Լրահոս
Օրվա լրահոսը

Արամիկը 12 տարին դեռ չի բոլորել, բայց իրեն արդեն հասցրել է դրսեւորել որպես մարզիկ եւ բազմակողմանի հե

Սեպտեմբեր 29,2001 00:00

Հրաշամանուկ չի, բայց օժտված է Արամիկը 12 տարին դեռ չի բոլորել, բայց իրեն արդեն հասցրել է դրսեւորել որպես մարզիկ եւ բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող երեխա։ Նա այն մանուկներից է, ում մասին ասում են. «Ինչով էլ զբաղվի՝ հաջողությունները երաշխավորված են ի վերուստ»։ Դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ բակում, ի զարմանքս հարեւանների, գետնից կտրեց մի մեծ ու ծանր սալաքար ու մի քանի ակնթարթ պահեց ձեռքերում։ Ու շենքի բնակիչները նրան տվեցին Սասունցի Դավիթ անունը։ Այդ օրվանից Արամը դարձավ հասակակիցների ընդօրինակման առարկան։ Եվ ոչ միայն ֆիզիկական տվյալների շնորհիվ։ Նա օրինակելի է նաեւ թենիսում, լողում, հանրապետությունում այնքան էլ մեծ տարածում չունեցող ռենձյուում։ Ու կարեւորն այն է, որ բակի երեխաները, հետեւելով Արամի օրինակին, յուրացնում են այն բոլոր մարզաձեւերը, որոնցով հրապուրվում է Արամը։ Նույնը կարելի է ասել անվաչմուշկների մասին։ Անվարան կարելի է պնդել, որ թաղի երեխաների մի ստվար հատվածը հենց նրա շնորհիվ համալրեց չմուշկի սիրահարների բանակը։ Բայց ամենաուշագրավն այն է, որ Արամը առավել մեծ հաջողությունների հասել է ոչ թե ուժային, այլ մարտատրամաբանական խաղում՝ ռենձյուում։ Առաջին քայլերն այստեղ արել է 5 տարեկանում ու շատ կարճ ժամանակում մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը։ Եթե առաջին հաղթանակներին սկզբում լուրջ չէին վերաբերում, կարճ ժամանակ անց Արամի ցուցանիշները խառնաշփոթ առաջացրին նույնիսկ մեծահասակների հանրապետության առաջնության աղյուսակում։ Հիմա փորձառու վարպետները զգուշանում են Արամից՝ արդեն Հայաստանի պատանիների բազմակի չեմպիոնից։ Մինչեւ վերջ լինենք արդար. «պատանի» բառն ինչ-որ տեղ սանձում է մարդու իրական կարողությունների վերին սահմանագիծը։ Արամը հաջող է հանդես գալիս էլեկտրոնային փոստով ռենձյուի աշխարհի առաջնությունում։ Նրան մարտահրավեր նետեց աշխարհի ուժեղագույն վարպետներից մեկը՝ Ալդիս Ռեյմսը ու պարտվեց 1։3 հաշվով։ Այնուհետեւ Արամի հետ մրցելու ցանկություն հայտնեցին աշխարհի նախկին չեմպիոն ճապոնացի Կավամուրան, չինացի մեծ վարպետ Չեն Վեյը, շվեդ Վալգրենը, ամերիկացի Մամմելը… Արամն, անշուշտ, ի վերուստ օժտված տղա է։ Բայց միեւնույն ժամանակ նման է իր բոլոր հասակակիցներին։ Սիրում է ամբողջ օրը խաղալ, ու ծնողները զոռով են նրան «դուրս բերում» փոշու ու կեղտի միջից։ Նա նաեւ թափթփված է ու անհոգ-անպատասխանատու, ինչպես այդ տարիքի մյուս երեխաները։ Սիրում է Հրազդանի կիրճում գորտ, մողես կամ օձ բռնել ու բերել բակ։ Բայց նաեւ մասնակցում է ռենձյուի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Հավատացած եմ, որ սպորտում նա մեծ ապագա ունի, բայց նյութական միջոցների բացակայության պատճառով Արամը շատ հաճախ բաց է թողնում կարեւորագույն միջազգային մրցաշարեր, ինչպես, օրինակ, պատանիների Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, անհատական հրավերով մի քանի կարեւոր մրցումներ։ «Ինչ անել», մտածում են ծնողները։ Այսպես տղան կարող է կորչել։ Ուզում են, որ իրենց զավակը մնա Հայաստանում, պաշտպանի իր երկրի մարզական դրոշի պատիվը։ Բայց եթե տեր կանգնող չլինի, բացառված չէ, որ տաղանդավոր պատանին ստիպված լինի ընդունել օտար երկրների հրավերները։ ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել