Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի

Հոկտեմբեր 02,2001 00:00

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրն ավարտվեց հերթական սկանդալով։ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընթացող «Սպարտակ»-«Շիրակ» հանդիպումը կիսատ մնաց։ Գլխավոր մրցավարը 68-րդ րոպեին երկրորդ 11 մետրանոց հարվածը նշանակեց հյուրերի դարպասին (առաջինը դաշտի տերերն իրացրել էին դրանից երեք րոպե առաջ), որին հետեւեց անսպասելին. «Շիրակի» ֆուտբոլիստները, որպես բողոքի նշան մրցավարի գործողությունների դեմ, ակումբի ղեկավարության հրահանգով (նախագահ Հենրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ ավագ մարզիչ Անդրանիկ Ադամյանի համաձայնությամբ) ամբողջ թիմով հեռացան դաշտից։ Երեկ զրուցեցինք տեղի ունեցածի «մեղավորների» եւ ՀՖՖ սպորտային բաժնի պետ Սլավա Սարգսյանի հետ։ Անդրանիկ Ադամյան («Շիրակի» գլխավոր մարզիչ)- «Խաղը սկզբունքային էր, եւ քանի որ երկրորդ մրցաշրջանը մոտենում է ավարտին, յուրաքանչյուր միավոր, բարձր տեղերի համար պայքարող թիմերի համար կարեւոր է դառնում։ Այս պատճառով մրցավարները պետք է ավելի աչալուրջ լինեն։ Իմ կարծիքով, «Սարյակի» հետ խաղը, մինչեւ մեր թիմի դաշտից դուրս գալը, անցել է կողմնակալ սուլիչներով, մրցավարը կանոնների խախտում ավելի շատ նկատել է շիրակցիների գործողություններում։ Մասնավորապես, առաջին խաղակեսում չգրանցվեց բացահայտ խաղից դուրս վիճակ, որը կարող էր գոլով ավարտվել։ Երկրորդում, երբ մեր խաղացողին կանոնների խախտումներով վնասվածք հասցվեց, մրցավարը սուլեց ի վնաս մեզ։ Դրանից հետո ցանկանում էինք անմիջապես խաղացողին փոխարինել։ Իմ եւ չորրորդ մրցավարի ահազանգը գլխավոր մրցավարը չնկատեց։ Այդ ժամանակ դաշտում 10 ֆուտբոլիստ ունեինք եւ հենց այդ պահին էլ նշանակվեց առաջին կասկածելի 11 մետրանոցը, որին մեկ-երկու րոպե հետո հաջորդեց երկրորդը։ Հենց դա էլ թիմի՝ խաղադաշտը լքելու պատճառ հանդիսացավ։ – Հիմա, երբ կրքերը մի փոքր հանդարտվել են, ճի՞շտ եք համարում թիմը դաշտից հանելը։ – Երեւույթը ֆուտբոլային չէ։ Բայց, մեր կարծիքով, եթե այդպես չվարվեինք, հնարավոր է, որ ավելի անցանկալի իրադարձություններ ծավալվեին։ Այդքան լարված իրավիճակ էր։ – Ձեր նշած սխալներում մրցավարի կողմից դիտավորություն կա՞ր, թե՞ դրանք ընդամենը ցավալի վրիպումներ էին։ – Իրադարձություններն այնպես զարգացան, որ միտումնավորություն մենք զգացինք։ Գեւորգ Հովհաննիսյան (խաղի գլխավոր մրցավար)- Մինչեւ 65-րդ րոպեն, մրցավարության առումով, խաղը ծանրաբեռնված չէր։ Ես որեւէ դժվարություն չեմ զգացել։ 61-68-րդ րոպեների միջեւ ընկած ժամանակահատվածում եղավ երեք 11 մետրանոց նշանակելու պահ։ Առաջին դեպքում ես վճռեցի, որ խախտումը (ձեռքով գնդակին դիպչելը) դիտավորյալ չի եղել ու խաղին չմիջամտեցի։ Իսկ հաջորդ երկու դեպքում, պնդում եմ, որ պատժամիջոցը կիրառվել է ճիշտ ու տեղին։ Ավելին, հիմա մտովի վերլուծելով խաղային այդ դրվագը, գտնում եմ, որ մարզաշապիկից քաշել-գցելու համար պետք է «Շիրակի» ֆուտբոլիստին նաեւ դեղին քարտ ցույց տայի։ Ինչ վերաբերում է կողմնակալ մրցավարությանը, նման բան չի եղել, բացառվում է։ Որ ես եմ սպասարկելու «Սպարտակ»-«Շիրակ» հանդիպումը, իմացել եմ խաղից երկու օր առաջ։ Սովորականի պես նախապատրաստվել եմ ու հիմա էլ գտնում եմ, որ աշխատել եմ նորմալ։ Սլավա Սարգսյան (ՀՖՖ սպորտային բաժնի պետ)- Բոլոր ազգային առաջնություններին է բնորոշ, որ մրցաշրջանի վերջնամասում բարձր տեղերի համար պայքարող թիմերի խաղն ավելի լարված բնույթ է ստանում։ Այս տարի Հայաստանի առաջնությունն ընթանում է երկու շրջանով (վերջին տարիներին չորս շրջան էր), այսինքն՝ թիմերը միմյանց միջեւ խաղերում կորցրած միավորները հետ բերելու քիչ հնարավորություն ունեն։ Ու, թերեւս, այս է պատճառը, որ թիմերից մեկը հենց զգում է, որ պետք է պարտություն կրի, անմիջապես մրցավարի գործողություններում միտումներ է սկսում որոնել։ Ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. անթերի մրցավարություն չկա, գոյություն չունի ամբողջ աշխարհում, ոչ մի երկրում։ Անդրադառնալով խնդրո առարկա խաղին՝ պետք է արձանագրեմ հետեւյալը։ Մասնագետները նայել են տեսաժապավենը։ Երկրորդ խաղակեսի սկզբում, նույն «Շիրակի» դարպասի մոտ ստեղծվում է իրավիճակ, որի արդյունքում մասնագետների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ Գ. Հովհաննիսյանը պետք է 11 մետրանոց նշանակեր, մինչդեռ նրա սուլիչը լռում է։ Այստեղ դժգոհում են սպարտակցիները։ Դե իսկ հաջորդ երկուսի դեպքում կրկին մասնագետների մեծ մասը համարում է, որ մրցավարը ճիշտ է վարվել։ Ֆուտբոլում պատահում է եւ այդպես. լինում է 11 մետրանոցի երեք պահ եւ երեքն էլ միեւնույն դարպասի մոտ։ Ու այստեղ էլ տուժող թիմը կարծում է, թե կողմնակալություն է հանդես բերվում։ «Շիրակը» միշտ էլ եղել ու մնում է մեր հանրապետության լավագույն թիմերից մեկը եւ, ընդհանուր առմամբ, կարգապահ կոլեկտիվի համարում ունի։ Սակայն ակումբի ղեկավարության արածը ես համարում եմ անթույլատրելի։ Դա արհամարհանք է ոչ միայն ֆուտբոլի, ֆեդերացիայի հանդեպ, այլեւ մրցակցի, ֆուտբոլասերի, գյումրեցիների։ Արդեն լուրջ մտահոգություն է սկսում պատճառել հայկական ֆուտբոլում արմատներ գցած այս երեւույթը։ Ով երբ ցանկանում՝ թիմը հանում է դաշտից, առաջնությունից։ Ակումբները դժգոհում են մրցավարներից՝ իրենց անհաջողությունները բարդելով վերջինների վրա։ Գուցե նրանք ճի՞շտ են, մանավանդ այն ժամանակ, երբ այս կամ այն խաղի մրցավարի սխալն ազդում է վերջնական հաշվի եւ մրցաշարային աղյուսակում թիմի գրավելիք տեղի վրա։ Բայց կա նաեւ հակառակ տեսակետը։ Արդյո՞ք պետք է բացառել, որ ակումբային գործիչները, մարզիչները տվյալ խաղում ընտրած սխալ ռազմավարության հետեւանքով կրած պարտությունը ուզում են բարդել մրցավարի, ֆեդերացիայի վրա, մեղավորներ համարելով ում ասես, բայց ոչ իրենց։ Արդյո՞ք սա տերերի, այսինքն՝ ֆինանսավորողների առջեւ ինքնարդարացման քստմնելի ձեւ չէ։ Այս եւ էլի բազմաթիվ հարցերի մեր ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է տալ անաչառ ու խիստ պատասխան եւ իր մշտական վերահսկողությունը հաստատել մարզաձեւի վրա՝ այսուհետ բացառելով քմահաճ որեւէ գործողություն։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել