Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ

Հոկտեմբեր 02,2001 00:00

ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐՀ ՊՏՈՒՏ ԵԿԱ «Երբ 88-ին Կանադայում միտինգներ ու ցույցեր էինք անում ռուսական դեսպանատան շենքի առջեւ, «Ղարաբա՛ղ-Ղարաբա՛ղ» էինք գոռում-գոչում, դեռ չգիտեի՝ ի՞նչ բան է Ղարաբաղը։ Այդ պատճառով 92-ին, երբ առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան, մտադրված էի՝ ցանկացած գնով հասնել Ղարաբաղ։ Որ տեսնեմ, թե այդ ինչի՞ համար էի ընկերներիս հետ էդքան գոռում, աղմկում»,- հիշում է կանադահայ լրագրող, Մոնրեալի «Հորիզոն» հայալեզու թերթի թղթակից-լուսանկարիչ Հրայր Խաչերյանը (Բազե Հրայրը)։ Նման վճռականությամբ տրամադրված, լուսանկարչական սարքերով զինված Բազե Հրայրն, իհարկե, հասավ Ղարաբաղ. «Շուշիում ծանոթացա Մերուժ Մոսինյանի հետ, շատ լավ ընկերներ դարձանք։ Հիշում եմ՝ մի գիշեր Ավթալգոզլու գյուղը պիտի գնայինք, իմ ձեռքը ավտոմատ տվեցին, թե՝ ապարատներդ քեզ չեն փրկի, դու քեզ ապահովիր ավտոմատով։ Էդպես ծանոթացա Ղարաբաղի տղերքին, շարժմանը…»։ Արցախի տարբեր շրջաններում Հրայրը, իր արդեն մարտական ընկերների հետ, ռմբակոծություն էլ է տեսնում, ավերածություններ էլ, մի խոսքով՝ պատերազմի բոլոր արհավիրքները։ Եվ ոչ միայն տեսնում, այլեւ նկարահանում։ Բայց Լիբանանում ծնված-մեծացած, ասել է թե՝ պատանեկության շրջանը լիբանանյան պատերազմի բովով անցած Հրայրի համար այդ արհավիրքները նոր բան չէին։ Սակայն դեռ 13 տարեկանից լուսանկարչական սարքերից անբաժան Հրայրը միայն պատերազմի ու ազատամարտի պահերը չէր հավերժացնում։ Նա մի առանձնահատուկ խնամքով լուսանկարում էր պատահած բոլոր խաչքարերն ու եկեղեցիները։ Երեւանում Հրայրը ծանոթանում է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ եւ միասին մեկնում են Հաղպատ, Հաղարծին, նույն՝ եկեղեցիներ նկարահանելու նպատակով։ Կանադա վերադառնալուն պես Բազեն Հայաստանի ու Արցախի մասին պատմող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես է բացում։ Սակայն իր տված խոստումը՝ Մերուժին եւ մյուս ընկերներին՝ 93-ին կրկին գալու եմ Արցախ, Հրայրն այդպես էլ չկարողացավ կատարել. «1993-ից սկսվեց հիվանդությունս։ Շատ թույլ էի, մեծ արագությամբ նիհարում էի, ոչինչ չէի կարողանում ուտել, խմել։ Բժիշկներն ասում էին, թե բրոնխիտ է, չանցած որոշ ժամանակ, հասկացան, որ քաղցկեղ է։ Կինս՝ Լենան, ինձ հասցրեց հիվանդանոց, այնտեղ ասացին՝ շատ ուշ է, արդեն 2 շաբաթից կմեռնես։ Ասացի՝ ինչպե՞ս թե, բա կինս, երկու զավակներս, բիզնեսս… Բանի տեղ չդրին, ասին՝ չէ, 2 շաբաթից մեռնելու ես։ Միանգամից շատ հզոր դոզայով քիմիաթերապիա արեցին։ Հիշում եմ, ծննդյանս օրն էր՝ ապրիլի 23-ը, բուժքրոջն ասացի՝ ծնունդս է այսօր, ասաց՝ շնորհավորում եմ ու ասեղը խփեց…»։ Այժմ, երբ ամեն ինչ հետեւում է, Հրայրը հումորով ու ժպիտով է պատմում իր ճակատագրական պահերի մասին։ Հենց այդ ժամանակ էլ Հրայրը որոշում է, ավելի ճիշտ, ուխտ է անում. «Անկողնուս առաջ մի խաչ կար, մի օր, երբ շատ վատ էի, ուխտ արեցի՝ Տեր իմ, եթե այս վիճակից դուրս գամ, ամբողջ աշխարհը կպտտեմ ու հայկական եկեղեցիներ կնկարեմ»։ Քիմիաթերապիայի կուրսը տեւում է գրեթե կես տարի՝ մինչեւ 1993-ի հոկտեմբեր։ Այդ նույն ընթացքում Հրայրին ցնցում է Արցախից ստացված լուրը, որ իր համար թանկ անձնավորությունը՝ Մերուժը, այլեւս չկա, զոհվել է։ Հրայրի հաջորդ այցը Ղարաբաղ իրականացավ 94թ.. «Գնացի Արցախ, Մարտունի, Մերուժի գերեզմանի մոտ խոստացա անընդհատ աշխատել Հայաստանի եւ Ղարաբաղի համար։ Այդպես էլ արեցի, անընդհատ գնում-գալիս եմ»։ 97-ին Կանադայում հրապարակվեց եւ հսկայական հաջողություն ունեցավ Հրայր Բազեի «Արցախ» ալբոմը, որը բաղկացած էր 4 բաժնից՝ ճարտարապետություն, բնություն, ժողովուրդ, պայքար։ Ալբոմի տպագրումից հետո Հրայրը ձեռնամուխ է լինում իր ուխտին. մեկնում է Իրան, Թուրքիա, Զավեն Սարգսյանի հետ լինում է Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերում եւ նկարահանում, նկարահանում… «Չգիտեի, թե որքան մեծ ուխտ եմ արել։ Աշխարհի 45 երկրներում հայկական եկեղեցիներ կան։ Այս տարիների ընթացքում արդեն 42 երկրներում եղել եմ, նկարել եմ։ Հեշտ չէր։ Գնում էի, գալիս էի, ցուցահանդեսներ էի կազմակերպում, հետո մեկնում մյուս երկիրը, նկարում, վերադառնում»։ Հարցիս, թե՝ ի՞նչ միջոցներով էիր այդ երկրները մեկնում, Հրայրը պատասխանեց, որ սկզբում միայն իր անձնական միջոցներով էր անում ամեն ինչ, հետո մարդիկ, ովքեր իմանում էին Հրայրի նպատակները, սկսեցին օգնել, որը՝ 100, որը՝ 50, որը՝ 200 դոլարով, Սան Ֆրանցիսկոյից հայտնվեց մեկը, որ խանդավառվելով Հրայրի նպատակով, միանգամից 10 երկրներ մեկնելու ողջ ծախսն է հոգացել, «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը 3 երկիր մեկնելու ճանապարհածախսն է հոգացել՝ Իսրայել, Իրան, Ռումինիա։ «Համարյա ավարտել եմ գործս։ Շուտով կտպագրեմ։ Դրանից անկախ մի ալբոմ էլ Արեւմտյան Հայաստանի մասին պիտի հրատարակեմ»։ Բայց Հրայրին միայն եկեղեցիների եւ հայրենի եզերքի թեման չէ, որ սրտամոտ է։ Նա սիրում է բնությունն ու բնության մեծագույն հրաշալիքը՝ մարդուն։ Հատկապես՝ կնոջը. «Այս տարի, ծննդյանս 40-ամյակի առթիվ, տպագրեցի մի փոքրիկ գրքույկ՝ 40 մերկ աղջիկների լուսանկարներով։ Ինչո՞ւ։ Ինձ շատ է հետաքրքրում կինը, կնոջ մարմինը։ Ոչ մի կին 100%-ով կատարյալ չէ, բայց կարելի է նրանցից ամեն մեկին այնպես նայել, այնպես նկարել, որ ցանկացած տղամարդ խենթանա։ Եվ լավ է, որ կան կանայք, որ հարգում են գաղափարս եւ տրամադրում են իրենց մարմինը, որ նկարեմ։ Որոշել եմ ամեն 5 տարին մեկ, հոբելյանիս առիթով, էդ շարքից նկարել, հրապարակել։ Մինչեւ 100 տարեկանս։ 100-ից հետո կհանգստանամ, աղջիկներին էլ հանգիստ կթողնեմ»։ Կոլորիտով ու կենսախնդությամբ հարուստ այս երիտասարդը մահվան ճիրաններից փրկվելուց հետո այլ կերպ է նայում կյանքին. «Կյանքը կարճ է, ամեն օրը, ամեն վայրկյանը թանկ է։ Դրա համար ես այլեւս հաշիվներ չեմ անում՝ այսօր այս կասեմ, վաղը այն, մյուս շաբաթ՝ մյուսը։ Լեզվիս ծայրը եկածը ասում եմ, մտքիս ծայրը եկածը՝ անում։ Ու ստացվում է, որ մի քիչ խենթ եմ։ Մարդ կա՝ հարբեցող է, մարդ կա՝ թմրամոլ, մարդ կա՝ լեզուն մի քիչ երկար է ու խենթ…»։ Հրայրն իրեն երեւի վերջիններիս թվին էր դասում։ Խենթությունը երիտասարդների վայելքն է։ Մի քիչ խենթ լինել ամենքիս էլ պետք է։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել