Լրահոս
Օրվա լրահոսը

10

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է 10 տարի է անցել այն օրից, ինչ Զավեն Սարգսյանը, հաղթահարելով բոլոր մանրումեծ խոչընդոտները, իր համբերատարության եւ կամքի շնորհիվ, տառացիորեն ոչնչից, Երեւանի գողտրիկ անկյուններից մեկում ստեղծեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Այսօր արդեն թանգարանը դարձել է Երեւանի փնտրված ու սիրված օջախներից մեկը։ Սա լեզվի սայթաքում չէ, քանզի Փարաջանովի թանգարանում, իրոք, այնպիսի մթնոլորտ է տիրում, կարծես այնտեղ ծխում է իր իսկ՝ Փարաջանովի ձեռքով վառված սիրո կրակը։ Եվ այս ամենը Զավեն Սարգսյանի շնորհիվ, ով իր ժամանակն ու էներգիան է նվիրել աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած փարաջանովյան մասունքները հավաքելու, մեկտեղելու համար։ Արդյունքում. «Սա մի հրաշալի թանգարան է, որ կերազեր ունենալ յուրաքանչյուր մեծ արտիստ, անգամ՝ Պիկասոն կամ Դալին»,- ասում է Փարաջանովի լավագույն ընկերոջ՝ Դ. Քաթանյանի այրին՝ Իննա Գենսը։ Երեկ Փարաջանովի տուն-թանգարանի 10-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված ասուլիսի ժամանակ տիկին Գենսը թանգարանին նվիրեց Փարաջանովի գործերից եւս երկուսը, որոնք «շատ թանկ են ու սիրելի ինձ համար»։ Բացի այդ, նա խոստացավ, որ տանն եղած այն ամենը, ինչ առնչվել է Փարաջանովի հետ (իսկ այդպիսիք շատ են, քանզի Փարաջանովը մեծ նվիրող էր՝ նվիրում էր բոլորին եւ ամեն ինչ), իր մահից հետո կհանձնվի այս թանգարանին. «Ես արդեն կտակել եմ»։ Այս առիթն օգտագործելով, Իննա Գենսը եւ Կորա Ծերեթելին (նա եւ ամուսինը՝ Լեւոն Գրիգորյանը, եղել են Փարաջանովի մտերիմ ընկերներից) ցավով նշեցին, որ քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց ունեցած փարաջանովյան մասունքները անգամ չեն թողնում լուսանկարել, վաճառում են արտերկրում։ Կորա Ծերեթելին վերջերս Սանկտ Պետերբուրգում հրատարակել է «Սերգեյ Փարաջանով։ Խոստովանանք» գիրքը, որում տեղ են գտել ինչպես Փարաջանովի նկարահանած, այնպես էլ թղթի վրա մնացած ֆիլմերի սցենարները, նրա բանտային նամակները, նաեւ՝ գեղանկարների եւ կոլաժների լուսանկարները. «Մարդիկ կային, որ ունեին փարաջանովյան սքանչելի գործեր։ Որքան խնդրեցինք, չթողեցին նույնիսկ նկարել, սլայդ պատրաստել։ Բայց չէ՞ որ դա բոլորիս հարստությունն է»։ Այս առիթով Իննա Գենսը պատմեց, թե ինչպես մի գիշեր Փարաջանովը ներխուժել է Քաթանյանների ննջարան եւ հայտարարել է, որ չի կարող քնել մինչեւ նրանց համար չերգի «Տրավիատան» այնպես, ինչպես կկատարեր հայկական մի գավառական օպերային խումբ. «Եվ նա երգեց մոտ 2 ժամ։ Մենք ուղղակի ցնցվել-ապշել էինք այդ հրաշքից։ Ես անընդհատ մտածում էի՝ ի՜նչ ափսոս է, որ միայն երկուսս կարող ենք այս հրաշքը տեսնել»։ Կորա Ծերեթելին եւ Լեւոն Գրիգորյանը, որ եղել է Փարաջանովի ասիստենտը՝ «Նռան գույնը» (փարաջանովյան տարբերակում ֆիլմը կրել է «Սայաթ-Նովա» անունը) պատմեցին, որ ֆիլմը նկարահանելիս, երեք տարի փնտրել են մի հովանավոր, ով կօգներ վերականգնելու «Սայաթ-Նովան» ամբողջությամբ, քանզի «Նռան գույնը» «Սայաթ-Նովայի» խիստ կտրտած, «բարբարոսաբար կռտած» տարբերակն է։ Բայց՝ ապարդյուն։ Եվ հիմա հայտնվել է մեկը, ով պատրաստ է ցանկացած ներդրման, միայն թե Փարաջանովի «Սայաթ-Նովան» վերակենդանանա։ Խոսքը Վենետիկի կինոփառատոնի տնօրինության անդամ Ռինո Շարետոյի մասին է։ Սակայն Հայֆիլմադարանը՝ Գարիկ Զաքոյանի տնօրինությամբ, կարծես թե մտադիր չէ ընդառաջել այս գործին։ Տարբեր պատճառաբանություններով պրն Զաքոյանը հրաժարվում է տրամադրել ֆիլմի նախնական աշխատանքային նեգատիվը։ Նույն կերպ էլ ժամանակին վարվել է թՏրՒՌսՖՎՈՒՏվՊ-ը որի փոխտնօրենը, պատճառաբանելով, թե չի ընդունում Փարաջանովին որպես ռեժիսոր, անխնամ է վերաբերվել «Սայաթ-Նովայի» օրիգինալի հետ։ Իսկ ֆիլմը կրճատվել է սարսափելի «վայրենաբար». «Բոլոր տիտրերը Փարաջանովը նկարել էր խաչքարերի ֆոնի վրա։ Հանեցին՝ կարմիր ֆոն դրեցին։ Ֆիլմում շատ տեսարաններ կային, որոնք եթե չհանվեին, ֆիլմն ավելի պարզ կլիներ եւ մարդիկ չէին ասի՝ անհասկանալի է։ Իրականում, նախնական տարբերակով, ֆիլմն այդքան անհասկանալի չէր»,- ասաց Լեւոն Գրիգորյանը։ Ամեն դեպքում Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հույսը չի կորցնում, որ բոլոր խնդիրները կհարթվեն եւ վենետիկյան հաջորդ փառատոնին իր ողջ վեհությամբ կներկայացվի Փարաջանովի գլուխգործոցը՝ «Սայաթ-Նովան»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել