Լրահոս
Օրվա լրահոսը

…ԵՎ ԵՐԿԻՆՔԸ ՓՈՒԼ ՉԻ ԳԱ

Սեպտեմբեր 29,2001 00:00

…ԵՎ ԵՐԿԻՆՔԸ ՓՈՒԼ ՉԻ ԳԱ Մենք ասես չենք էլ նկատում, թե ինչպես աստիճանաբար եւ հետեւողականորեն մխրճվում ենք նյութապաշտ աշխարհի ճահճուտի մեջ եւ հոժարաբար հրաժարվում մեր նախապապերի ժառանգած ասպետաբարո ոգուց։ Մենք այլեւս չենք ցանկանում լինել «խենթ» հերոսներ, որոնք ժամանակին հպարտությամբ են կրել «բարոյական հաղթանակների» փառքը։ Հիմա հաճելի է, երբ մեզ անվանում են «հաշվենկատ պրագմատիկներ», որոնք հեգնաբար են նայում «գաղափարի նահատակներին»։ Բայց արի ու տես, որ նույն այդ «աչքաբացների» բազմությունն ի վերջո հուշարձաններ է կանգնեցնում նույն այդ «միամիտներին», ասել է թե՝ իրենց ժամանակի հերոսներին, որոնց օրինակով պետք է դաստիարակվի գալիք սերունդը։ Անտրամաբանական չէ՞, արդյոք։ Այս հարցն օրերս ես ուղղեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանին։ – Իհարկե՝ ոչ, քանի որ իդեալ ունենալը բոլոր ժամանակների համար մարդկային կյանքի հարատեւությունն ապահովող ամենազորեղ եւ ամենավստահելի շարժառիթն է հանդիսանում,- ասաց նա,- ինձ համար ճիշտ այդպիսի մի իդեալ է Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» վիպակի հերոսը։ Ես այդ մարդուն, կարելի է ասել, զգում եւ հասկանում եմ գենետիկորեն։ Ցավոք, վերջին տասնամյակում խիստ սակավաթիվ դարձան այդպես մտածողները։ Դա չէ՞ պատճառը, որ առիթը բաց չենք թողնում խոսելու արտագաղթի մասին, բայց որեւէ գործնական քայլ չենք անում։ Խնդիրն, անշուշտ, միայն ժողովրդի սոցիալական ծանր վիճակը չէ։ Իդեալներն են մղում սխրանքների, եւ այդ գաղափարն անհրաժեշտ է շոշափելի դարձնել։ – Իսկ թատրոնը կարո՞ղ է ստանձնել այդ առաքելությունը։ Այլ պարագայում հարցս գուցեեւ հռետորական հնչեր, սակայն Սոս Սարգսյանին հետաքրքրող խնդիրների շրջանակում այն միանգամայն տեղին էր։ Նրա կարծիքով, թատրոնի դերն այս գործում հսկայական է։ – Բայց պետք է խոստովանել,- շարունակեց վարպետը,- որ մեր հասարակությունն այսօր բոլորովին էլ թատերասեր չէ։ Իսկ գիտե՞ս ինչու, որովհետեւ մեզանում համընդհանուր սերն է պակասել։ Թվում է՝ երեկ մենք մի փոքր ավելի սրտակից էինք մեր բարեկամների նկատմամբ, ավելի ջերմ էինք մեր փոխհարաբերություններում, ավելի շատ էինք երազում եւ ավելի վստահ էինք նայում ապագային։ Բայց եւ երեկ մենք արդեն դժգոհում էինք, որ թատրոնը սկսել է չհետաքրքրել ժողովրդին, որ վատ ենք թատրոն հաճախում կամ բնավ չենք էլ հաճախում։ Որոնում էինք պատճառներ եւ, իհարկե, գտնում էինք դրանք հոգեվարք ապրող խորհրդային համակարգի ծալքերում։ Այսօր հնարավորություն է տրված, որ մենք ինքներս կերտենք մեր տան «համակարգը»։ Ուրեմն, գուցե ամոթ է, որ հազարամյակներ անցած մեր թատերարվեստը մնա կարոտով իր հանդիսատեսին։ Մի՞թե ամոթ չէ, որ թույլ տանք տարբեր օտարամուտ վայրագ հանդիսանքներ պերճաշուք գովազդներով հրամցվեն մեր ժողովրդին, իսկ մեր իսկ ստեղծած գեղարվեստական օրինակելի գործերը թողնենք գնահատելու ուրիշներին։ Իմ զրուցակիցը ծխախոտ վառեց եւ մտազբաղ հայացք գցեց բաց պատուհանի կողմը։ Ներքեւից պարզորոշ մեզ էր հասնում ընդմիջման դուրս եկած ուսանողների զվարթ աղմուկը։ Ընդամենը երեք տարի առաջ էր, երբ փառքի եւ համաժողովրդական սիրո վայելքը ճաշակած արվեստագետը ստանձնեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը։ Ի՞նչ էր դա նրա համար։ Վերե՞լք։ Հազիվ թե։ Հիշում եմ, այդ օրերին նա ինձ ասաց. – Գիտես, ես հիմա նորից եմ սկսում ապրել։ Պետք է խոստովանեմ, որ այս խոսքերի իմաստն ինձ այն ժամանակ դեռ անհասկանալի էր։ Եվ միայն հիմա մտաբերելիս իրապես բացահայտեցի։ Երեք տարիների ընթացքում հանրապետության այս ինքնատիպ բարձրագույն ուսումնական հաստատությունը վերագտավ իր երբեմնի բարի համբավը։ Բոլորիս քաջ հայտնի սոցիալական աննպաստ պայմաններում, այնուամենայնիվ, վերանորոգվեց ու վերազինվեց։ Կարելի է նույնիսկ ասել՝ վերածնվեց, քանի որ ինստիտուտ եկող ուսանողական ալիքը գնալով ընդլայնվեց ու փարթամացավ։ – Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց։ – Գաղտնիքը մեկն է. պետք է ամեն ինչ սիրով անել եւ տիրոջ նման։ Թող ամենքն իր կարողության չափով պահի երկինքը եւ այն փուլ չի գա։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ Պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել