Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը 2 մլն դոլար է վճարել Երեւանյան լճին հարող 20 հա տարածքը

Հոկտեմբեր 02,2001 00:00

Դեսպանատուն՝ լճափին ԱՄՆ-ը 2 մլն դոլար է վճարել Երեւանյան լճին հարող 20 հա տարածքը 99 տարով վարձակալելու համար, որտեղ շուտով կսկսվեն 50-80 մլն դոլար արժողությամբ շինարարական աշխատանքներ՝ նոր դեսպանատան շենքի կառուցման համար։ Իսկ հին շենքը, ըստ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոն Բալյանի, վաճառվելու է։ Վերջինիս հավաստմամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության ֆեդերալ շենքերի բաժնի մասնագետները այդ տարածքի վրա կանգ են առել միայն երկարատեւ զննումներից ու քննարկումներից հետո՝ համոզվելով, որ այն ավելի անվտանգ է, գեղեցիկ եւ հեռու հանրային օգտագործման տարածքներից։ Շինարարական աշխատանքները, որոնց կմասնակցեն տեղական ենթակապալառու կազմակերպություններ եւ կօգտագործվի տեղական հումք, կտեւեն 3-5 տարի։ Արդյունքում կկառուցվի 5 շենք՝ ԱՄՆ դեսպանատան կենտրոնական գրասենյակը, USAID-ի շենքը, ռազմածովայինների նստավայրը, խանութ-պահեստներ, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման բաժինը։ Ի դեպ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, չգիտես ինչու, հերքեց Մայքլ Լեմոնի, Ռոբերտ Բլայթսոնի (դեսպանատան ադմինիստրատիվ պաշտոնյա) եւ Ջոն Բալյանի կողմից քանիցս հիշատակված 20 հա տարածքի մասին տեղեկատվությունը, պնդելով, որ այն ընդամենը 9 հա է։ Նա ավելացրեց, որ ամերիկյան կողմն ունի մի շարք պարտավորություններ՝ կապված լճի մաքրման, տարածքում հնագիտական արժեք ունեցող հուշարձանների հնարավոր հայտնաբերման դեպքում աշխատանքների անհապաղ դադարեցման հետ, նաեւ նկատեց, որ «50 մլն դոլար ներդրումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի շինարարական շուկայի վրա»։ Նշենք, որ այս միջոցառումն ուշագրավ էր մի շարք առումներով։ Նախ նրանով, որ ժամը 15.45-ից լրագրողներին հավաքել էին ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ժամը 5-ին կայանալիք միջոցառումը լուսաբանելու։ Այն բացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիսիա Մոլերի խոսքով, այնուհետեւ արդեն նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ մյուս հոգեւոր այրերի աղոթք-օրհնությունից հետո, ամերիկյան սովորույթի համաձայն, շրջեց հողի առաջին շերտը, որտեղ պիտի դրվեր առաջին քարը։ Ի նշան հարգանքի եւ հրաժեշտի՝ Վազգեն Սարգսյանի մայրն էլ Լեմոնին հանձնեց որդու գիրքն ու թենիսի ձեռնաթին։ Իսկ միջոցառման ավարտին (ուր նաեւ մեկ րոպե լռությամբ հարգվեց «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը) հետաքրքիր դասավորությամբ էին կանգնել ներկաները. դեղին լարերով «բանտարկված» լրագրողների դիմաց, ձախ կողմում՝ Արամ Սարգսյանն ու Ալբերտ Բազեյանն էին, կենտրոնում՝ Անդրանիկ Մանուկյանը, Հրանուշ Հակոբյանն ու Վարդան Այվազյանը, իսկ բոլորից աջ ու մենակ՝ Պարույր Հայրիկյանը, որն ասես խուսափում էր խառնվել որեւէ մեկի «խերին ու շառին»։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն էլ մեղմիկ զրուցում էր Նունե Եսայանի հետ։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ, Ստեփան Դեմիրճյանը, «Հոկտեմբերի 27»-ի զոհերի այրիները, Հենրիկ Իգիթյանն ու Ջիվան Գասպարյանը։ Ըստ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատուի՝ պիտի ներկա լիներ նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել