Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան դահլիճում տղամարդկանց հանրապետության բարձրագույն

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՀԵՐԹՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆՆ Է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան դահլիճում տղամարդկանց հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունից կարճ ժամանակ անց պայքարի ոլորտն են ներգրավվել աղջիկները, որոնք նույնպես միմյանց միջեւ որոշելու են Հայաստանի այս տարվա բարձրագույն խմբի առաջնության հաղթողին ու մրցանակակիրներին։ Ճիշտ է, չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճն ընթանում է առանց մեր երկու գրոսմայստերների՝ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի, սակայն ակնկալում ենք, որ նրանց բացակայությունն այնքան էլ չի ազդի պայքարի սրության վրա։ Շրջանաձեւ մրցակարգով պայքարի ոլորտն են ներգրավվել միջազգային վարպետներ Գոհար Հլղաթյանը, Նելլի Աղինյանը, ազգային վարպետներ Նարինե Գասպարյանը, Լիլիթ Գալոյանը, Նոնա Սահակյանը, ինչպես նաեւ Հերմինե Մխիթարյանը, Անի Դարբինյանը, Նաիրա Հայրապետյանը, Մարինե Դումանյանը, Սիրանույշ Անդրիասյանը։ Առաջին տուրում Գոհար Հլղաթյանը եւ Նոնա Սահակյանը բաժանեցին միավորը, Լիլիթ Գալոյանը առավելության հասավ Հերմինե Մխիթարյանի նկատմամբ, Անի Դարբինյանը պարտություն կրեց Սիրանույշ Անդրիասյանից։ Նելլի Աղինյան-Նարինե Գասպարյան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, իսկ Մարինե Դումանյանն իր առավելությունն ապացուցեց Նաիրա Հայրապետյանի նկատմամբ։ Երեկ կայացած երկրորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին Սահակյան-Դումանյան, Աղինյան-Հայրապետյան, Անդրիասյան-Գասպարյան, Գալոյան-Դարբինյան, Հլղաթյան-Մխիթարյան զույգերը։ Ուրախալի է, որ վերջին տարիներին շախմատիստուհիների պայքարում հանրապետության առաջատարների կոչմանը հավակնում են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի, Էջմիածնի, Հրազդանի դպրոցների ներկայացուցիչները։ Ասենք նաեւ, որ առաջնության կազմակերպիչը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան սահմանել է դրամական մրցանակներ։ Հայաստանի նորընծա չեմպիոնուհին կստանա 300 հազար դրամ։ Երկրորդ մրցանակակրին բաժին կհասնի 200 հազար, երրորդին՝ 100 հազար, չորրորդին՝ 60 հազար եւ հինգերորդին՝ 40 հազար դրամ։ Բացի դա, մյուս մասնակիցներին որպես խրախուսանք կտրվի հինգ հազարական դրամ՝ վաստակած յուրաքանչյուր միավորի համար։ Մրցակարգով, սակայն, նախատեսված է, որ հավասար միավորների դեպքում գումարը բաժանվելու է հավասարաչափ։ Առաջնությունում սահմանված է ազգային վարպետի նորմա՝ 6.0 միավոր։ 1-5-րդ տեղեր զբաղեցնողները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի հաջորդ տարվա բարձրագույն խմբի առաջնությանը։ 2-րդ տուրի արդյունքները. Հլղաթյան-Մխիթարյան՝ 1։0, Գալոյան-Դարբինյան՝ 1/2, Անդրիասյան-Գասպարյան՝ 1։0, Աղինյան-Հայրապետյան՝ 1։0, Սահակյան-Դումանյան՝ 1/2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել