Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի 59 հասցեում բացված «Ալմ հոլդինգ» ընկերությունը վերջին օրերին դարձել է հեռուստատեսային շրջան

Հոկտեմբեր 02,2001 00:00

«Սիրիր, որ սիրվես» կարգախոսով Կոմիտասի 59 հասցեում բացված «Ալմ հոլդինգ» ընկերությունը վերջին օրերին դարձել է հեռուստատեսային շրջանակների խոսակցության հիմնական թեման։ Նորաստեղծ հեռուստաընկերության հեքիաթային տեխնիկական հնարավորությունների մասին լուրերն ու այլ հարցեր ճշտելու նպատակով հանդիպեցինք հոլդինգի սեփականատիրոջը՝ վոլգոգրադցի Տիգրան Կարապետյանին։ Զրույցից պարզվեց, որ մասնագիտությամբ լրագրող մեր հայրենակիցն իսկապես մտադիր է լուրջ հայտ ներկայացնել մեր հեռուստաբիզնեսի աշխարհին, դրա համար չխնայելով շոշափելի գումարներ եւ նույնիսկ՝ Վոլգոգրադում ճանաչում գտած սեփական հեռուստաընկերությունը։ – Ես այն ծախել եմ, որ հետդարձի կամուրջ չունենամ ու նայեմ առաջ,- ասաց զրուցակիցս, հետո ավելացրեց,- 3 տարի առաջ ես այս ռիսկին չէի գնա, այն ժամանակ ուժային մոտեցումները շատ էին, հիմա այլ է։ – Իսկ ի՞նչն է այլ եւ արդյոք հոլդինգը չունի՞ մեր լրատվամիջոցներին բնորոշ ու գրեթե պարտադիր քաղաքական հովանավորչություն կամ «կրիշա»: Պրն Կարապետյանն պատասխանեց ժպիտով. – Ինձ այդ հարցը շատ են տալիս, բազմաթիվ կուսակցություններ ուղարկում են իրենց ծրագրերն ու հանդիպումներ առաջարկում, բայց ես դրա կարիքը չունեմ, որպես լրագրող ու քաղաքական գիտությունների թեկնածու՝ չունեմ նաեւ քաղաքական ամբիցիաներ, ես լիբերալ եմ։ Նա լիբերալ է ու նաեւ, իր սկզբունքներով, իշխանամետ եւ իր հեռուստատեսության քաղաքականությունն էլ լինելու է այդպիսին. առանց իշխանության որեւէ թեւի լոբբինգի, առանց հեղափոխական պահվածքի։ Որպես քաղաքագետ, պրն Կարապետյանը գտնում է, որ ագրեսիվ ու հակառակ տրամադրվածությունը ստեղծում են նեգատիվ փոխհարաբերություններ։ «ԿՑ ՊՐՈՍՌ ՑՏսՖՍՏ րՌվՖ255ՍՌ» ասույթը մեջբերելով, զրուցակիցս պարզաբանեց. – Մեր հասարակությունը չի սիրում իր իշխանությանը եւ այդ հանգամանքն աշխատում է ի վնաս իրեն, այսինքն, մենք դրդում ենք մեր իշխանավորներին ամրանալ, դրա համար մեծ ծախսեր անել, որն էլ տանում է թալանի։ Ցանկացած խնդրի պետք է անդրադառնալ ոչ թե քարկոծելով, հետեւանքներին նայելով, այլ՝ փնտրել դրա դրդապատճառները։ Ինձ էլ շատ բան դուր չի գալիս, բայց իմ քննադատությունը կլինի կառուցողական, հօգուտ առաջընթացի. դա է ճիշտ ձեւը։ Եվ ուրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնելու «Ալմ հոլդինգը». հեռուստատեսություն, ռադիո, թերթ, 3 գործակալություններ՝ վերլուծական, վիճակագրական եւ public relation (PR)։ Ընդ որում, հեռուստատեսային ծրագրերի գերակշիռ մասը կլինեն հրապարակախոսական ժանրի թոք-շոուներ տարբեր թեմաներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլն։ Տ. Կարապետյանի համար գլխավորն այն է, որ իր ստեղծած հաղորդակցության ցանցն արտացոլի Հայաստանն ինչպես որ կա, բայց՝ խաղաղ ու բարի տրամադրությամբ։ Նա նույնիսկ վստահ է, որ ապահովված կլինի խոշոր գովազդատուներով ու եթերային ժամ «առնողներով»։ Դրա համար արդեն ներդրվել է 3 մլն դոլար կապիտալ ու դեռ ահագին էլ ծախս կա անելու, որպեսզի ստանան լիցենզիա, 10-րդ մետրային ալիքն ու գլխավորը՝ հասարակության համակրանքն ու վստահությունը։ Հարցիս՝ որպես բիզնեսմեն, նպատակայի՞ն է համարում այդքան ներդրում անել հեռուստառադիոընկերություններով հարուստ, իսկ ընդհանրապես աղքատ մեր երկրում, Տ. Կարապետյանը պատասխանեց. – Անշուշտ, մեկ այլ ոլորտում արված նույնքան ներդրումն ավելի իրատեսական կլիներ (հնարավոր է), բայց 50 տարեկանից հետո ես մտածում եմ հոգուս պահանջների մասին՝ ստեղծել իսկապես ազգային հեռահաղորդակցության միջոց, այն ներկայանալի դարձնել միջազգային հանրությանը՝ նվաճելով ճանաչում, հարգանք։ Սա է իմ ուզածը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել