաստանի 114 մլն դոլարի պետական պարտքն էր, որը ռուսական կողմն արդարացիորեն պահանջում էր վճարել: Հայաստանն այսօր նման գումարներ չունի, ուստի պարտավոր է ինչ-որ կերպ փոխհատուցել: Առայժմ հայտնի է, որ վճարվել է ՌԴ-ից միայն ներմուծված գազի դիմաց: Իսկ ընդհանրապես Հայաստանի պետական պարտքը վերաձեւակերպել չէր ցանկացել ռուսական կողմը: Պարզ է. նա Հայաստանում ավելի շատ քաղաքական ու պետական խնդիրներ էր ուզում լուծել, քան զուտ տնտեսական: Որպես այդպիսին, նեղն ընկած Հայաստանից, ռուսները պահանջել էին նախ մասնակցել ոչ միայն ԲԷՑ-երի, այլեւ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունների մասնավորեցմանը, իսկ իբրեւ միջուկային վառելիքի ներկրման դիմաց կուտակած պարտքի մարման տարբերակ, առաջարկել էին ԱԷԿ-ը համատեղ կառավարել: Ընդ որում, ռուսները խոստացել էին այդ դեպքում ստանձնել դրա շահագործման բոլոր ծախսերը: Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել շահագործման հանձնել ԱԷԿ-ի նաեւ երկրորդ բլոկը, բայց նշել էր, թե այդ դեպքում էլեկտրաէներգիայի սպառման խնդիր կառաջանա: Ու քանի որ նախագահ Քոչարյանն իր անձնական՝ իշխանությունը երկարաձգելու, խնդիրը մասամբ լուծել էր Պուտինին Հայաստան բերելով, ստիպված էր հայտարարել, թե ինքը համաձայն է ռուսական կողմի պահանջներին՝ մասամբ, բայց կտա խոստացածի կեսը՝ հետո: Այսպես, ՌԴ փոխվարչապետը Երեւանում հայտարարեց, թե ռուսական միանգամից մի քանի ընկերություններ՝ ԻՏԵՌԱ-ն, «Գազպրոմն» ու «ՌԱՈԵԷՍ»-ը կմասնակցեն ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթին: Սակայն միայն օրերս հայտնի դարձավ, որ հիշյալ մրցույթին մասնակցելու է միայն «ՌԱՈԵԷՍ»-ը, թեեւ ոմանք կանխատեսում են, որ նրա դիրքերն էլ այսօր այնքան ամուր չեն: Հայ պաշտոնյաները պնդում են, թե ռուսական մյուս երկու ընկերությունները նախաորակավորման փուլում հայտեր չեն ներկայացրել: Մինչդեռ այլ, ոչ պաշտոնական աղբյուրներ, հավաստում են, թե անցյալը կրկնվում է, եւ հայաստանյան իշխանությունները, պարզապես, ԻՏԵՌԱ-ին հին ու փորձված մեթոդներով դուրս են թողել մրցույթից: Ավելին, երեկ «Արմինֆո» գործակալության տեղեկատվությունից պարզ դարձավ, որ, ըստ էության, «ջրվել» է նաեւ ՌԴ ատոմային էներգետիկայի նախարար Բ.Նիգմատուլինի հայտարարությունը, թե ՌԴ-ն մտադիր է ձեռք բերել ԱԷԿ-ի հսկիչ փաթեթը: Ըստ գործակալության, ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել է, թե այդ մտադրությունը Հայաստանում ընդունվել է միայն որպես «ի գիտություն»: Ավելին, ըստ նրա, ատոմակայանի համատեղ ղեկավարման հնարավորությունը պետք է համաձայնեցվի Եվրամիության հետ, որն, ինչպես հայտնի է, պահանջում է 2004-ին փակել ԱԷԿ-ը: Թերեւս, Երեւանում ձեռքբերված պայմանավորվածությունները խախտելու այդ միտումներն են եղել պատճառը, որ Ռուսաստանը, ըստ մեր տեղեկությունների, առայժմ չի պատրաստվում Հայաստանին միջուկային վառելիք տրամադրել: Ավելին, Ռուսաստանը հայտարարել է, թե անցնում է գազամատակարարման, այսպես ասած, նոր կարգի: Ավելի պարզ՝ Ռուսաստանը Հայաստան գազ կառաքի միայն պահանջվող քանակի դիմաց կանխավճարը ստանալուց հետո: Իսկ Հայաստանը, ԱԷԿ-ը եւս առժամանակ չշահագործելու դեպքում, լրացուցիչ քանակությամբ գազ ներմուծելու անհրաժեշտություն է զգալու: Առայժմ, փորձագետների հաշվարկներով, ԱԷԿ-ի 60 օր չշահագործվելու ընթացքում Հայաստանը կրել է շուրջ 18 մլն դոլարի վնաս՝ հաշվի առնելով այդ ընթացքում ԱԷԿ-ի անվտանգ պահպանման ծախսերը, էլեկտրաէներգիայի անհրաժեշտ ծավալի պահպանման համար լրացուցիչ ծավալով գազի ներմուծումն ու ԱԷԿ-ի եւ Հրազդանի ԳԷՍ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքների տարբերությունն ու այլ չափանիշներ: Իհարկե, Քոչարյանի ռեժիմը մի օր, այնուամենայնիվ, ստիպված է լինելու պատասխան տալ իր վարած քաղաքականության արդյունքում պետությանը հասցված ոչ միայն այդ վնասի համար: Ասել է թե, Քոչարյանն ուզած-չուզած փորձելու է ամուր կառչել իր աթոռին: Չէ՞ որ միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել պատասխանատվությունից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻՈԿՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել