Լրահոս
Օրվա լրահոսը

Այս

Հոկտեմբեր 02,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Այս իրողությունն արձանագրեցին մշակութային եւ քաղաքական գործիչներն այն բանից հետո, երբ «Պապլավոկ» սրճարանում բազմաթիվ ականատեսների աչքի առաջ կատարված սպանության վերաբերյալ բոլորը նախընտրեցին լռել։ Վախի մթնոլորտի իրողությունը փաստելուց հետո մտավորականները սկսեցին վերլուծել դրա պատճառները, բավական ուշացումով խոսեցին նաեւ կատարվածի մասին։ Բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հովհաննեսը եւս այդ դեպքին անդրադարձավ, այսպես ասած, postfactum. «Բնականաբար, այս ամենին միանշանակ վերաբերմունք չենք կարող այսօր ցույց տալ, որովհետեւ շատ բան դեռ պարզ չէ։ Բայց այն, ինչ արդեն պարզ է՝ միայն մի բան է ապացուցում, որ այս գործն ինքնահոսի թողնել հնարավոր չի լինելու։ Սա պիտի ամենամանրամասն հետաքննության ենթարկվի»։ Նման, ասենք, «մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն» կոչերով հանդես եկողներին պաշտոնական քարոզչությունն արդեն իսկ հակահարված տվեց, թե ի՞նչ է, այլ պարագաներում մեղավորները չպիտի՞ պատասխանատվության ենթարկվեն։ Դավիթ Հովհաննեսը պարզաբանման կարոտ է համարում հետեւյալ հարցը. «Իսկապե՞ս Պողոս Պողոսյանն իրեն անվայել էր պահել եւ արդյոք հետագայում եղածը համարժեք էր եղածին»։ Ինչ էլ որ ասած լիներ այդ մարդը՝ «Բարեւ, Ռոբ» կամ «Պռիվետ, Քոչարյան-օղլի»՝ անհնար է նրան ծեծելով սպանելու արդարացում համարել։ Գործընկերներիցս մեկը հիշեց, որ առաջին նախագահի հասցեին հրապարակներում, ընդդիմության հանրահավաքների ընթացքում ինչ ասես՝ չէին գոռում՝ էլ թուրք, էլ Թալեաթ, էլ հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացնող։ Այսինքն՝ արդարացվա՞ծ կլիներ, եթե նրա թիկնազորն այդ որակումների հեղինակներին հասցներ մահվան դուռը։ «Այս ամենը մտահոգում է հասարակությանը, որովհետեւ առնչվում է նախագահին, երկրի վարկին եւ, ի վերջո, մեր անվտանգության, ապահովության զգացողությանը,- ասում էր Դավիթ Հովհաննեսը։- Ես համոզված եմ, որ շարունակաբար անհետեւանք թողնելով նմանատիպ դեպքերը (հիշում ենք, որ ԱԺ նախագահի թիկնապահն էլ մարդ սպանեց)՝ մենք հանրապետությունում սնուցում ենք մի մթնոլորտ, որը բոլորովին անհարիր է այն սկզբունքներին, որ որդեգրել ենք ե՛ւ որպես 1700-ամյա քրիստոնեա երկիր, ե՛ւ որպես Եվրախորհրդի անդամ»։ Դավիթ Հովհաննեսն անդրադարձավ նաեւ այն վայրին, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը. «Պապլավոկը» կարծես խաչված տեղ է, մի տեսակ պիտակ կա այդ սրճարանի վրա։ Ինքս էլ, ինչ-որ իմաստով, «Պապլավոկի» ծնունդ եմ եւ բնակիչ, ամբողջ երիտասարդությունս անց եմ կացրել այն ժամանակվա «Պապլավոկում»։ Նման բաներն այն ժամանակ ինձ համար անպատկերացնելի էին։ Թեպետ պիտի ասեմ, 1975-ին «Պապլավոկի» առաջին հարկի բետոնի վրա ջախջախվեց մտերիմ ընկերս՝ տաղանդավոր բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը, որի թաղումն էլ արեցինք հենց «Պապլավոկից»։ Մարդը որբ էր եւ տուն չուներ։ «Պապլավոկում» 2-3 տարի առաջ ծեծվեց ՀՅԴ խմբակցության ներկայիս ղեկավար Աղվան Վարդանյանը։ Ես չգիտեմ, գուցե նաեւ դա էր պատճառն այն շահագրգռության, որ հատկապես նա հանդես եկավ այս դեպքի վերաբերյալ հայտարարությամբ։ Գուցե նաեւ պատճառն այն է, որ հանգուցյալը դաշնակցական էր։ Սրանք բոլորը մասնավոր հանգամանքներ են»։ Աղվան Վարդանյանն այս դեպքի առնչությամբ կոչ արեց՝ դաշնակցական-ոչ դաշնակցական բաժանարար գիծ չանցկացնել։ Դավիթ Հովհաննեսն էլ էր համարում. «Կարծում եմ, որ բոլորս, անկախ կուսակցական պատկանելությունից, դավանանքից եւ այլն՝ այս հարցը պիտի արծարծենք ամենայն սրությամբ։ Մեր բազմաթիվ խնդիրների ֆոնին «Պապլավոկում» կատարվածը գուցե մասնավոր դեպք թվա՝ բայց նման դրվագներից է ստեղծվում ընդհանուր խճանկարը, համայնապատկերը։ Եվ հատկապես այս մասնավոր դեպքի առնչությամբ ես՝ որպես մտավորական, բանաստեղծ, ԱԺ պատգամավոր ու պարզապես հայ մարդ՝ ուղղակի ակնկալում եմ պատկան մարմինների՝ խորամուխ միջամտությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել