Օդից թեթեւ մոտեցում հայ կինոյին 10 օր առաջ Անապայում ավարտվեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնը, որն արդեն 10 տարվա պատմություն ունի։ Հոբելյանական կինոփառատոնի ժյուրիի կազմում էր նաեւ Հայաստանի կինոքննադատների եւ կինոգործիչների ասոցիացիայի նախագահ Դավիթ Մուրադյանը։ Հայաստանը ներկայացրել էր Տիգրան Խզմալյանի «Պեռլեկին կամ օդից թեթեւ» «տխուր հեքիաթը» (Դ. Մուրադյանի բնութագրումն է), որը ստացավ ԱՊՀ անդամ-երկրների կողմից սահմանված հատուկ մրցանակը։ Իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանն արժանացավ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակին։ Տիգրան Խզմալյանը «Կինոշոկում» 1998-ին էլ է շահել գլխավոր մրցանակ՝ «Սեւ-սպիտակ» կարճամետրաժ ֆիլմի համար։ Փառատոնում ներկայացվել է տարբեր երկրների թվով 25 ֆիլմ։ Գործել է 5 նոմինացիա։ Այնպես որ, մերոնց հաջողությունը թերագնահատել հնարավոր չէ։ Ընդ որում, «Երեւան» ստուդիան ֆիլմը նկարահանել էր ընդամենը 25000 դոլարով։ Ֆիլմը նկարվել է պետպատվերի շրջանակներում՝ 1999-ի պետբյուջեում նախատեսված միջոցներով։ Ըստ Տ. Խզմալյանի, իրենք Անապա են մեկնել փառատոնի հաշվին, որեւէ հովանավոր չեն ունեցել։ Միակը, ով օգնել է, եղել է ԱԺ պատգամավոր… Մուշեղ Մովսիսյանը՝ հոգացել է Վ. Մսրյանի ճանապարհածախսը եւ նույնիսկ ինքն էլ է մեկնել Անապա։ Փոխարենը վրացական պատվիրակության կազմում ոչ միայն մեծ թվով դերասաններ, ռեժիսորներ են եղել՝ «20-22 տարեկան դեբյուտանտներից՝ մինչեւ վաստակաշատ նահապետներ», այլեւ՝ երգիչներ, երաժիշտներ, որոնք փառատոնին, առանձնապես իրենց կինոգործիչներին, խիստ ոգեւորել են։ Տիգրան Խզմալյանը «Կինոշոկում» ունեցած իրենց փայլուն արդյունքներն ամփոփելու նպատակով կազմակերպված ասուլիսին բերել էր ոչ միայն այս տարվա փառատոնում շահած մրցանակները, այլեւ վերջին 4 տարիների ընթացքում «Երեւան» ստուդիայի՝ միջազգային կինոփառատոններում շահած տարբեր մրցանակներ։ Դրանց թիվը պատկառելի էր. «Մենք մեր մրցանակները նվիրում ենք Տիգրան Նաղդալյանին եւ Սերգեյ Առուստամյանին՝ մարդկանց, որոնք ամեն ինչ արեցին եւ անում են խանգարելու մեր ստուդիայի եւ անձամբ իմ աշխատանքը։ Մեր ստուդիան պատկանում է Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությանը։ Չնայած մեր բոլոր հաջողություններին, մենք կանգնած ենք լուծարման եզրին։ Անընդհատ փորձեր են արվում փակել ստուդիան, լուծարել։ Մինչեւ հիմա փակ է դեպի ստուդիա տանող մուտքը, ավտոտնակների միջով ենք գնում-գալիս աշխատանքի։ Մեզ հոսանքազրկեցին, 8 ամսում 4 ստուգում անցկացրին…»։ Վլ. Մսրյանն իր խոսքում հորդորեց իշխանություններին՝ տեր կանգնել արվեստին, որը մեր երկրի այցեքարտն է դրսում. «Մենք չէինք սպասում, որ ինչ-որ բան կշահենք, բայց շահեցինք, որովհետեւ լավ պոտենցիալ ունենք։ Տիգրան Խզմալյանը մեր ազգի, հանդիսատեսի համար նոր երեւույթ է։ Նա փորձում է, ուզում է անել ամեն հնարավորը հայ արվեստի համար, պետք է նրան սատար կանգնել»։ «Առավոտը» «Երեւան» ստուդիային սատարելու չնչին լուման է ուզում ներդնել հետեւյալ գովազդով. «Նրանք, ովքեր ուզում են դիտել վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն ֆիլմերից մեկը՝ տխուր հեքիաթ «Պեռլեկին կամ օդից թեթեւը», կարող են իրականացնել իրենց ցանկությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ին՝ Կինոյի տան փոքր դահլիճում»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ