Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մի քանի տարի անընդմեջ Սոնյա Պալասանյանը (ՆՓԱԿ-ի հիմնադիր) Նորարար- փորձառական արվեստի կենտրոնո

Սեպտեմբեր 29,2001 00:00

Փոշու ստվերը Արդեն մի քանի տարի անընդմեջ Սոնյա Պալասանյանը (ՆՓԱԿ-ի հիմնադիր) Նորարար- փորձառական արվեստի կենտրոնում ներկայացնում է իր մեծածավալ աշխատանքները։ Չորեքշաբթի, սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 9-ին, ՆՓԱԿ-ի դիմաց՝ գլխավոր պողոտայի շատրվանների տարածքում, Սոնյան բեմադրեց իր «Փոշու ստվերը»։ Աշխատանքը թատերականացված պատում էր՝ հոգեւորի ու մարմնավորի, իրականի ու անիրականի, զրկյալի ու շնորհյալի մասին։ Բնաբան ընտրելով Լեւոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի Կույրի եւ Վարդապետի երկխոսությունը Սոնյան բազմաթիվ միջոցներով (վիդեոարտ, երաժշտություն, ձայնային եւ լուսային էֆեկտներ, խաղարկություն եւ սլայդ) իր ներաշխարհի գիտակցականից ու ենթագիտակցականից պատառիկներ թռցնելով, ներկայացրեց մի ամբողջական ստեղծագործություն։ Հիմնական շեշտը կրում էր կինն իր տարբեր դրսեւորումներով՝ սեր, կին, մայր, որն էլ հաճախ զոհ է ու քավության նոխազ։ Մյուս կողմից տղամարդն է՝ իր բազմազան եսերով ու դերերով՝ Աստված, բեղմնավորիչ, բռնապետ, մարտնչող, երկրային վայելքները մերժող ճգնավոր աբեղա, որ հոգու խորքում ազատագրման թռիչքի ու ճախրանքի երազն է փայփայում։ Այդ էին խորհրդանշում սեւասքեմ հոգեւորականների գլխին սավառնող արծիվները։ Սեւասքեմների դանդաղ քայլքը, նրանց սարսափազդու, բայց գեղեցիկ ստվերները էկրաններին, ուր մի այլ պատում էր ընթանում, ստեղծում էին հոգեւորի գերիշխանության պատրանք, միաժամանակ ընթանում էին պատումի իգական դրվագները։ Ներկայացված էին մի քանի կին. Լեւոն Շանթի իշխանուհին, անմեղ աղջնակը, բանտվածը, աբեղայի ձեռամբ փրկված սիրո եւ վայելքի խորհրդանիշ սպիտակազգեստ խաչյալ ու տառապյալ կինը, որի հոգում քանդակված են մշակութային արժեքները (սլայդներով դրանք արտացոլվում էին հագուստի սպիտակ ֆոնին) եւ որի կրողն ու փոխանցողն է կինը։ Վերնիսաժի ամբողջ տարածքում հնչում էր (արդեն հանգուցյալ) ծերունազարդ տիկին Թովմասյանի մեղմօրոր ձայնը։ Նա պատմում էր հայի անդաստական կյանքի պատմությունը՝ Եղեռնից մազապուրծ հայ ընտանիքի թափառումները 16 երկրներով։ Տարածքի հակառակ կողմում հնչում էր մերօրյա հայ կնոջ աղերսագին ձայնը՝ ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Արտագաղթի նոր ալիքի նույն զոհը։ Եվ որդեկորույս հայ մայրերն էին պտտվում անընդհատ, փորձում պատասխան գտնել իրենց տառապանքների համար։ Իսկ լարախաղացն անձնավորում էր մարդուն դժոխքի ու դրախտի միջեւ ձգված «մազե կամուրջի» վրա, որից անփորձանք անցնում են միայն անմեղները։ Ստեղծագործությունը գեղագիտական առումով ամբողջական էր ու ազդու։ Կարճ ժամանակում Սոնյա Պալասանյանին հաջողվել էր փոքր անձնակազմով ավարտին հասցնել մեծամասշտաբ մի գործ։ Ընդգրկված էին ՆՓԱԿ-ի թատերախումբը Գագիկ Ղազարեի ղեկավարությամբ, «Ինցեստի» աղջիկները, 10 այլ երիտասարդ աղջիկ-տղաներ։ Հրավիրատոմս- բրոշյուրի դիզայնը իրականացրել էր Սեւադա Պետրոսյանը, լույսերի պատասխանատուն էր Արմեն Ավետումյանը, երաժշտությունը (խորհրդատու՝ Եվա Խաչատրյան) հրավեր-կանչ էր մարդկանց՝ ականջալուր ու ականատես լինելու ավանգարդիստ արվեստագետի տվայտանքների խճանկարային պատկերացումներին։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել