Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԳԵՅ ՉԱԽՈՅԱՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՍԵՐԳԵՅ ՉԱԽՈՅԱՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ «ձՁՀԿ» էլեկտրոնային թերթը տեղեկացնում է, որ գյումրեցի ծանրորդ Սերգեյ Չախոյանը, որ ներկայումս բնակվում է Ավստրալիայում եւ հանդես գալիս այդ երկրի դրոշի ներքո, դոպինգ օգտագործելու համար որակազրկվել է երկու տարով։ Չորեքշաբթի օրը Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ մարզիկի արյան մեջ արգելված ստանազոլի պարունակության մասին նախնական ստուգման արդյունքները հաստատվել են։ Ծանրորդի արյան մեջ արգելված խթանիչների առկայության ստուգումն արվել էր այն բանից հետո, երբ Բրիսբեն քաղաքում անցկացված Բարի կամքի խաղերում Սերգեյը աշխարհի ռեկորդ սահմանեց։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոններով, Չախոյանի բոլոր արդյունքները չեղյալ են համարվում։ Ծանրորդը, սակայն, կարող է բողոքարկել ֆեդերացիայի վճիռը եւ արյան լրացուցիչ ստուգում պահանջել։ Բարի կամքի խաղերում 32-ամյա Չախոյանը նվաճելով երեք ոսկե մեդալ՝ 31 հազար դոլար խրախուսական մրցանակ էր ստացել։ 85 կգ քաշային կարգում նա պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ՝ բարձրացնելով 181,5 կգ։ Սակայն հասկանալի է, որ նրա այս ցուցանիշներն արդեն իրավական ուժ չունեն։ Հիշեցնենք, որ Սերգեյն Ավստրալիա է տեղափոխվել 1997 թվականին, այն բանից հետո, երբ 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմի կազմում հանդես գալով՝ գրավել էր 6-րդ տեղը։ Անցած տարի Սիդնեյում նա կրկին վեցերորդն էր, սակայն արդեն կրում էր Ավստրալիայի հավաքականի համազգեստը։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել