Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի

Հոկտեմբեր 02,2001 00:00

ԱՉՔՆԵՐՍ ՓԱԿԵՆՔ ՈՒ ՉՏԵՍՆԵՆՔ «Երեւի այլեւս խոստում էլ չեն կարող տալ, դրա համար չեն եկել»,- իրենց համագումարին հրավիրված, բայց չներկայացած պետական պաշտոնյաների մասին ասացին «Չեռնոբիլ» միության անդամները։ Խոստումներ՝ միջուկային աղետների հետեւանքները վերացրած եւ տարբեր աստիճանի ճառագայթումների ենթարկված ՀՀ քաղաքացիներին տրվում են բոլոր հարմար առիթներով։ Ասենք, Չեռնոբիլյան աղետի «15-ամյակին իշխանությունները Կամերայինում խոստումներ տվեցին, որտե՞ղ են հիմա»։ Այդ հոբելյանը չեռնոբիլցիները փորձել են այնպես նշել, որ հասարակությանը եւ հատկապես իշխանություններին հիշեցնեն իրենց մասին։ Այդ ժամանակ տարելիցը հավուր պատշաճի նշելու համար նույնիսկ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, սակայն տարեդարձից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Թեեւ ծրագիրը (որն, ի թիվս բազմաթիվ միջոցառումների, նախատեսում էր նաեւ ֆիլմի ստեղծում, գրքի հրատարակում եւ այլն) «Չեռնոբիլ» միությունը մեկ տարի առաջ էր կազմել։ «Ծրագիրը հենց դրա համար էլ տապալվեց»,- ասում է միության նախագահ Կոստյա Ալավերդյանը։ «Ծրագիրը տապալվեց» նշանակում է՝ այդպես էլ գրի չառնվեց Հայաստանի մասնակցությունը աղետի հետեւանքների վերացմանը, գրի չառնվեցին մասնակիցների հուշերը, ի մի չբերվեցին փաստական նյութերը, չձեռնարկվեց մասնակիցների հաշվառում եւ այլն։ Նրանցից, ի դեպ, մոտավորապես 300 հոգին արդեն մահացել են։ Սա պաշտոնական թիվը չէ, այլ՝ միությանը։ Ընդհանրապես միությունն իր համար էլ աննկատ վերածվել է «պետական կառույցի», որովհետեւ ամեն հարցով չեռնոբիլցիներն այստեղ են գալիս։ Գնալու ուրիշ տեղ չունեն։ Իսկ հարցեր շատ ունեն։ Նշենք միայն այն, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը միակն է, որ չունի «Ճառագայթումից տուժածների սոցիալական պաշտպանության եւ առողջությունը վերականգնելու մասին» օրենք։ Այդ պատճառով սահմանված չեն ամենատարրական հասկացությունները. «Չեռնոբիլցի մենք ենք մեզ ասում, բայց օրենք չկա, որ սահմանի՝ ով է չեռնոբիլցին՝ այնտեղ ծնվա՞ծ մարդը, այնտեղ ապրա՞ծը, թե՞ աղետից հետո այնտեղ աշխատածը»։ Սրանից ածանցվում են մյուս հարցերը։ Ճառագայթահարված մարդկանցից արտոնություններ ունեն աղետի հետեւանքների վերացմանը միայն զինվորական գծով մասնակցածները։ Դա էլ՝ ի պատիվ ամենեւին ոչ Չեռնոբիլի, այլ «Զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով։ Վերջիններիս ընտանիքները նրանց մահից հետո զրկվում են ամեն ինչից։ «Սա անբարոյական է։ Սա նշանակում է պրոբլեմը «լուծելու» յուրովի ձեւ՝ չկա մարդ, չկա պրոբլեմ»,- ասում է Կ. Ալավերդյանը։ Այսպիսով, պետությունն ընդհանրապես չնկատելու է տալիս ատոմակայանի, «Արփա-Սեւանշինի» մասնագետներին եւ քաղաքացիական գծով այլ հազարավոր մասնակիցների, որոնք նույն աղետի գոտում նույն ճառագայթահարմանն են ենթարկվել։ Այս մարդիկ սոցիալապես պաշտպանված չեն, չի կատարվում նրանց հաշվառում, բժշկական հետազոտություն, արդեն ավելորդ է տրամաբանական շարունակությունը՝ բուժում, առողջության վերականգնում եւ այլն։ Այս մարդիկ սերունդ են տալիս (եթե տալիս են)։ Ոչ ոք չգիտի, թե ճառագայթահարվածներից ծնված քանի երեխա կա, առավել եւս հայտնի չէ, թե ով առողջական ինչ վիճակում է։ Այսպես՝ խորհրդային պետությունը նախ արգելել է 25 տարի ձայն հանել, հետո՝ մոռացել ու այսօրվա Հայաստանին ժառանգել է 1957-ին Չելյաբինսկի միջուկային աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած 700-800 հոգուն, որոնք լսելով «Չեռնոբիլ» միության մասին, իրենք են հայտնվել ու հայտնել, որ մարդկանց այդպիսի կատեգորիա էլ կա։ Մարտունեցի Ռոբերտ Կարապետյանը համագումարում պատմեց, թե ինչպես են իրենց՝ 18-ամյա նորակոչիկ «տղա-երեխաներին» բեռնատար վագոններով տարել՝ առանց ասելու, թե ուր։ Երեքուկես տարի այնտեղ աշխատեցնելուց հետո նրանց զորացրել են ԽՍՀՄ-ով մեկ՝ ստորագրություն վերցնելով 25 տարի ոչ մեկին չասել նույնիսկ, թե որտեղ են անցել ժամկետային ծառայությունը։ Այս մարդիկ ամենատարբեր հիվանդություններն են տանում, որոնց պատճառական կապը ճառագայթահարման հետ ապացուցելու համար դռներ են մաշում՝ շատ հաճախ անարդյունք։ Միության նախագահը պատմում էր, թե ինչպես ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող հանրապետական թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը մերժում է հիմք ընդունել ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի համապատասխան եզրակացությունը եւ անպայման պահանջում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովինը։ Հանրապետական թիվ 1 հանձնաժողովի նախագահ Միխայիլ Վանյանը հեռախոսով հայտնեց, որ Չելյաբինսկի եւ այլ միջուկային աղետների հետեւանքների վերացմանը մասնակցածների հարցերը իրենց կանոնադրությամբ չեն կարգավորվում։ Այդ հարցը շուտով կմտնի կառավարություն։ Իսկ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունն իրենք պահանջում են այն դեպքում, երբ դիմողը խնդիր է դնում զինվորական թոշակի նշանակման։ Չեռնոբիլցիները հայտնեցին, որ իրենց հարցերով զբաղվել Հայաստանը պարտավորվել է նաեւ ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս/թ հունիսի 1-ին ԱՊՀ միջպետական համաձայնագիր ստորագրելով։ «Ստորագրել ա, հետո երեւի չի էլ հետաքրքրվել, թե ինչ եղավ»,- համոզված էին ներկաները։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Առաջիկայում կներկայացնենք Մ. Վանյանի պարզաբանումները այս ու նաեւ՝ չնշված խնդիրների շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել