Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել «Օգոստոս» գործակալությունում ստուգումների ընթացքին, որոնք զերծ չէին

Հոկտեմբեր 02,2001 00:00

«Օգոստոսի» հակահարձակումը «Առավոտը» բազմիցս է անդրադարձել «Օգոստոս» գործակալությունում ստուգումների ընթացքին, որոնք զերծ չէին րինախատումներից, ստուգողների լիազորությունների՝ գերազանցման եւ գործակալության ներկա ու նախկին աշխատողներին շանտաժի ենթարկելու, վախեցնելու փաստերից: Գործակալությունում ՊԵՆ-ի ստուգումներն ավարտվել էին նախատեսվածից ուշ, թերեւս, այն բանի համար, որ, ինչպես ստուգողներից մեկն էր ակնարկել, գործակալությունում նրանց ոչխար չէին հյուրասիրել ու թողել էին սուրճի ու ինքնասպասարկման հույսին: Ստուգումներն, ի վերջո, ավարտվել էին եւ «Օգոստոս» գործակալությունն, իհարկե, ակտը բողոքարկել էր ավելի քան հիմնավոր փաստարկներով ապացուցելով, որ այն, ինչի հիման վրա ակտ է կազմվել, ապօրինի է ու ձեռք է բերվել շանտաժի, «Հարկերի մասին» օրենքի դրույթների խախտումներով: ՊԵՆ-ն էլ կամ շառից հեռու մնալու, կամ «վերեւների» պատվերն ի կատար ածելու համար, ստուգումների արդյունքում կազմած ակտն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ այդ մասին առանց գործակալությանը տեղյակ պահելու, թեեւ պարտավոր էր: Այսպես էլի մի քանի ամիս կանցներ, գործակալությունն էլ կշարունակեր մնալ պարտադրված պարապուրդի մեջ, եթե նախկին ու ներկա աշխատողները չահազանգեին, թե ՊԵՆ-ից իրենց հասցեագրված նոր ծանուցագրեր են ստացել եւ կանչվում են նոր հարցաքննության: Երեկ, ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված գրությանը՝ «Օգոստոսը» տեղեկացվել է հետեւյալի մասին. «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ում կատարված ստուգումների արդյունքի հիման վրա ՀՀ ՊԵՆ հետաքննության բաժնի կողմից նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության դեռեւս 05.09.2001թ. որոշմամբ վերադարձվել են նույն նախարարությանը՝ նյութերը ՀՀ Քրդատօր 17 հոդվածի պահանջների խախտումներով եւ թերի նախապատրաստված լինելու պատճառաբանությամբ»: Բայց ՊԵՆ-ը, ինչպես երեւում է, չի հանգստացել ու գործակալությունից գաղտնի ձեռնամուխ է եղել նրա նախկին ու ներկա աշխատակիցների հարցաքննությանը: Մենք դիմեցինք «Օգոստոս» գործակալության հիմնադիր Շողեր Մաթեւոսյանին՝ մեկանաբանելու կատարվածը: «ՊԵՆ-ին խորթ է օրենքի շրջանակներում աշխատել: Այդ նախարարության աշխատակիցները ստուգումների արդյունքում ու հաշվապահական փաստաթղթերը քրքրելուց հետո, ըստ էության, ոչինչ չէին գտել ու սկսել էին հիմնականում գործողություններ ծավալել փողոցներում՝ լրագրավաճառ կետերում՝ սրանից-նրանից տեղեկություններ հավաքելով, նախկին ու ներկա աշխատողներին շանտաժի ենթարկելով, վախեցնելով, խոստանալով, որ գործակալության փակվելուց հետո նրանց աշխատանքով կապահովեն եւ այլն»,- ասաց տիկին Մաթեւոսյանը: Ի դեպ, երբ վերջինս ստուգող խմբի ղեկավար Յուրի Սիմոնյանից պահանջել էր ներկայացնել 8 միլիոնանոց ակտի հիմքերը, որոնք հիմնված էին ոչ թե կոնկրետ փաստերի ու հաշվարկների, այլ աշխատողներից կորզված կասկած հարուցող հայտարարությունների ու բացատրությունների վրա, նույն Յու.Սիմոնյանը հավաստիացրել էր, թե ինքն իբր դրա իրավունքը չունի ու ավելացրել էր՝ «բա որ ձեր աշխատողներին ազատեք աշխատանքից»: «Այսինքն, Սիմոնյանն ուզում էր գործակալությունում սեփական գործակալական ցանց ստեղծել, որին ես տեղյակ չպե՞տք է լինեի»,- նկատեց Շ.Մաթեւոսյանը եւ ավելացրեց, թե իր տպավորությամբ ՊԵՆ-ում հատուկ հավաքվել են անլիարժեքության ու չեկիստի բարդույթով տառապող մարդիկ: Անդրադառնալով ՊԵՆ-ի սկսած գաղտնի կրկնական ստուգումների փաստին, տիկին Մաթեւոսյանն ասաց. «Գործակալությունում ենթաստուգումների, ստուգումների, վերստուգումների բոլոր հնարավոր ժամկետները վաղուց արդեն սպառվել են, եւ ես պատրաստվում եմ ՊԵՆ-ին դատի տալ: Շուրջ վեց ամիս է, գործակալությունը չի աշխատում, տնտեսական մեծ վնասներ է կրում, որի համար նա պատասխան է տալու: ՊԵՆ-ի գործողությունները գործակալության աշխատողների նկատմամբ ապօրինի են, եւ, ընդհանրապես, գործակալության աշխատողները կարող են որեւէ տեղ չգնալ-չներկայանալ եւ որեւէ հարցի չպատասխանել: Տվյալ դեպքում, ՊԵՆ-ի կողմից նրանց ծանուցագիր ներկայացնելը նույնքան իրավական հիմքեր ունի, որքան ես իրավունք ունեմ ծանուցագիր ուղարկել ՊԵՆ նախարարին կամ, ասենք, Շահեն Հովասափյանին եւ հրավիրել գործակալություն՝ զրույցի»: Իսկ անցած ամիսների ընթացքում «Օգոստոսի» շուրջ 40 աշխատող պարապուրդի է մատնվել, գործակալությունը կրել է ակտում արձանագրված՝ 8 մլն դրամի հասնող նյութական վնաս: ՊԵՆ-ը ստիպված է լինելու փոխհատուցել գործակալությանը պատճառած ոչ միայն նյութական, այլեւ բարոյական վնասը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել