Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը օրերս իր հյուրընկալ դռները բացեց մեր թատերասեր հա

Հոկտեմբեր 02,2001 00:00

Նոր թատերաշրջանի փայլուն մեկնարկը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը օրերս իր հյուրընկալ դռները բացեց մեր թատերասեր հասարակայնության առջեւ։ Օրը նշանավորվեց նոր թատերաշրջանի բացման հանդիսավոր արարողությամբ եւ պրեմիերայով, որը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը։ Ներկայացվեց իտալացի գրող Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը, որի հիմքում մի ընտանիքի պատմություն էր, որտեղ փորձում էին լուծել ամուսնական անհավատարմության եւ անտարբերության արդյունքում առաջացած մի շարք խնդիրներ։ Պիեսի գլխավոր դերակատարումներով մեկ անգամ եւս իրենց դերասանական հրաշալի խաղով հանդիսատեսին գերագույն հաճույք պատճառեցին Գալյա Նովենցն ու Բորիս Պեպանյանը։ Ներկաներին ողջունեց թատոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, որն իր երախտիքն ու շնորհակալությունն արտահայտեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան աշխատակազմին, որոնց անմիջական հովանավորությամբ էլ հենց բեմադրվել էր «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսը։ Լեփ-լեցուն դահլիճում թատերասեր հասարակայնությունից զատ ներկա էին նաեւ մեծ թվով սիրված ու ճանաչված արվեստագետներ, հյուրեր Սփյուռքից, ինչպես նաեւ Իտալիայի դեսպանատան աշխատակիցներ։ Պրեմիերան անչափ ջերմ ընդունվեց հանդիսականների կողմից։ Այդ երեկո ներկաներից շատերը թատրոնից հեռացան իրենց հետ տանելով Ֆիլումենայի կյանքի պատմությունից մի փոքրիկ մասնիկ, որը նրանց խորհելու եւ մարդկային փոխհարաբերությունները ճիշտ գնահատելու նոր առիթ կընձեռի։ Իրենց տպավորությունները մեզ հետ կիսելու խնդրանքով դիմեցի դահլիճում ներկա թատերագետ Հայկազ Երանոսյանին եւ Լիբանանի «Վ. Փափազյան» թատերախմբի վարչության ատենապետ Տրդատ Ավետիքյանին։ Հայկազ Երանոսյան.- Շատ հետաքրքիր ներկայացում էր իր դերակատարումներով եւ առաջին հերթին՝ Ֆիլումենայի դերակատար, հայ կինոյի եւ թատրոնի մեր շատ սիրելի մեծ դերասանուհի Գալյա Նովենցի կատարմամբ։ Ես ամենից շատ ուրախ եմ հենց դրա համար, որովհետեւ զանազան պատճառներով կինոն չի գործում, եւ Գ. Նովենցի նման տաղանդավոր դերասանուհին մի տեսակ խաղից դուրս վիճակում է մնացել։ Ինձ թվում է, որ այսօրվա մեր հանդիսատեսը շատ գոհ պիտի լինի, որ այս գործը նախաձեռնվեց ու բեմադրվեց։ Սա ստեղծագործական մեծ հաջողություն էր։ Տպավորությունս գերազանց է։ Տրդատ Ավետիքյան.- Իրականության մեջ պիեսի ընտրությունը սքանչելի էր եւ սքանչելի խաղցան։ Բովանդակությունն ալ լավ էր, եւ դասերն ալ լավն էին, քանզի ինչպես միշտ՝ բարին հաղթեց վերջը։ Իրապես շատ շնորհավորելի էր եւ շատ հուզիչ։ Կշնորհավորեմ բեմադրիչին ալ, դերասաններուն ալ, պիեսն ընտրողին ալ։ Շատ, շատ աղվոր էր։ Բրավո։ Մենք եկել էինք Երեւան, որ բեմադրությունը դիտենք եւ մեր սիրելի բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հետ կրկին որոշենք պիես մը եւ ներկայացնենք այն, ինչպես անցյալ անգամ ներկայացուցինք։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել